Իրավական09:53, 13 Հոկտեմբեր 2016
Թուրքիայում օտարալեզու թերթերի համար օրենքով սահմանափակումներ են սահմանվել
Թուրքիայում հրատարակվող այն թերթերը, որոնք միայն մասամբ են թուրքերեն, այլևս պետական ու պաշտոնական կառույցների հայտարարություններն ու գովազդները հրապարակելու իրավունք չեն ունենա: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ազգային փոքրամասնություններին՝ հայերին, քրդերին, հույներին, հրեաներին պատկանող թերթերին:
Թեմային անդրադարձել է թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի թղթակից Այշե Յըլդըրըմը: Վերջինս նկատել է տալիս, որ արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում ընդունված այս որոշումը 1920-ականներին Թուրքիայում սկիզբ առած «Քաղաքացի, թուրքերեն խոսիր» շարժման մի նոր բռնկումն է:
Յըլդըրըմն իր «Քաղաքացի, թուրքերեն գրիր» խորագրով հոդվածում նշում է, որ Թուրքիայի փոքրամասնություններին պատկանող թերթերը ևս, փաստորեն, դարձան արտակարգ դրության ռեժիմի զոհը:
«Կամ ինձ հետ ես, կամ գրողի ծոցը գնա» սկզբունքով մամուլը միատարր դարձնել ցանկացող իշխանությունների վերջին քայլը եղավ պաշտոնական հայտարարությունների և գովազդների նոր կանոնակարգի հռչակումը, որը դեմ է սահմանադրության հիմնական սկզբունքներին», - գրում է հեղինակը:
Պարզաբանենք, որ նշյալ որոշման շրջանակներում Թուրքիայում լույս տեսնող «Ակոս», «Նոր Մարմարա», «Ժամանակ», «Շալոմ», «Իհո» և այլ հայկական, քրդական, հունական թերթերն այլևս չեն կարող հրապարակել բնակկառավարման վարչության, մամուլում գովազդների գործակալության, տարբեր հասարակական կազմակերպությունների, զանազան հիմնադրամների, ՏԻՄ մարմինների կողմից տրվող հայտարարություններն ու գովազդները:
Որոշումը վերաբերում է նաև անգլերեն լույս տեսնող «Hürriyet Daily News» և «Daily Sabah» և այլ նմանատիպ պարբերականներին:
«Իշխանությունները, որ ցանկանում են մեկ հարվածով մի քանի թռչուն սպանել, այսպիսով պաշտոնականացնում են ձուլման քաղաքականությունը», - գրում է Այշե Յըլդըրըմը:
Նշենք, որ Թուրքիայի փոքրամասնություններին պատկանող թերթերին արգելվել էր պաշտոնական հայտարարություններ հրապարակել դեռևս 1980թ. սեպտեմբերի 12-ի հեղաշրջումից հետո: Սակայն 2011թ. օգոստոսի 28-ին այն ժամանակվա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել էր վերականգնել ոչ թուրքերեն թերթերի այդ իրավունքը:
Ազգային փոքրամասնությունների համայնքների և հիմնադրամների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը վստահեցրել էր, որ օտարալեզու թերթերի՝ պաշտոնական հայտարարություններ հրապարակելու իրավունքը օրինականացնելու համար օրենսդրական փոփոխություններ կկատարվեն: Սակայն այդ փոփոխությունները այդպես էլ չկատարվեցին:
Ընդհակառակը, վերջին որոշմամբ լիովին իրավական հիմքի վրա դրվեց այլալեզու թերթերում պաշտոնական հայտարարություններ և գովազդներ չհրապարակելու միտումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |