Հասարակական12:00, 02 Մայիս 2017
Թուրք վերլուծաբանը «բացահայտում է» գյուլենականների հայկական ծրագիրը

Թուրքական մամուլը և թուրք վերլուծաբաններն իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև սկսված հակամարտությունից հետո շատ հաճախ Գյուլենի և նրա հիմնած համայնքի անունը կապում են հայերի, հայկական հարցի ու սփյուռքի հետ:
Նշենք, որ Գյուլենի և Էրդողանի բացահայտ հակամարտությունը սկսվեց 2013 թվականի դեկտեմբերի 17-ին կոռուպցիոն սկանդալի բացահայտմամբ: Այդ ժամանակ Գյուլենի հետևորդ դատախազների կարգադրությամբ կաշառակերության մեղադրանքով ձերբակալվեցին Էրդողանի կողմնակից ազդեցիկ գործարարներ, նախարարների որդիներ: Գյուլենի անունը կապվեց նաև 2016 թվականի հունիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի հետ: Ըստ թուրքական իշխանությունների և մամուլի՝ հեղաշրջում կատարելու հրաման տվել էր հենց Գյուլենը:
Վերլուծաբան Օրայ Էղինը «FETÖ-ի հայկական սերը» հոդվածում անդրադարձել է պոլսահայ լրագրող «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության և Հայկական հարցում «Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ՝ թուրքական լրատվամիջոցները այսպես են ներկայացնում Գյուլենի հիմնած կառույցը՝ գյուլենական համայնքը) դիրքորոշմանը: Թուրքական «Haberturk» լրատվական կայքում հրապարակված հոդվածում գյուլենականները մեղադրվում են Դինքի սպանությունը կազմակերպելու, իսկ Հայկական հարցում հայերին աջակցելու մեջ: Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը հարցում Գյուլենի հետևորդների դիրքորոշմանը՝ Էղինը նշել է, որ նրանք սոցցանցերում ցեղասպանության մասին գրառումներ են հրապարակել՝ այդ կերպ «տեր կանգնելով» Հայկական հարցին:
Հոդվածի հեղինակը Հայկական հարցում գյուլենականների դիրքորոշմանը հակադրում է Դինքի սպանությունը: Նա գրում է, որ հայ լրագրողի սպանությունը պետական ապարատում պաշտոնավարող գյուլենականների ձեռքի գործն է և որպես այս խոսքերի ապացույց հղում է անում Դինքի գործով կազմված 3-րդ մեղադրականի տեքստին: Ըստ այդ մեղադրականի՝ գյուլենականները սկզբից մինչև վերջ հետևել են սպանությանը, չեն կանխել հանցագործությունը, անգամ մարդասպան Օգյուն Սամասթի հետ բանտում թուրքական դրոշով նկարված ոստիկանները գյուլենական են եղել:
Հեղինակը ցեղասպանության հարցում գյուլենականների դիրքորոշումը «նոր մարտավարություն» է անվանել, որով գյուլենականները մինչև Դինքի գործում իրենց մեղքն ապացուցող նոր մեղադրականի հրապարակումը փորձել են «հայերի բարեկամ» ներկայանալ:
«Որպեսզի քամին իրենց հակառակ չփչի, վաղը մյուս օրը սփյուռքին «Տեսեք, մենք միշտ ձեր բարեկամն ենք եղել» կասեն: Գուցե իրենց շատ խելացի, մեզ էլ հիմար են համարում: Ի՞նչ է, կարծում են՝ այս շինծու մարտավարությունը հնարավոր չէ՞ հասկանալ»,- գրում է Էղինը՝ ընդգծելով, որ Դինքի սպանությունից գլուխները հեշտ չեն ազատելու:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |