Սիրիայում Բաշար Ասադի իշխանափոխությունից հետո Ահմեդ Ալ-Շարայի գլխավորած նոր վարչակազմը փոփոխություններ է կատարել կրթական ծրագրում:
Իսրայելական IMPACT-se կազմակերպության զեկույցի համաձայն՝ 2025-2026 ուսումնական տարվա պատմության նոր դասագրքերից հանվել են Օսմանյան կայսրությունը «օկուպանտ» որակող և թուրքերին թիրախավորող ձևակերպումները։
Նախկին դասագրքերում 1916-1918թթ. արաբական ապստամբությունը ներկայացվում էր որպես «մեծ արաբական ապստամբություն», որի նպատակն էր արաբական հողերն ազատագրել «օսմանյան օկուպացիայից և երիտթուրքերի իշխանությունից»։ Նոր դասագրքերում այն ներկայացվում է որպես «Հուսեյն բին Ալիի ապստամբական շարժում», իսկ նպատակը ձևակերպվում է որպես «արաբական հողերի անջատում Օսմանյան կայսրությունից»։
Փոփոխություններ են կատարվել նաև առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունների նկարագրության մեջ։ Ասադի իշխանության օրոք կիրառվող՝ «ժողովուրդներին թուրքերի բռնապետությունից ազատագրելու» ձևակերպումը փոխարինվել է «օսմանցիներին տարածաշրջանից դուրս մղելու» չեզոք արտահայտությամբ։
Փոփոխություններից ուշագրավ է նաև Հաթայի ներկայացումը քարտեզներում։ Ըստ IMPACT-se-ի զեկույցի՝ նոր դասագրքերում Հաթայը պատկերված է Թուրքիայի սահմաններում։ Զեկույցում սա գնահատվում է որպես Սիրիայի կողմից տարածքային պահանջներից հրաժարվելու նշան։
Աղբյուր՝ Yeni Şafak





