Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վերջին 23 տարիների ընթացքում Թուրքիան զգալի առաջընթաց է գրանցել տնտեսության, պաշտպանության, էներգետիկայի, կրթության և առողջապահության ոլորտներում՝ նշելով, որ երկիրը «կոտրել է սահմանափակումները և հաղթահարել խոչընդոտները»։
Ելույթ ունենալով «Թուրքիայի ձեռներեց գործարարների համադաշնության» (TÜGİK) արտահերթ համագումարում՝ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի տնտեսությունը 2025-ի երրորդ եռամսյակում աճել է 3.7 տոկոսով, իսկ արտահանումը հասել է ռեկորդային ցուցանիշների։ Էրդողանի խոսքով՝ Թուրքիան դարձել է «OECD» երկրների շարքում ամենաարագ աճող տնտեսություններից մեկը։
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ պաշտպանական արդյունաբերության արտադրանքը մեծ պահանջարկ ունի աշխարհում, իսկ գործազրկությունը շուրջ 3 տարի պահպանվում է մեկանիշ մակարդակում։ Նա խոստացել է շարունակել երիտասարդների զբաղվածության ծրագրերը և աջակցությունը գործարարներին ու արտադրողներին։
Էրդողանը վստահեցրել է, որ Թուրքիան հաղթահարելու է տնտեսական դժվարությունները և առաջիկա տարիներին կշարունակի ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում և աշխարհում՝ «Թուրքիայի դարի» նպատակների շրջանակում։
Աղբյուր՝ Trt Haber









