Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ, պատգամավոր Դենիզ Յավուզյըլմազը հայտարարել է, որ «Աքքույու» ատոմակայանի նախագծից Ռուսաստանի զուտ շահույթը կազմելու է միլիարդավոր դոլարներ։
Ընդդիմադիր պատգամավորի հրապարակած հաշվարկների համաձայն՝ նախագծի ընդհանուր ծախսը գնահատվում է շուրջ 27.3 մլրդ դոլար, մինչդեռ շահագործման ամբողջ ընթացքում Ռուսաստանի եկամուտը հասնելու է ավելի քան 207 մլրդ դոլարի, ինչի արդյունքում մաքուր շահույթը կազմելու է ավելի քան 180 մլրդ դոլար։
Նա նաև նշել է, որ այդ շահույթը ներկայիս փոխարժեքով համարժեք է մոտ 7.7 տրիլիոն թուրքական լիրայի, և քննադատել է կառավարությանը՝ նախագիծը տեղական ու ազգային ներկայացնելու համար՝ ընդգծելով, որ տնտեսական բեռը հիմնականում ընկնում է Թուրքիայի վրա։
Հիշեցնենք, որ Մերսին նահանգում «Աքքույու» ատոմակայանը Թուրքիայի «Միջուկային կարգավորման կազմակերպության» (NDK) թույլտվությամբ կառուցվում է «Росатом»-ի և թուրքական «Akkuyu Nükleer» ՓԲԸ-ի կողմից:
Աղբյուր՝ Kronos









