Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկիրը «Հյուսիսատլանտյան դաշինքում» (ՆԱՏՕ) ունի 2-րդ ամենամեծ բանակը: Գերատեսչության հաղորդմամբ՝ 1952-ին «ՆԱՏՕ»-ին միացած Թուրքիան ակտիվ մասնակցություն ունի ոչ միայն ռազմական, այլև որոշումների կայացման գործընթացներում՝ ստանձնելով կարևոր պարտավորություններ դաշինքի պաշտպանական և զսպման քաղաքականության շրջանակում։
Նշվում է նաև, որ Թուրքիայի Սևծովյան ռազմավարության հիմքում Մոնտրոյի կոնվենցիան և «տարածաշրջանային սեփականության» սկզբունքն են, որոնք, ըստ պաշտոնական Անկարայի, նպաստել են տարածաշրջանում լարվածության զսպմանը։ Բացի այդ, ընդգծվել է, որ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ընթացքում Թուրքիան կիրառել է Մոնտրոյի դրույթները՝ կանխելով ծովային լարվածության սրումը։
Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը նաև տեղեկացրել է, որ Թուրքիայում շարունակվում են «ՆԱՏՕ»-ի շրջանակում բազմազգ կորպուսի շտաբի ստեղծման աշխատանքները, իսկ Սև ծովում նախատեսվող համատեղ ուժերի (CTF-Black) հրամանատարությունը մինչև 2028 թվականը ստանձնելու է Թուրքիան։ Միևնույն ժամանակ նախարարությունը կոչ է արել չվստահել զինված ուժերին վերաբերող ապատեղեկատվական հայտարարություններին՝ նշելով, որ տեխնիկական ուսումնասիրություններն իրականացվում են թափանցիկ կերպով և դրանց արդյունքների մասին հասարակությունը պատշաճ կերպով տեղեկացվում է:
Աղբյուր՝ Kamudan Haber










