Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացված միջոցառման ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ երկրի արտաքին քաղաքականության հիմնական առանձնահատկությունը հետևողականությունն է։
«Ինչ սկզբունքով մոտենում ենք մեկ հարցի, նույն սկզբունքով մոտենում ենք նաև մյուսներին»,– նշել է նա՝ ընդգծելով, որ Թուրքիան արտաքին քաղաքականությունում առաջնորդվում է նույն արժեքներով տարբեր ճգնաժամերի դեպքում։
Ֆիդանը նաև անդրադարձել է Գազայի հատվածում տեղի ունեցող զարգացումներին՝ նշելով, որ Թուրքիան դիվանագիտական ճնշում է գործադրում ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Նրա խոսքով՝ Անկարան աջակցում է նաև Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում հրադադարի հաստատմանը։
Նախարարը կարևորել է միջազգային հարաբերություններում սկզբունքայնությունը՝ ընդգծելով, որ ինչպես Հոլոքոստը, այնպես էլ Գազայում տեղի ունեցող բռնությունները դատապարտելի են, և դրանց նկատմամբ երկակի մոտեցումն անընդունելի է։ Ֆիդանը հավելել է, որ Թուրքիան ձգտում է դառնալ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովող ուժ՝ կոչ անելով տարածաշրջանի երկրներին ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել սեփական խնդիրների լուծման հարցում։
Աղբյուր՝ Trt Haber










