Հունաստանում գործող «Europost» հրատարակությունը եվրոպական երկրների և Անկարայի միջև անվտանգության և պաշտպանության հարցերում խորացող համագործակցությունը որակել է որպես «նոր և դաժան իրականություն» Հունաստանի համար: Նշվել է, որ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ ԱՄՆ-ի՝ Եվրոպայից աստիճանաբար հեռանալու հետևանքով ստեղծված դատարկությունը լցվում է Թուրքիայի կողմից:
Այս իրավիճակը եվրոպական երկրներին դրդել է ավելի սերտորեն համագործակցել Անկարայի հետ՝ ամրապնդելով Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքը ավելի, քան երբևէ: Մեջբերվել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի խոսքերը, ըստ որի՝ Թուրքիան այլևս միայն տարածաշրջանային դաշնակից չէ, այլ նաև ճանաչվում է որպես եվրոպական անվտանգության հիմնական դերակատար: Նշվել է նաև, որ Անկարայի ռազմական ուժը և դիվանագիտական մանևրների կարողությունները փոխել են հավասարակշռությունը ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում:
Հունական մամուլը գրում է, որ էրդողանական Թուրքիան ամրապնդել է իր դերը որպես միջնորդ միջազգային ճգնաժամերում՝ հանդես գալով որպես միակ «կամրջող երկիր», որը կարող է երկխոսություն սկսել ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի և Իրանի նման երկրների հետ։ Իսկ Աթենքի համար սկսվել է մարտահրավերներով լի ժամանակաշրջան. նշվում է, որ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի նման երկրների և Անկարայի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը Եվրոպայի պաշտպանական ինքնավարության ձգտման մեջ կարող է թուլացնել Աթենքի բանակցային ուժը։
«Տարածաշրջանային հավասարակշռությունների արագ փոփոխությունը Թուրքիայի օգտին Հունաստանի համար անհրաժեշտություն է դարձրել լինել ավելի զգույշ և որդեգրել ռազմավարական մոտեցում»։
Աղբյուր՝ TRT Haber









