Այսօր արհեստական բանականությունը (ԱԲ) գրավել է ամբողջ աշխարհը: վերջին տարիներին լայն թափ ստանալով՝ դարձել Է ամենից արագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից մեկը։ Այն արդեն օգտագործվում է գրեթե բոլոր ոլորտներում ու այդ տեխնոլոգիական զարգացումներից անմասն չի մնացել նաև Թուրքիան:
Թուրքիան ունի արհեստական բանականության մեծ շուկա ու բացի գործարար աշխարհից, թուրքական հասարակությունում աճում է արհեստական բանականության տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրությունը։
Թուրքիայում արհեստական բանականության կիրառման մակարդակը ս.թ. ապրիլի դրությամբ հասել է 61%-ի և մեծամասամբ երիտասարդներն են ամենաշատը հակված կիրառելու այն։ 16-24 տարիքային խմբի գրեթե 40%-ն ակտիվորեն օգտագործում է արհեստական բանականության գործիքներ, մինչդեռ 25-34 տարիքային խմբի համար այս մակարդակը կազմում է 30%։ 65 տարեկանից բարձր մարդկանց մոտ կիրառման ցուցանիշը 1%-ից էլ պակաս է։
Ըստ Թուրքիայի վիճակագրական կոմիտեի (TÜİK) 2025-ի հրապարակած տվյալների՝ արհեստական բանականության գործիքներ առավել շատ օգտագործում են տղամարդիկ, որոնց ցուցանիշը կազմում է 19.4, իսկ կանանցը՝ 18.8%-ը։
Թուրքիայում արհեստական բանականություն օգտագործողների 80%-ն այն մեծամասամբ օգտագործում է անձնական նպատակներով, իսկ գործնական նպատակներով օգտագործողների ցուցանիշը կազմում է 34%։ Ըստ Թուրքիայում անցակցված վերջին հետազոտությունների՝ Թուրքիայում օգտատերերը միջինում օգտագործում են 5 տարբեր արհեստական բանականության հավելված։ Ամենաշատ կիրառվող 5 հավելվածների թվում առաջինը «ChatGPT»-ին է։ Նրան հաջորդում է «Yandex yazeka»-ն, որը հիմնականում նախատեսված է թուրքական շուկայի համար։Նրա «Yazeka» անունը առաջացել է թուրքական «Yapay Zeka» («Արհեստական բանականություն») և Yandex բառերի միավորումից ու այն հարմարեցված է թուրքալեզու միջավայրին։ Նրան հաջորդում են «Gemini»-ին, «DeepSeek»-ը և «Grok»-ը։
Անցկացված սոցհարցումներից մեկի ընթացքում հարցվածների 81%-ը նշել է, որ նախորդ տարվա համեմատ արհեստական բանականության գործիքներ սկել են օգտագործել ավելի հաճախ։ Դրա կիրառումը Թուրքիայում դադարել է նորարարություն լինելուց և դարձել է ամենօրյա անհրաժեշտություն ու ըստ 2025-ի տվյալների՝ Թուրքիայում յուրաքանչյուր հինգերորդ մարդ օգտագործում է արհեստական բանականության գործիքներ։
Արհեստական բանականության ոլորտում Թուրքիան ներկայումս դասվում է 3-րդ լիգային, որտեղ ընդգրկված են Հարավային Կորեան, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Առաջին լիգայում ընդգրկված են ԱՄՆ-ն ու Չինաստանը, իսկ 2-րդ լիգայում՝ Միացյալ Թագավորությունը, Կանադան ու Ճապոնիան։ Սա ցույց է տալիս, որ Թուրքիան համարվում է արհեստական բանականության ոլորտում զարգացող և արագ առաջընթաց գրանցող երկրներից մեկը։
2025-ի դրությամբ արհեստական բանականության կիրառությունը Թուրքիայում արագորեն զարգանում է բազմաթիվ ոլորտներում՝ հատկապես կրթության, առողջապահության, ռազմարդյունաբերության, բանկային գործի և այլ ոլորտներում։ Այսպիսով, ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգտագործվում Թուրքիայում և ո՞ր ոլորտներում է այն ավելի ակնառու։
Արհեստական բանականությունը լայն կիրառում ունի ռազմարդյունաբերության ոլորտում հատկապես անօդաչու թռչող սարքերին կցվելով այն օգնում է ավելի արագ հայտնաբերել թիրախները և վերլուծել պատկերները։ Այն նաև օգտագործվում է կիբերանվտանգության մեջ՝ հարձակումների հայտնաբերման և համակարգերի պաշտպանության համար։ Կիբերանվտանգության ոլորտում ԱԲ-ն հայտնաբերում է ակտիվությունը ռազմական ցանցերում, վաղ փուլում կանխատեսում է հնարավոր կիբերհարձակումները և կարող է ակտիվացնել ավտոմատացված պաշտպանական մեխանիզմներ։
ԱԲ-ն լայնորեն կիրառվում է առողջապահության ոլորտում հատկապես ախտորոշման գործընթացում։ Մասնավորապես հիվանդանոցներում օգտագործվող որոշ համակարգեր օգնում են բժիշկներին արհեստական բանականության օգնությամբ վերլուծել ռենտգենի և ՄՌՏ պատկերները։ Մեկ այլ ոլորտում, օրինակ՝ անվտանգության գլխավոր վարչությունում և ոստիկանությունում լայնորեն կիրառվում են դեմքի ճանաչման և տվյալների վերլուծության համակարգեր, ինչպես նաև համարանիշների ճանաչման տեխնոլոգիաներ։ Անվտանգության տեսախցիկներում ինտեգրված արհեստական բանականության միջոցով իրականացվում են համապատասխան գործողություններ։
Թուրքիայի բանկերը ևս ակտիվորեն օգտագործում են արհեստական բանականության համակարգեր՝ վարկային ռիսկը վերլուծելու և խարդախությունը նախապես հայտնաբերելու համար։ Ավելին, հաճախորդների սպասարկումը տրամադրվում է չաթբոտների միջոցով՝ 24/7 ռեժիմով։
ԱԲ համակարգերը կիրառվում են նաև երթևեկության օպտիմալացման համար։ Օրինակ՝ Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում, ստեղծվել են արհեստական բանականության վրա հիմնված խելացի ազդանշանային համակարգեր՝ քաղաքային երթևեկության հոսքն ավելի արդյունավետ կառավարելու համար։ Այս համակարգերի շնորհիվ կանաչ լույսի տևողությունը կարող է ավտոմատ կերպով կարգավորվել՝ ըստ երթևեկության խտության։
Ամփոփելով նշենք , որ Թուրքիան վերջին տարիներին փորձում է դառնալ տարածաշրջանային տեխնոլոգիական և AI կենտրոն՝ հատկապես Մերձավոր Արևելքի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար։ Դրա համար ակտիվորեն զարգացնում է AI startup-ները, իրականացնում է միջազգային տեխնոլոգիական միջոցառումներ, ներգրավվում է օտարերկրյա մասնագետների ու խրախուսում է ներդրումները։ Նշենք, որ 2026-ի դրությամբ Թուրքիայում AI startup-ների՝ արհեստական բանականության ոլորտում գործող նորարարական ընկերությունների թիվը հասել է շուրջ 482-ի և դրանք հիմնականում գործում են Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում և Բուրսայում։ Եթե դա Թուրքիային հաջողվի, ապա այդ դեպքում կդառնա տեխնոլոգիական ազդեցության կենտրոն Կովկասի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների համար՝ ձևավորելով իր տեխնոլոգիական «փափուկ ուժը»։ Դրա հետ մեկտեղ կնվազեցնի կախվածությունն արևմտյան ԱԲ տեխնոլոգիաներից ու հանդես կգա սեփական լուծումներով ու մոդելներով։
Հեղինակ՝ Անի Գալստյան
Աղբյուր՝ Ermenihaber.am










