Վերջին տարիներին Թուրքիան և Եգիպտոսը փորձում են կարգավորել տասնամյա քաղաքական ճգնաժամը ու վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, որոնց հիմքերը դրվել էին դեռևս 1925-ին։ Համագործակցությունը հատկապես ակտիվ է եղել 1981-2011-ին՝ Հուսնի Մուբարաքի նախագահության օրոք։ Այդ շրջանում Թուրքիայի հետ զարգացել էին հատկապես տնտեսական և քաղաքական հարաբերությունները։
2010-ի վերջին ամիսներին Թունիսում սկսված և Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի տարբեր երկրներ տարածվող բողոքի ալիքը, որը հայտնի է որպես «Արաբական գարուն», ազդեց նաև Եգիպտոսի վրա, որտեղ սկսվեցին զանգվածային բողոքի ցույցեր։
Դրանք հիմնականում կենտրոնացած էին Կահիրեի Թահրիր հրապարակում ու հանգեցրին Մուբարաքի հրաժարականին՝ 2011-ի փետրվարին՝ ավարտելով նրա շուրջ 30-ամյա իշխանությունը։ Դրանից հետո Եգիպտոսում սկսվեց քաղաքական անցումային շրջան, որի ընթացքում «Մուսուլման եղբայրներ» շարժումը դարձավ երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը։ Նշենք, որ «Մուսուլման եղբայրներ» շարժումը համարվում է իսլամական հասարակական-քաղաքական շարժում և նրանք հասարակական և քաղաքական կյանքում մեծ կարևորություն էին տալիս իսլամական արժեքներին։ Թուրքիան էլ իր հերթին էր կիսում այդ գաղափարական ու քաղաքական ընդհանրությունները։
2012-2013-ին Թուրքիա-Եգիպտոս հարաբերություններն ավելի սերտացան։ Դա կապված էր շարժման քաղաքական թևի՝ «Ազատություն և արդարություն» կուսակցության թեկնածու Մոհամեդ Մորսի իշխանության գալու հետ, ում կառավարությանն Անկարան աջակցում էր։ Հարաբերությունները կտրուկ վատթարացան, երբ Եգիպտոսի Թահրիրի հրապարակում սկսվեցին զանգվածային բողոքի ցույցեր կապված խորացող սոցիալ-տնտեսական հարցերի հետ ու այդ ցույցերի ֆոնին պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի գլխավորությամբ, հեռացրին Մորսիին իշխանությունից։ Դրանից հետո «Մուսուլման եղբայրներ» շարժման գործունեությունն արգելվեց, իսկ թուրք-եգիպտական հարաբերությունները վատացան։
Թուրքիան շատ կոշտ կերպով ու ամենաբարձր մակարդակով դատապարտեց Մուհամեդ Մորսիի տապալումը՝ այն որակելով որպես ռազմական հեղաշրջում։ Այդ ողջ ընթացքում Էրդողանի արտաքին քաղաքականության խորհրդանիշը դարձավ «Ռաբաա» ժեստը, որը Մորսիի և «Մուսուլման եղբայրներ» շարժման կողմնակիցների խորհրդանիշն է։ Դրանով Էրդողանը ցուցադրաբար մերժում էր Սիսիի իշխանությանը և հրապարակայնորեն աջակցություն էր հայտնում Մորսիի կողմնակիցներին։ Որոշ ժամանակ անց Էրդողանն այս ձեռքի ժեստը ձևակերպել է «Մեկ պետություն, մեկ դրոշ, մեկ հայրենիք, մեկ ազգ» կարգախոսով։

Սիսիի վարչակազմը խնդրեց Թուրքիային չմեկնաբանել իր ներքին գործերը ու դադարեցնել այն գործողությունները, որոնք միտված են Մորսիի իշխանության վերականգնմանը։ Դրանից հետո երկու երկրների դեսպանները հետ կանչվեցին, դիվանագիտական ներկայացչության մակարդակը հասցվեց գործերի ժամանակավոր հավատարմատարների մակարդակի։
Հազարավոր եգիպտացի իսլամիստներ, ակտիվիստներ և շարժման առաջնորդներ տեղափոխվեցին Թուրքիա (հատկապես Ստամբուլ)։ Եգիպտոսի կառավարությունը բազմից է հանդես եկել կոչերով, որպեսզի Ստամբուլում դադարեցվի «Մուսուլման եղբայրների» գործունեությունը։ Այնուհանդերձ, Թուրքիան նրանց տրամադրում էր բնակության իրավունք, իսկ շատերին՝ նույնիսկ Թուրքիայի քաղաքացիություն։ Անկարան թույլտվություն և ֆինանսավորում տրամադրեց «Մուսուլման եղբայրների» կողմից Ստամբուլից հեռարձակվող մի քանի արաբալեզու հեռուստաալիքների ( Al-Sharq, Mekameleen) և լրատվամիջոցների։ Այս մեդիա հարթակները կոշտ քննադատության էին հնչեցնում Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի վարչակազմի հասցեին՝ փորձելով հանրային դժգոհություն բորբոքել Եգիպտոսի ներսում։ Փաստացի քարոզչություն էր տարվում Սիսիի վարչակազմի դեմ ու դրանում Թուրքիան անթաքույց աջակցություն էր տրամադրում։
Չնայած դիվանագիտական ճգնաժամին՝ երկու երկրներն էլ փորձեցին պահպանել առևտրատնտեսական կապերը։ 2013-ին երկու երկրների առևտրաշրջանառությունը կազմում էր շուրջ 4-5 մլրդ դոլար, իսկ 2018-2020-ն ընկած ժամանակահատվածում՝ ավելի քան 6 մլրդ դոլար։ Թուրքիան Եգիպտոս էր արտահանում հիմնականում մեքենաներ և սարքավորումներ, տեքստիլ արտադրանք ու քիմիական ապրանքներ, իսկ Եգիպտոսը Թուրքիա էր արտահանում հեղուկացված բնական գազ, պլաստմասսե իրեր ու մետաղներ։
Բացի երկկողմ հարաբերություններում ստեղծված իրավիճակից, կողմերը լարված հարաբերություններ ունեին նաև Լիբիայում ու Արևելյան Միջերկրականում։ Լիբիայում Թուրքիան աջակցում է Տրիպոլիի կառավարությանը, իսկ Եգիպտոսը՝ Արևելյան Լիբիայի ուժերին (գեներալ Հաֆթարին)։ Նշենք, որ Լիբիան սահմանակից է Եգիպտոսին ու նրա անվտանգային շահերից է բխում Լիբիայում անդորրը։ Եգիպտոսը մտավախություններ ունի, որ «Մուսուլման եղբայրները» Լիբիան կօգտագործեն որպես բազա՝ Եգիպտոսում ահաբեկչություններ իրականացնելու ու ներքին պառակտումներ մտցնելու համար։
Իսկ Արևելյան Միջերկրանում իրավիճակը լրիվ այլ է՝ կապված ծովային սահմանների և գազային նախագծերի շուրջ մրցակցության հետ։ Գազի հանքավայրերի և սահմանների հարցում Եգիպտոսը, Հունաստանը, Կիպրոսն ու Իսրայելը միավորվել էին և ստեղծել «Արևելյան Միջերկրական ծովի գազի ֆորումը» (EMGF)՝ Անկարային թողնելով խաղից դուրս։ Թուրքիան էլ 2019-ի նոյեմբերին Լիբիայի հետ ստորագրեց ծովային իրավասության համաձայնագիր։ Այս զարգացումներն ավելի խորացրին Անկարայի և Կահիրեի քաղաքական տարաձայնությունները։
Թուրքիայի համար ակնհայտ դարձավ, որ այս դաշինքը խաթարելու միակ ձևը դրա առանցքային անդամներից մեկի՝ մասնավորապես Եգիպտոսի հետ լեզու գտնելն է։ Նշենք, որ Թուրքիան լարված հարաբերություններ ունի թե՛ Հունաստանի, և թե՛ Իսրայելի հետ ու ամենահարմարն այդ պարագայում Եգիպտոսի հետ հարաբերությունների վերականգնումն էր։ Եգիպտոսը հեղուկացված բնական գազի պաշարներ (LNG) է արտահանում, իսկ Թուրքիան այդ գազի մեծ սպառողն է և տարանցիկ երկիր է դեպի Եվրոպա։ Բացի այդ, Թուրքիայի հետ ծովային սահմանների հնարավոր համաձայնությունները կարող են Եգիպտոսին ավելի մեծ տնտեսական գոտի ապահովել Միջերկրական ծովում, քան առաջարկում էր Հունաստանը։
Երկրների միջև այս լարվածությունը պահպանվեց մինչև 2020ը։ Սկսեցին նկատվել փոխադարձ դրական քայլեր, նշմարվեց, որ երկրների հետախուզական ծառայությունները շփումներ ունեն։ Դրան հաջորդեց այն, որ Անկարան և Կահիրեն փոխադարձ ժեստեր արեցին և սկսեցին դադարեցնել միմյանց խոչընդոտելը միջազգային կազմակերպություններում։ 2020 -ին Թուրքիան հանեց ՆԱՏՕ-ի նիստերին Եգիպտոսի մասնակցության վրա իր վետոն։ 2021-ի մարտին պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասելով՝
«Եգիպտոսի հետ մենք ունենք շփումներ թե՛ հետախուզության, թե՛ արտգործնախարարության մակարդակով։ Կարգավորումն ընթանում է քայլ առ քայլ»։
Դրան ի պատասխան Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին էլ նշել է, որ լիակատար կարգավորման համար անհրաժեշտ է իրական փոփոխություն տեսնել Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ:
«Եթե մենք տեսնենք Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ իրական փոփոխություն, որը կհամապատասխանի Եգիպտոսի քաղաքականությանը՝ տարածաշրջանը կայունացնելու ուղղությամբ, դա կարող է հիմք հանդիսանալ հարաբերությունների կարգավորման համար»,- նշել էր նա:
Թուրքիայի առաջին ազդակներին Կահիրեն պատասխանում էր, որ «միայն հայտարարությունները բավարար չեն» և պահանջում էր Անկարայից կոնկրետ գործողություններ։ Մասնավորապես դադարեցնել հակաեգիպտական քարոզչությունը Ստամբուլից, չմիջամտել Եգիպտոսի ներքին գործերին և հաշվի նստել Լիբիայում Եգիպտոսի շահերի հետ։
Միայն այն բանից հետո, երբ Թուրքիան կատարեց այս պայմանները, Եգիպտոսը պաշտոնապես ընդունեց թուրքական պատվիրակություններին, ինչն էլ ի վերջո հանգեցրեց Էրդողան-Սիսի հանդիպմանը։
Սա ազդարարեց, որ երկրները պատրաստ են կարգավորել հարաբերությունները։ Կարգավորման նախաձեռնությունների շրջանակում 2021 թվականի մայիսի 5-6-ը և սեպտեմբերի 7-8-ը արտաքին գործերի փոխնախարարների մասնակցությամբ անցկացվել են քաղաքական խորհրդակցությունների երկու փուլով՝ առաջինը՝ Կահիրեում, իսկ երկրորդը՝ Անկարայում։
2022-ի նոյեմբերին Ինդոնեզիայում կայացած «G-20» գագաթնաժովի ժամանակ Էրդողանը Եգիպտոսի և Սիրիայի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին ի պատասխան, հայտնել էր.
«Քաղաքականության մեջ հավերժական դժգոհություն, վիրավորված զգացմունքներ կամ վրդովմունք չկա։ Երբ ժամանակը գա, դուք կարող եք նստել, գնահատել և համապատասխանաբար թարմացնել իրավիճակը։ Որպես Թուրքիա, մենք կարող ենք վերանայել մեր հարաբերությունները այն երկրների հետ, որոնց հետ մենք ներկայումս դժվարություններ ունենք այս հարցերում»։
Կարգավորման գործընթացը թափ է ստացել երկու երկրների նախագահների հանդիպմամբ, որը կայացել էր 2022 -ի նոյեմբերի 20-ին Կատարում՝ աշխարհի առաջնության շրջանակներում։ Հանդիպումը նշանավորվել էր Էրդողանի ու Սիսիի ձեռքսեղմամբ, ինչը համարվեց կարևոր քայլ երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում։


Կատարից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Էրդողանը մեկնաբանել էր հանդիպումը՝ ասելով. «Թուրք ազգի և եգիպտացի ժողովրդի միջև անցյալի միասնությունը շատ կարևոր է մեզ համար։ Ինչո՞ւ չպետք է այն նորից սկսվի։ Մենք դրա համար ազդանշաններ ենք տվել»։
Կողմերի միջև մինչ օրս ընթանում են ակտիվ շփումներ, 2023-ի հուլիսին Թուրքիան և Եգիպտոսը պաշտոնապես վերականգնեցին դեսպանների մակարդակով դիվանագիտական հարաբերությունները։ Երկրները զարգացնում են համագործակցությունը տնտեսական, էներգետիկ և ռազմարդյունաբերության ոլորտներում։ Հարաբերությունները հասել են այն մակարդակին, որ 13 տարվա դադարից հետո Միջերկրական ծովի արևելյան հատվածում համատեղ ռազմածովային զորավարժություն են անցկացրել։ Դա վկայում է այն մասին, որ Անկարան ձգտում է պահպանել ուժերի հավասարակշռությունը Արևելյան Միջերկրականում։
Կարող ենք նշել, որ Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունների կարգավորումը պայմանավորված է Թուրքիայի արտաքին քաղաքականության ընդհանուր ընկալման մեջ նկատվող փոփոխություններով։ Թուրքիան հաշվի առավ, որ «Մուսուլման եղբայրներ» շարժումն այլևս չունի նախկին քաղաքական ազդեցությունը Եգիպտոսում։ Վերաձևավորվող աշխարհում ու փոփոխվող տարածաշրջանային պայմաններում առաջնահերթ դարձավ Կահիրեի հետ հարաբերությունների վերականգնումը Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության, տնտեսական շահերի և էներգետիկ նպատակների համար։
Հեղինակ՝ Անի Գալստյան
Աղբյուր՝ Ermenihaber.am





