Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը անդրադարձել է ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերին և ամերիկյան F-35 կործանիչների ծրագրին վերաբերող հարցերին։
Թուրքիայի խորհրդարան ներկայացված գրավոր հարցապնդումներին պատասխանելով՝ Գյուլերը հայտարարել է, որ երկու հարցերի շուրջ դիվանագիտական շփումները շարունակվում են։
Նախարարը նշել է, որ Ռուսաստանի կողմից ձեռք բերված S-400 համակարգերի պատճառով ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35 ծրագրից հեռացնելուց հետո երկու երկրների միջև վերսկսված բանակցությունները շարունակվում են։ Նա նաև անդրադարձել է հանրային քննարկումներում շրջանառվող մի շարք պնդումների՝ նշելով, որ S-400 համակարգերը երրորդ երկրի փոխանցելու հնարավորությունը ևս քննարկվող տարբերակների թվում է։
Գյուլերը հայտնել է, որ վերջին շրջանում Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ռազմական և քաղաքական ոլորտներում ձևավորվել է ավելի կառուցողական երկխոսության մթնոլորտ։
Նրա խոսքով՝ կան անցյալից ժառանգված մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ոչ միայն երկու երկրներին, այլև տարբեր դերակատարների շահերին։ Այդ խնդիրների լուծման համար կողմերը քննարկում են տարբեր տարբերակներ՝ փոխըմբռնման շրջանակում։
Գյուլերի պնդմամբ՝ Թուրքիայի պաշտպանական քաղաքականությունը ձևավորվում է ոչ միայն ներկայիս անվտանգության կարիքների, այլև ապագայում հնարավոր սպառնալիքների հաշվառմամբ։
Նա նաև նշել է, որ պաշտպանական ծրագրերը մշակվում են համապարփակ վերլուծությունների հիման վրա, իսկ այդ աշխատանքներն իրականացվում են մասնագետների կողմից՝ մեծ ուշադրությամբ և մանրակրկիտ մոտեցմամբ։
Աղբյուր՝ Ermenihaber.am




