Թուրքիայի իշխանություններն ակտիվացրել են քրդական հարցի կարգավորման և «շրջանակային նախագծի» թեման՝ այս գործընթացում ներգրավելով նաև ազգայնական ուժերի առաջնորդ Դևլեթ Բահչելիին։ Անկարան փորձում է քրդական հարցը դարձնել կառավարելի, սակայն զինաթափման և իրավունքների ճանաչման շուրջ առկա տարաձայնությունները գործընթացը մտցրել են փակուղի։
Ո՞րն է Անկարայի իրական շարժառիթն այս փուլում. սա ներքաղաքական խա՞ղ է, թե՞ արտաքին անվտանգային սպառնալիքների չեզոքացման փորձ։ Ինչպիսի՞ն է Աբդուլահ Օջալանի լեգիտիմությունն ու դերը քրդական շարժման տարբեր թևերի համար, և արդյո՞ք հնարավոր է նրա կարգավիճակի փոփոխություն։ Ինչպե՞ս են աշխարհաքաղաքական շահերը, ԱՄՆ-ի ու Իսրայելի հաշվարկներն ու Իրանի գործոնն ազդում Սիրիայի և Թուրքիայի քրդերի ճակատագրի վրա։ Այս և այլ հարցերի շուրջ Ermenihaber.am-ի թղթակից Անդրանիկ Տեր-Կարապետյանը զրուցել է ՀՀ ԳԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։
– Պրն Սաֆրաստյան, Թուրքիայի իշխանությունն այժմ ակտիվացրել է քրդական հարցի կարգավորման և մասնավորապես շրջանակային նախագծի թեման: Ձեր գնահատմամբ՝ ո՞րն է Անկարայի իրական շարժառիթը հենց այս փուլում. սա ներքաղաքական հաշվա՞րկ է, թե՞ արտաքին-տարածաշրջանային անվտանգային սպառնալիքների չեզոքացման փորձ:
– Տեսեք, իմ կարծիքով այստեղ մի քանի հանգամանք է կարևոր: Փաստորեն հիմա խոսքը գնում է նրա մասին, որ իշխանությունները մի կողմից փորձ են անում քրդական հարցը դարձնել կառավարելի իշխանությունների համար: Իսկապես Դուք ճիշտ նշեցիք, որ հիմա, կարծես թե, այս փուլում ամենակարևորը դարձել է սահմանափակ շրջանակային օրենքի հետ կապված խնդիրների լուծումը: Սա, իհարկե, բխում է իշխանությունների քաղաքականությունից, որոնց նպատակն է, ինչպես ասացի, կառավարելի դարձնել քրդական հարցը Թուրքիայում: Միանշանակ, դեռևս վաղ է այսպես ենթադրություններ անել, վերլուծություններ անել, թե իշխանությունների այս քաղաքականությունը որքանով կհասնի իր նպատակներին:
Կա մի հանգամանք, որը ևս շատ հետաքրքիր է ինձ: Փաստորեն քրդական հարցի և PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն/ՔԲԿ) հետ կապված այս ողջ գործընթացը կապվում է, այսպես ասած, ծայրահեղական ազգայնական կուսակցության՝ MHP-ի (ԱՇԿ) ղեկավար Դևլեթ Բահչելիի անվան հետ: Սա կարևոր հանգամանք է: Կարևոր հանգամանք է այն առումով, որ քրդական հարցը կառավարելի դարձնելու իշխանությունների քաղաքականությունը, որը ենթադրում է որոշակի զիջումներ իշխանությունների կողմից, չի արժանանա ծայրահեղ ազգայնամոլական շրջանակների բացասական մոտեցմանը, որովհետև, ամեն ինչ տեղի է ունենում նրանց կողմից ամենահարգված առաջնորդի նախաձեռնությամբ:
Այնպես որ, ես կարծում եմ, որ դեռևս վաղ է խոսել, թե այս գործընթացը քրդական հարցի լուծման գործընթաց է: Սա, ինչպես ասացի, քրդական հարցը որոշակի առումով կառավարելի դարձնելու ձգտման արտահայտումն է իշխանությունների կողմից և որի հեռանկարները դեռևս շատ են՝ իմ կարծիքով։
– Իմրալը կղզուց PKK-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլահ Օջալանի հնչեցրած կոչերն ու ուղերձները որքանո՞վ են այսօր լեգիտիմ և պարտադիր քրդական շարժման տարբեր թևերի համար (PKK-ի ռազմական թև, Սիրիայի քրդեր):
– Իմ ընկալումը հետևյալն է: Առաջինը, որ իսկապես Օջալանը շատ զարմանալի կերպով դարձել է այս գործընթացի կենտրոնական դեմքը։ Գործը հասել է նույնիսկ նրան, որ վերջերս Բահչելին առաջարկել է ստեղծել հատուկ գրասենյակ, որը պետք է զբաղվի այս բոլոր խնդիրնեով, իսկ Օջալանին, ըստ էության, նախատեսում է տեսնել որպես այդ գրասենյակի ղեկավար: Այսինքն, Օջալանը սկսում է դիտարկվել որպես այս գործընթացի կենտրոնական դեմք: Սա, իհարկե, վկայում է այն մասին, որ Թուրքիայի իշխանությունները Օջալանի հետ հատուկ հույսեր են կապում այս գործընթացն իրականացնելու առումով, իսկ սա իր հերթին հանգեցնում է նրան, որ Օջալանի դիրքերը, որոնք, կարծես թե, մի պահ «PKK»-ի շրջանակների մոտ թուլացել էին՝ երկար ժամանակ բանտում մեկուսացված լինելու պատճառով, նոր հնարավորություն են ստանում հետագայում ուժեղանալու հարցում: Դա մեկ:
Երկրորդը՝ կապված Սիրիայի հետ: Այո, Սիրիայում քրդական խնդրի հետ կապված անորոշությունները շատ ավելի մեծ են, քան Թուրքիայում: Դա, իհարկե, ազդում է ընդհանուր գործընթացի վրա: Եթե հիմնականում դատենք թուրքական մամուլի հրապարակումներից կան նշաններ, որ Սիրիայի քրդական խնդիրն այս գործընթացը, որ հիմա մենք տեսնում ենք Թուրքիայում, դարձնում է ավելի անորոշ: Այսինքն, իշխանությունների տեսակետից Սիրիայի քրդական խնդիրը բացասական դեր է խաղում՝ քրդական հարցը կառավարելի դարձնելու առումով… սա խոսում է որոշակի ֆրագմենտացիայի մասին։
– Որքանո՞վ են իրատեսական Օջալանի պահման պայմանների փոփոխությունը կամ հնարավոր տնային կալանքի մասին խոսակցությունները: Արդյո՞ք Թուրքիայի հասարակությունը և ազգայնական թևը պատրաստ են ընդունել Օջալանին՝ որպես բանակցային լիարժեք կողմ:
– Գործը դրան է տանում, գիտե՞ք: Հիմա, քանի որ գործընթացը, ընդհանուր գնահատմամբ, մտել է փակուղի, առաջացել է, այսպես ասած, երկու մոտեցում, թե որը պետք է առաջնային լինի. կառավարության կողմից որոշակի իրավական դաշտում փոփոխությունների կատարումը՞, թե՞ PKK-ի զինաթափում: Հիմա գործընթացը փակուղում է գտնվում, առաջ չի գնում և այս պայմաններում է հենց, որ Օջալանի դերը դառնում է բանալի և դրա համար քննարկվում է թուրքական մամուլում:
Իհարկե, Բահչելիի, այսպես ասած, նախաձեռնությամբ, որ Օջալանին օժտեն որևիցե կարգավիճակով, իսկ նոր կարգավիճակը, եթե նրան օժտեն, կնշանակի, որ կփոխվի նրա պահման պայմանները և չի բացառվում, որ նա կստանա ինչ-որ ազատություն, գուցե և, տնային կալանք կամ նման մի բան։ Այսինքն, խոսքը գնում է Օջալանից՝ նրան ինչ-որ քաղաքական կարգավիճակ տալու մասին։ Ամեն դեպքում, թուրքական մամուլում այս հարցը քննարկվում է։ Թե դա ինչ լուծում կստանա, ես դժվարանում եմ ասել։ Բայց կառավարությունը շահագրգռված է, որ այս քրդական հարցը շարունակվի PKK-ի զինաթափման գործընթացով և հասնի ավարտին այս ձևով:
Դրա համար Օջալանը բանալի դեմք է դառել: Ես կարծում եմ՝ Թուրքիայի իշխանությունը ստիպված կլինի որոշակի փոփոխություններ կատարել նրա կարգավիճակում, բայց դա, իհարկե, ինչպես նաև Դուք նշեցիք, կարող է առաջացնել դժգոհություն՝ Թուրքիայի ամենատարբեր շրջանակներում: Որովհետև Օջալանը տասնամյակներ շարունակ ընկալվել է որպես «PKK»-ի մարմնավորում: Եվ սա դժվարություն է կառավարության համար: Բայց ես սկզբից ասացի, որ այս պայմաններում հենց Բահչելին է կարևոր դառնում գործընթացի համար, որովհետև ինքն է մարմնավորում այդ ազգայնամոլական ծայրահեղական շրջանակները և հենց ինքն էլ, կարծես, կողմ է, որ Օջալանին օժտեն որոշակի նոր կարգավիճակով՝ նույնիսկ քաղաքական առումով:
Այս դեպքում արդեն ես պահը կբնութագրեմ որպես ոչ միայն փակուղի, այլև՝ անորոշության ամենագագաթնակետ, որի պարագայում զարգացումները կարող են լինել մի քանի ուղղությամբ: Սա է պահի ամբողջ հետաքրքրությունը: Եվ, իհարկե, գիտեք՝ եթե այսպես ընդհանուր գնահատական տանք, նաև պետք է հաշվի առնել աշխարհաքաղաքական գործոնը՝ կապված տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների և Իրանի հետ կապված խնդիրների հետ…
Քրդական հարցը այստեղ ունի նաև իր աշխարհաքաղաքական չափորոշիչները, այնպես որ սա էլ է այդ անորոշության պահը ուժեղացնում: Տարբեր զարգացումներ կարող են լինել ներկա փուլում և միանշանակ նախապատվությունը տալ որևիցե գործընթացի զարգացումների առումով չենք կարող, քանի որ ես կարծում եմ՝ մենք դեռևս լուրջ հնարավորություն չունենք դա անելու: Իհարկե, կարող ենք այսպես դատողություններ անել՝ ելնելով մեր քաղաքական մոտեցումներից, բայց դեռևս նյութ չունենք՝ լուրջ վերլուծություններ կատարելու համար:
– Թուրքիան միշտ պնդել է, որ «YPG/SDF»-ն Սիրիայում PKK-ի անմիջական ճյուղն է: Եթե Թուրքիայի ներսում քրդական հարցով որոշակի համաձայնություն ձևավորվի, ի՞նչ ճակատագիր է սպասվում Սիրիայի քրդական ուժերին: Ի՞նչ դեր ունի այս գործընթացում ԱՄՆ-ն: Արդյո՞ք ԱՄՆ-ի ներկայությունը Սիրիայում զսպո՞ւմ է Անկարային, թե՞ Թուրքիան փորձում է քրդական ուժերի հետ խնդիրները լուծել հենց Վաշինգտոնի հետ առևտրի շրջանակում:
– Ռոժավայում գործող կազմակերպությունները թուրքական ընկալումներում, ըստ էության, PKK-ի շարունակությունն են: Դա մեկ: Երկրորդը. բոլորս էլ գիտենք, որ ամերիկացիները որոշակի առումով համագործակցում են Սիրիայի քրդերի հետ, բայց մյուս կողմից ավելացնեմ, որ Սիրիայում որոշակի սառեցում կա ամերիկացիների և քրդերի միջև: Ինչու՞, որովհետև, Սիրիան բռնել է նոր զարգացումների ճանապարհը և ստանում է ամերիկացիների, Արևմուտքի, ինչպես նաև Թուրքիայի աջակցությունը: Եթե փորձենք ընդհանուր դատողությունների մակարդակով հասկանալ, այս առումով քրդերն ուղղակի խանգարում են նոր Սիրիա, միասնական Սիրիա ստեղծելու գործընթացին, որը, այսպես ասած, դուրս կլինի իրանական ազդեցությունից, ինչը մենք տեսնում ենք: Այս առումով քրդերի, Սիրիայի և ամերիկացիների միջև սառեցումը միանգամայն հասկանալի և տրամաբանական է։ Թե որքանով այս գործընթացները կշարունակվեն և ինչ լուծումներ կստանան, դա էլ ինձ համար ներկա փուլում դեռևս պարզ չէ։
Ընդհանուր առմամբ մենք գիտենք, որ որոշակի կոնտակտներ, որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Սիրիայի քրդերի և Ալ-Շարայի կառավարության միջև, բայց, ըստ իմ դատողության, դեռևս այդ պայմանավորվածություններն իրական հողի վրա առանձնապես արդյունքներ չեն տվել։ Որովհետև քրդական հարցը Սիրիայում կապված է այնտեղ տեղի ունեցող ընդհանուր գործընթացների հետ: Այսինքն, պետականության վերաիմաստավորում, նոր քաղաքական համակարգի ստեղծում և այլն, այնպես որ ներկա փուլում ևս իմ գնահատականը հետևյալն է: Միգուցե ես սխալվում եմ, բայց դեռևս որոշակի հստակությամբ չեմ կարող խոսել Սիրիայի քայլերի մասին, չեմ կարող նշել, թե ինչ ընթացք կստանա Սիրիայի քրդերի խնդիրը՝ կապված Թուրքիայում քրդական հարցի զարգացումների հետ: Դեռևս չեմ կարող դրա մասին որևիցե հստակ եզրակացություն անել:
Իմ կարծիքով՝ այստեղ նույնպես մենք գործ ունենք անորոշության բավական մեծ մակարդակի հետ, որին ավելանում է, ինչպես ես ասացի, նաև ամերիկացիների, այսպես ասած, սառեցումը քրդերի նկատմամբ և մյուս կողմից էլ Ամերիկայի ընդհանուր մոտեցումը, որ պետք է Թրամփի ադմինիստրացիային: Մենք գիտենք, որ ԱՄՆ նպատակ ուներ ռազմավարական առումով պակասեցնել Ամերիկայի ներկայությունը Մերձավոր արևելքում և որոշակի առումով մինչև Իրանի հետ կապված գործողությունները, ամերիկացիները սկսել էին պակասեցնել Սիրիայում իրենց ներկայությունը, բայց Իրանի դեպքերը, Իրանի վրա հարձակումը դա փոխեց:
Ես կարծում եմ, որ և՛ ամերիկացիները և՛ Իսրայելն ունեն հաշվարկներ՝ թե՛ քրդերի և թե՛ Իրանի դեմ պատերազմի հետ կապված: Այսինքն, եթե ավելի հստակ ձևակերպեմ՝ նրանք հստակ հաշվարկներ ունեն Իրանի ներկայիս կառավարության դեմ պայքարում՝ քրդերին օգտագործելու վերաբերյալ: Դրա մասին որոշակի ինֆորմացիա կա: Սիրիայի քրդերը և Իրաքի քրդերը համագործակցում էին Իրանի քրդական կազմակերպության հետ… դեռևս չի հասել գործը նրան, որ քրդական գործոնը Իրանում դրվի, այսպես ասած, իրական, ռեալիստական ռելսերի վրա և սկսի օգտագործվել: Դեռևս գնում են չերևացող գործընթացներ:
Կան որոշ տեղեկություններ, որ քրդերին զենք է տրվում: Քրդերը որոշակի պատրաստվածության են և պատրաստվածության մակարդակ են բարձրացնում, որպեսզի անհրաժեշտության դեպքում սկսեն ռազմական գործողություններ Իրանի կառավարության դեմ։ Այս ինֆորմացիան շատ վիճարկելի է: Իհարկե, սրա մասին գրում է նաև մամուլը։ Կարծում եմ՝ հենց դա էլ որոշակի առումով նշածս տեղեկատվության իրական հիմքն է:
Եվ այստեղ, իհարկե, պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Իրանի իշխանությունները համագործակցում են այս հարցում Թուրքիայի իշխանությունների հետ և պատահական չէ, որ վերջերս էլ այսպիսի մի ինֆորմացիա եղավ, որ Իրանը շնորհակալություն է հայտնում Թուրքիային, քանի որ վերջինս իր հնարավորությունների սահմաներում սահմանափակում է քրդական գործոնի օգտագործումն Իրանի դեմ: Այսինքն, մի կողմից Ամերիկան փորձում է քրդական գործոնը օգտագործել, մյուս կողմից Թուրքիան դա չի ուզում և սահմանափակում է սյն, քանի որ մտավախություն ունի, որ դա կուժեղացնի քրդերի դիրքերը: Թուրքիան ՆԱՏՕ-ի շրջանակներում լինելով Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակից և շատ մոտ դաշնակից, այս հարցում համագործակցում է Իրանի իշխանությունների հետ, որոնց դեմ ամերիկացիները պատերազմ են մղում։ Սա էլ հետաքրքիր երևույթ է։
Կան որոշակի հայտարարություններ ամերիկացիների կողմից: Թրամփը, ով երբեմն ասում է բաներ, որ ոչ մի ուրիշ ղեկավար չէր ասի, հայտարարեց, որ իրենք զենք էինք ուղարկում Իրանի ընդդիմադիր ուժերին՝ վերջիններիս նախապատրաստելու համար, սակայն այդ զենքը յուրացրեցին քրդերը։ Մոտավոր էդպիսի բան հայտարարեց:
Հեռվից նայելու համար հետաքրքիր, բայց վտանգավոր գործընթացներ են Իրանի շուրջն ընթանում, որոնց մաս են կազմում նաև քրդերը: Նորից եմ կրկնում. քրդական գործոնը դեռևս չի ակտիվացվել: Չնայած դրա նախադրյալները և նախապատրաստական որոշակի գործողություններ կան, կարող ենք միայն արձանագրել՝ այդ ուղղությամբ գործընթացներ կան: Իրանն էլ վերջերս հարվածներ հասցրեց Իրաքյան Քուրդիստանին, նույնիսկ Էրբիլի շրջանում: Այսինքն, Իրանը մտավախություն ունի, որ քրդական գործոնը կարող է այս ծանր պայմաններում օգտագործվել իր դեմ:
Այսպիսով, մենք նորից գտնվում ենք աշխարհաքաղաքական դաշտում: Եթե փորձենք վերլուծություն իրականացնել՝ կապված քրդական հարցի հետ, կարող ենք ասել, որ մենք գտնվում ենք մի այնպիսի փուլում, որտեղ զարգացումները կարող են ամենատարբերը լինել։ Դեռևս չկա որոշակիություն, թե այդ զարգացումներն ինչ ուղղություններով կարող են լինել:
– Ի՞նչ եք կարծում, պարոն Սաֆրաստյան, սա իրական խաղաղության փորձ է, թե՞ Թուրքիայի հերթական ժամանակավոր ռազմավարությունը:
– Թուրքիայի խնդիրն այստեղ շատ ավելի պրագմատիկ է: Նա ուզում է հասնել PKK-ի զինաթափման, այլ ոչ քրդական հարցի ժողովրդավարական լուծման: Այ, հենց դա է բերում հարցը փակուղի: Այս համատեքստում էլ PKK-ն պահանջում է DEM-ի (Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն)՝ իրենց այդ կուսակցության միջոցով, որ այդ գործընթացներին համընթաց, ինչպիսին է օրինակ զինաթափումը, Թուրքիան գնա քրդական հարցի իրական լուծման հետևից: Այսինքն, գործընթացը զուգահեռվի թուրքական իշխանությունների կողմից քուրդ ժողովրդի իրավունքների ճանաչմամբ:
Սակայն թուրքական կողմը պահանջում է, որ սկզբից զինաթափումը լինի, հետո նրանք, իբր թե այդ բաները անեն՝ ժողովրդավարական ձևով քրդական հարցը լուծեն: Իսկ քրդերը, մասնավորապես PKK-ն, չեն հավատում իշխանություններին: Դրա համար եմ իրավիճակը նկարագրում եմ որպես փակուղի: Համենայնդեպս, այս փուլում թուրքական իշխանությունները ոչ թե ցանկանում են քրդական հարցն իսկապես լուծել, այլ ուզում են քրդական հարցը դարձնել կառավարելի և այդ կառավարելի դարձնելու համար նրանց համար ամենակարևորը ներկա փուլում PKK-ի զինաթափումն է, որը որոշ չափով սկսվել է, բայց կանգնեցվել է PKK-ի կողմից: Որովհետև նրանք չեն հավատում, որ եթե իրենք զինաթափվեն, թուրքական իշխանություններն իրենց խոստացածի պես՝ ժողովրդավարական ձևով, կլուծեն քրդական հարցը: Սա է ամբողջ թնջուկի կենտրոնում։
Աղբյուր՝ Ermeni Haber





