Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ-TBMM) ձայների մեծամասնությամբ (468 կողմ և 88 դեմ) ընդունել է իշխանությունների կողմից ներկայացված «Շրջանակային օրենքի» նախագիծը։ «Թուրքիան առանց ահաբեկչության» տեսլականի շրջանակներում դիտարկվող գործընթացը սկիզբ է առել դեռևս 2024-ից:
Որպես սկիզբ համարվում է մերձիշխանական «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիի հայտարարությունը, որն ուղղված էր Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանին:
Նոր օրենքը նախատեսում է քրդերի հետ կապված հարցերին, ինչպես նաև քրդական զինված պայքարին վերաբերող որոշակի կարգավորումներ (ընդհանուր առմամբ՝ քրդական հարց – խմբ.), այդ թվում՝ պայմանական վաղաժամկետ ազատում «ՔԲԿ»-ի և «Քուրդիստանի համայնքների միության» (KCK ) անդամների համար։ Չնայած «ԱՇԿ»-ն ընդգծում է, որ սա «համաներում» չէ, այլ պետական քաղաքականություն՝ ուղղված ահաբեկչության վերջնական վերացմանը, ընդդիմադիր «Լավ» (İYİ) կուսակցությունը խստորեն քննադատում է նախագիծը՝ իշխանություններին մեղադրելով ահաբեկչական կազմակերպության հետ «սակարկությունների» մեջ մտնելու համար։
Օրինագծին կողմ են քվեարկել նաև խորհրդարանական խոշոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP), «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» (DEM) և «Նոր կուսակցություն» (Yeni Parti) կուսակցությունները՝ այն համարելով պատմական հնարավորություն խաղաղության և ժողովրդավարության համար։
Հավելենք, որ «Շրջանակային օրենքի» նախագծով հնարավոր էր համարվում Օջալանի կարգավիճակի փոփոխությունը՝ ընդհուպ մինչև տնային կալանք: Վերջինս այժմ ցմահ ազատազրկման պատիժ է կրում Թուրքիայի Իմրալը կղզում:
Աղբյուր՝ Agos




