Անկարայում ԱՄՆ դեսպան, Սիրիայի և Իրաքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում՝ Իդլիբ նահանգի արևելյան հատվածում գտնվող Էբու Զուհուր ռազմական օդանվակայանի վրա Իսրայելի իրականացրած հարձակումը Թուրքիայի և Իսրայելի միջև անմիջական ռազմական բախման ռիսկ է պարունակում։
Իսրայելական «The Jerusalem Post» թերթին տված հարցազրույցում Բարաքը նշել է, որ տեղի ունեցած իրադարձությունները լուրջ են ու մտահոգիչ, սակայն միևնույն ժամանակ հանգստացնող է այն պաստը, որ զոհեր չեն գրանցվել և իրավիճակը չի սրվել։
Դեսպանի խոսքով՝ ներկայումս գաղտնի բանակցություններ են ընթանում Իսրայել-Սիրիա բախումների կանխարգելման մեխանիզմի գործունեությունը վերականգնելու շուրջ, և Թուրքիան կարող է ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավվել այդ գործընթացում։ Նա հավելել է, որ օգտակար կլինի ստեղծել համագործակցության հատուկ կենտրոն, որտեղ թուրքերենին, արաբերենին, անգլերենին և եբրայերենին վարժ տիրապետող անձնակազմը կաշխատի շուրջօրյա՝ 24-ժամյա ռեժիմով։
Անդրադառնալով Սիրիայի դիրքորոշմանը՝ դեսպանն ընդգծել է, որ Սիրիայի նախագահ Ահմեդ Շարան Իսրայելի նկատմամբ հարձակողական մտադրություններ չունի և միայն ձգտում է պաշտպանել սեփական ինքնիշխանությունը։ Բացի այդ, ըստ ԱՄՆ-ի տեսակետի, Դամասկոսի օդանավակայանում տեղադրված քաղաքացիական ռադարները սպառնալիք չեն ներկայացնում Իսրայելի անվտանգության համար, քանի որ դրանք անհրաժեշտ են բացառապես քաղաքացիական ավիացիայի անվտանգությունն ապահովելու համար։
Բարաքը շեշտել է, որ Վաշինգտոնը ցանկանում է օգնել նվազեցնել լարվածությունը, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պլանը կենսունակ ուղի է առաջարկում այդ նպատակին հասնելու համար։
Հիշեցնենք, որ իսրայելական օդուժը 8 հարված է հասցրել Իդլիբի արևելքում գտնվող և լքված վիճակում գտնվող Էբու Զուհուր ռազմական օդանավակայանին՝ թիրախավորելով թռիչքուղին և անգործության մատնված մի կառույց։
Աղբյուր՝ Kronos Haber




