Թուրքիայում այսուհետև արգելվում է Հայաստանի քաղաքացի հանդիսացող աշակերտների ընդունելությունը։ Փոխարենը նրանց առաջարկվել է տեղափոխվել Թուրքիայի պետական դպրոցներ ու ուսումը շարունակել այնտեղ։ Թեմայի շուրջ Ermenihaber.am-ը զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ, բ. գ. թ., դոցենտ Էլինա Միրզոյանի հետ։
– Տիկին Միրզոյան, լուրեր կան, որ թուրք տեսուչները Ստամբուլի դպրոցներին հայտնել են, որ այլևս արգելվում է Հայաստանի քաղաքացի հանդիսացող աշակերտների ընդունելությունը, և առաջարկվել է նրանց տեղափոխել Թուրքիայի պետական դպրոցներ։ Ի՞նչ կասեք այդ մասով։
– Կոստանդնուպոլսի (վաղուց արդեն՝ Ստամբուլ) հայ համայնքում կրթական ու լեզվական խնդիրները սուր և տարբեր մտահոգությունների առարկա էին ավելի վաղ. դեռևս Հրանտ Դինքն էր իր հոդվածներում շեշտում, որ նշյալ խնդիրը թե՛ պետական համակարգի ճնշման ներքո, թե՛ ներհամայնքային տիրույթում իր ձևակերպմամբ «կամավոր տեղատվություն» է ապրում:
2012 թ. մարտից Թուրքիայում ազգային փոքրամասնությունների դպրոցներում «հյուր աշակերտի» կարգավիճակ ներառվեց. Թուրքիայի կրթության նախարարության մշակած մասնավոր դպրոցների կանոնադրության մեջ նախատեսված փոփոխության համաձայն՝ Թուրքիայում բնակվող, սակայն Թուրքիայի քաղաքացիություն չունեցող երեխաները կկարողանան հաճախել փոքրամասնությունների դպրոցներ՝ որպես «հյուր աշակերտներ»:
Այս կարգավորումն իբր թե այդ երեխաների շահերից բխող ժամանակավոր լուծում էր՝ հղելով, որ այդ երեխաները «անօրինական կրթություն» էին ստանում «որոշ եկեղեցիների նկուղներում բացված դասարաններում»: «Հյուր աշակերտներին» դիպլոմներ չէին տրվում, փոխարենը՝ վերջիններս ստանում էին իրենց անցած դասընթացները և ավարտական գնահատականները ներկայացնող փաստաթուղթ:
Հայկական դպրոցները շուրջ 14 տարի է, ինչ ընդունում են Հայաստանի քաղաքացի հանդիսացող երեխաներին։ Նշյալ կանոնակարգի համաձայն՝ հիմա արդեն նկատվում է նոր կարգավորումների շարժ, ինչը տարակողմ խնդրո առարկա է դարձել:




– Այս զարգացումները տեղի են ունենում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ֆոնին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նման գործելաոճը։ Արդյո՞ք դա չի հարվածում հումանիտար ու կրթական ոլորտին։
– Նշեմ, որ, այո՛, հայ երեխաների կրթությունը հայկական դպրոցներում տարիներ շարունակ կարևոր է, քանի որ այն երեխաներին հնարավորություն է տալիս ներգրավվել իրենց մայրենի լեզվին և մշակույթին մոտ կրթական միջավայր, նաև ինտեգրման ու ժամանակավոր ապաստան Թուրքիայում Հայաստանի քաղաքացիությամբ հայ ընտանիքների երեխաներին, որով իբրև թե ամրապնդվել է Թուրքիայի հայ համայնքի և Հայաստանից գնացած ընտանիքների միջև հարաբերությունները:
Այս շարժը տեղի է ունենում ոչ միայն հայ-թուրքական, այլև արդեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մերօրյա փուլի համատեքստում: Կարծում եմ՝ քաղաքացիության ընդունման դաշտ բերելով’ Թուրքիան ոչ միայն պետական, այլև ինստիտուցիոնալ վերահսկողության ներքո է բերում երևույթը’ վերին/քաղաքացիական ինքնության և ներքին/ազգային ինքնության պարտադրված նույնացման իր ավանդական մեթոդով և փորձերով: Այս ճանապարհով Թուրքիան հարաբերությունների այսօրյա փուլ է ձևավորում’ կրկին առանցքային դիտարկելով կրթության ոլորտն իր պետական ռազմավարական տեսանկյունից’ սակայն ի հաշիվ հայ համայնքի շահերի:
Կրթական ճանապարհով, առարկայական ծրագրերով, քարոզչական բովանդակային ոչ առերևույթ նպատակներով և այլ բաղադրիչներից’ քաղաքացիական ինքնության պարտադրանքով ձևավորում է նաև ազգային ինքնության ստորադասման «փափուկ ճանաՖպարհ»: Չենք կարող հերքել նաև, որ Թուրքիայի հայ համայնքը համալրվել է Հայաստանից տեղափոխվածներով’ ժամանակավոր կամ անժամանակ, իսկ այս ճանապարհով Թուրքիան «փափուկ ուժի» կիրառմամբ նաև թույլ չի տալիս, որ Թուրքիան դիտարկվի միայն որպես արտագնա աշխատանքի երկիր. ոչ միայն հարաբերությունների իրեն շահավետ կարգավորման, նորովի զարգացման է տանում հարաբերությունները, այլև վերահսկողության, իրավական պարտավորության է բերում անց-դարձն իր երկրում:
– Ըստ Ձեզ՝ ի՞նչ ազդեցություն կունենա այս որոշումը Թուրքիայի հայ համայնքի վրա և ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել։
– Պոլսահայ մամուլում կան կոչ-անդրադարձներ, որ Թուրքիայի հայ համայնքի ինստիտուտները պետք է ավելի պահանջկոտ լինեն այս հարցում: Մամուլը և քաղհասարակության կազմակերպությունները նույնպես պետք է ձգտեն հասկանալ հարցի էությունը ու բարձրացնել իրենց ձայնը:
Շատ խորը հարցեր և խնդիրներ կարող են առաջ գալ. թվո՛ւմ է’ սա Թուրքիան օգտագործում է որպես միայն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի բաղադրիչ մաս, սակայն այս խնդիրը կարող է հայ համայնքի և Թուրքիա Հայաստանից ժամանակավոր տեղափոխված հայերի միջև ևս առաջացնել անջրպետ/ճգնաժամ, քանի որ փոքրամասնություններն ավանդական համայնքի ներկայացուցիչներ են’ պատմական այլ ուղեգծով, իսկ Հայաստանի քաղաքացիությամբ հայերի երեխաների’ կրթության միջավայրում ներառվելու կարգի փոփոխմամբ հավասարազոր կարգավիճակ կլինի, ինչը կտանի էթնոմիջավայրի մշակույթի փոփոխության, տատանման, անհասկացվածություն:
Քաղաքացիական ինքնությունն է բարձրացնում/պարտադրում ի հաշիվ ազգային ինքնության’ սերտացնելով ազգային և քաղաքացիական ինքնությունները, իսկ դրանց տարբերակումը դիտարկելով որպես պետության դեմ ոտնձգություն: Հայկական դպրոցների վարչակազմը և այլ ներկայացուցիչները հանդիպումներ են նախատեսում’ հարցը քննարկելու համար:
Ամփոփելով նշեմ, որ սա արդեն ոչ թե հայ-թուրքական, այլ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում Թուրքիայի կողմից «փափուկ ուժի» կիրառման մասին է. Թուրքիայում լրջագույն ու բարդ, առանձին ուսումնասիրության թեմա է քաղաքացիական ինքնությունը։ Քաղաքացիական եւ ազգային ինքնությունների հարաբերակցությունը Թուրքիայում բազմաշերտ հարց է։
Այս համատեքստում Թուրքիան մշտապես է ամենաուղիղ ճանապարհ դիտարկել կրթական ոլորտը` ձեւավորվող սերնդի ազգային ապագան կանխելու, համայնքի ազգային սերնդի հայկականությունը մարելու միտումով։ Թուրքիայի կրթական ոլորտում բազմիցս են զինվորական քայլերգ հիշեցնող եւ ազգային ինքնությունը ճնշող/ ստորադասող աշակերտական երդումներ ու կրթական սիմվոլներ, կրթական վարք պարտադրվել։ Այն մշտապես իր կրթական ոլորտն ակտիվ է պահում եւ հնարավոր համարում պետությունների հետ ու ներպետական հարաբերությունների փոփոխման հնարավոր ճանապարհ։
Հեղինակ՝ Անի Գալստյան
Աղբյուր՝ Ermenihaber.am




