Երկարատև բախումներից և բանակցություններից հետո Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF)՝ որպես անկախ ռազմական կառույցի գործունեության դադարեցումը և Սիրիայի բանակին ինտեգրումը կարևոր շրջադարձ է Սիրիայի քրդական հարցում։ SDF-ի գլխավոր հրամանատար Մազլում Աբդին (Մազլում Քոբանի) օգոստոսի 25-ին Դամասկոսում հայտարարել է, որ կառույցն ինքնալուծարվում է՝ ավարտելով իր առանձին ռազմական առաքելությունը և ամբողջությամբ ինտեգրվում Սիրիայի պետական համակարգին։ Աբդին նշանակվել է որպես քրդական հարցերով Սիրիայի նախագահի խորհրդական։
Նշենք, որ SDF-ն ձևավորվել էր 2015 թվականին՝ ԱՄՆ-ի աջակցությամբ և հետագայում դարձել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Վաշինգտոնի հիմնական ցամաքային գործընկերը Սիրիայում։ Կառույցի առանցքը կազմել են քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատի» (YPG) ուժերը։ Սակայն Անկարայի համար SDF-ն մշտապես մնացել է անվտանգության սպառնալիք, քանի որ այն կապում է Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ/PKK) սիրիական ճյուղի հետ։
Թուրքիան տարիներ շարունակ հետևողականորեն դեմ է հանդես եկել Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական ռազմական և քաղաքական ինքնավար կառույցի ձևավորմանը։ Անկարան տարբեր փուլերում կիրառել է ռազմական գործողություններ, սահմանային ճնշումներ և դիվանագիտական միջոցներ՝ թույլ չտալու համար, որ իր սահմանների հարևանությամբ երկարաժամկետ գործող քրդական զինված կառույց ձևավորվի։
Այս քաղաքականության համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանի Թուրքիայի ներսում ընթացող PKK-ի զինաթափման գործընթացը։ Օգոստոսի 10-11-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ընդունեց «Առանց ահաբեկչություն Թուրքիա» (Terörsüz Türkiye) գործընթացի շրջանակային օրենքը, որը իրավական հիմք է ստեղծում PKK-ի զինաթափման և կազմակերպական գոյության դադարեցման գործընթացի համար։ Օրինագիծը խորհրդարանում ընդունվեց 467 կողմ ձայնով։ Օրինագծին անգամ կողմ են քվեարկել մեջլիսի քրդամետ կուսակցությունները։
Հատկանշական է, որ դրանից ընդամենը օրեր անց Սիրիայում SDF-ի ռազմական կառույցի լուծարման և Սիրիայի բանակին ամբողջական ինտեգրման գործընթացը պաշտոնապես հայտարարվեց ավարտված։ Այս ժամանակային հաջորդականությունը թույլ է տալիս տեղի ունեցող զարգացումները դիտարկել մեկ ավելի լայն տարածաշրջանային գործընթացի շրջանակում՝ Թուրքիայի տարածքում PKK-ի զինաթափումից մինչև Սիրիայում քրդական զինված կառույցի ինքնուրույն կարգավիճակի վերացում։
Իհարկե, SDF-ի այս որոշումը միայն Թուրքիայի ճնշումների հետևանքով չի պայմանավորվում։ Դրա վրա ազդել են նաև Սիրիայի ներքին քաղաքական վերադասավորումները, Դամասկոսի դիրքերի ամրապնդումը, ինչպես նաև ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխությունները։ Սիրիայի նոր իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում SDF-ի վերահսկողության տակ գտնվող տարածքների զգալի մասը վերադարձել է կենտրոնական իշխանության վերահսկողության ներքո, իսկ քրդական ուժերի համար առանձին ռազմական կառույցի պահպանման հնարավորությունները զգալիորեն նվազել են։
Այսպիսով, քրդական կողմի համար գործընթացի գլխավոր կորուստը ոչ միայն SDF-ի՝ որպես ինքնուրույն ռազմական ուժի ինքնալուծարումն ու վերացումն է, այլև այն, որ տարիների ընթացքում ձևավորված ռազմական և վարչական վերահսկողությունը չվերածվեց Սիրիայի տարածքում պաշտոնապես ճանաչված քրդական ինքնավարության։ SDF-ն, որը երկար ժամանակ փաստացի վերահսկում էր Սիրիայի հյուսիս-արևելքի մեծ հատվածը, այժմ իր ուժերը ներառում է Սիրիայի պետական ռազմական համակարգի մեջ։
Միևնույն ժամանակ, չի կարելի ասել, թե քրդերը որևէ ձեռքբերում չեն ունեցել։ Մազլում Աբդին հայտնել է քրդերեն կրթության իրավունքի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ նշելով, որ այն նախատեսվում է կիրառության մեջ դնել և հետագայում զարգացնել։ Սակայն լեզվական և մշակութային իրավունքների ամրագրումը չի նշանակում տարածքային կամ քաղաքական ինքնավարության ստեղծում։
Հետևաբար, ներկայիս զարգացումը կարելի է գնահատել որպես քրդական կողմի ռազմական և քաղաքական հավակնությունների զգալի սահմանափակում։ Քրդերը պահպանելու են որոշակի մշակութային և լեզվական իրավունքներ, սակայն չեն կարողացել հասնել Սիրիայի տարածքում առանձին քրդական ինքնավարություն ստեղծմանը կամ անկախ ռազմական կառույցի պահպանմանը։
Այս առումով SDF-ի լուծարումը կարելի է դիտարկել նաև որպես Թուրքիայի՝ Սիրիայի հարցում տարիներ շարունակ իրականացրած քաղաքականության շոշափելի արդյունք։ Անկարան կարողացավ իր հիմնական ռազմավարական նպատակներից մեկը՝ իր հարավային սահմանների մոտ առանձին քրդական զինված կառույցի գոյությունը կանխումը, մոտեցնել իր համար ցանկալի հանգրվանի։ Իսկ քրդական ուժերը, որոնք նախկինում ունեին զգալի ռազմական և տարածքային լծակներ, այժմ ստիպված են իրենց ապագան կառուցել Սիրիայի կենտրոնական իշխանության կազմում։ Վերջինս անմիջականորեն վայելում է Թուրքիայի իշխանությունների աջակցությունը։
Այսպիսով, SDF-ի պատմության այս փուլը ոչ այնքան քրդական ինքնավարության ձևավորման, որքան դրա հնարավորության սահմանափակման պատմությունն է։ Թուրքիայի երկարատև ճնշումները, Սիրիայի իշխանությունների դիրքերի ամրապնդումը և ԱՄՆ-ի քաղաքական առաջնահերթությունների փոփոխությունը միասին հանգեցրին նրան, որ քրդական ուժերը պահպանեցին որոշ իրավունքներ, բայց չկարողացան իրենց ռազմական ձեռքբերումները վերածել Սիրիայի տարածքում առանձին քաղաքական ինքնավարության։
Աղբյուր՝ Ermenihaber.am
Հեղինակ՝ Էլեն Քոքչյան





