Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) կուլիսներում ակտիվորեն քննարկվում են ընտրական համակարգի և «Կուսակցությունների մասին» օրենքի հնարավոր փոփոխությունները, ինչպես նաև ընտրական շեմը 7%-ից 5%-ի իջեցնելու հարցը:
Թուրքական մամուլի փոխանցմամբ՝ «ԱԶԿ»-ում անակնկալի են եկել ծայրահեղ աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիի՝ ընտրական համակարգը վերանայելու վերաբերյալ վերջին հայտարարությունից, քանի որ այն դեռևս իշխող դաշինքի ներսում պաշտոնապես չէր քննարկվել:
Իշխանամերձ շրջանակներում նշվում է, որ նման ձևաչափը կարող էր օրակարգ գալ «Իմրալըի գործընթացի» (քրդական հարցի կարգավորման) հաջողության դեպքում: «ԱԶԿ»-ի ներկայացուցիչները հիշեցնում են, որ նախագահական համակարգին անցնելու ժամանակ հենց «ԱՇԿ»-ն է դեմ արտահայտվել «կրճատված շրջանների» համակարգին, որն առավելություն էր տալու ԱԶԿ-ին, քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցությանը (DEM) և «Նոր» (Yeni) կուսակցությանը:
Ըստ ԱԶԿ-ական աղբյուրների՝ Բահչելիի այս քայլը պայմանավորված է «ԱՇԿ»-ի վարկանիշի անկմամբ (մինչև 5%) և ընտրական շեմը նվազեցնելու ցանկությամբ, իսկ առաջիկա փոփոխությունների վերջնական տեսքը կախված կլինի քաղաքական զարգացումներից և հնարավոր արտահերթ ընտրությունների ժամկետներից:
Աղբյուր՝ Kronos




