Թուրքական «DHA» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ մեկտեղ Իգդիրի Ալիջան սահմանային անցակետում շինաշխատանքները շարունակվում են։ Նշվում է, որ Ալիջան սահմանային անցակետում, որը փակ է 1952 թվականից, լայնացվում է 7 կիլոմետրանոց ճանապարհահատված, ինչպես նաև պատրաստվում է նախագիծ մեքենաների ու բեռնատարների կայանատեղիի համար։
Նշվել է նաև, որ օդանավակայանի խաչմերուկում տեղադրվել են ճանապարհային նոր նշաններ, որոնք ցույց են տալիս Ալիջան սահմանային անցակետի ուղղությունը:
Իգդիրի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Քամիլ Արսլանը հայտնել է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացումը դրական մթնոլորտ է ստեղծել քաղաքի ու տարածաշրջանի համար։ Ըստ նրա՝ անցակետի բացումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը՝ առևտրի, մշակույթի, սոցիոլական, զբոսաշրջության և տնտեսության առումով։
Նա նաև նշել է, որ սահմանային անցակետի բացման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ու աշխատանքներ են տարվում նաև առկա ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։
«Ներկայումս շարունակվում են հողերի օտարման աշխատանքները։ Ընթացքի մեջ է 7 կիլոմետրանոց ճանապարհաշինական նախագիծը։ Հողալցման, ընդլայնման, ավտոկայանատեղիի և բեռնատարների կայանատեղիի նախագծերի իրականացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Հաջորդիվ սահմանային կամուրջ ունենք մեր միջև։ Աշխատանքներ են տարվում նաև այդ կամուրջի բարելավման և լայնացման ուղղությամբ»,- նշել է նա։
Արսլանը նաև հավելել է, որ սահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ, և այն առաջիկա տարիներին նախատեսվում է օգտագործել արտահանման և առևտրի նպատակներով։ Ըստ նրա՝ սա կարևոր զարգացում է արտահանողների համար։
«Տրվել է առևտրային կոդ։ Նախկինում արտահանումը կատարվում էր Վրաստանի և Իրանի միջոցով, բայց հիմա մեր արտահանողները կարող են ուղղակիորեն այստեղից բացել արտահանման հայտարարագիրը և արտահանել առևտրային կոդով։ Սահմանային անցակետի բացումը դրական մթնոլորտ է ստեղծել այս տարածաշրջանում։ Ակնհայտ է, որ այն կնպաստի տարածաշրջանին առևտրն, մշակույթին, հասարակական կյանքին, զբոսաշրջությանը և տնտեսությանը»,- ընդգծել է Արսլանը։
Նա նաև նշել է, որ իրենք ընդունել են սահմանային անցակետի բացման գործընթացը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության ավարտից հետո, և իրենց աջակցությունն են հայտնել Թուրքիայի արտաքին քաղաքականությանը։
Ըստ այդ՝ նա մասնավորապես նշել է.
«Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության ավարտով մենք այժմ կողմ սահմանային անցակետի բացմանը։ Մենք աջակցում ենք մեր արտաքին գործերի նախարարության կողմից տարվող քաղաքականությանը։ Ողջունում ենք գոհունակությամբ։ Ակնհայտ է, որ սահմանային անցակետի բացումն առաջիկա ժամանակահատվածում կարևորություն կստանա առևտրի, զբոսաշրջության, մշակութային և սոցիալական ասպեկտների առումով»։






Աղբյուր՝ DHA




