Թուրքական «Turk-internet.com» կայքում հրապարակվել է Ֆուսուն Ս․ Նեբիլի հեղինակած «Արդյո՞ք Հայաստանը արհեստական բանականության (ԱԲ) ենթակառուցվածքների ոլորտում առաջ է անցնում Թուրքիայից» վերնագրով հոդվածը։ Հեղինակը գրել է, որ Թուրքիային արհեստական բանականության կենտրոն դառնալու տեսանկյունից ի հայտ է եկել պոտենցիալ ուժեղ մրցակից՝ ի դեմս Հայաստանի և «FireBird» նախագծի։
Ըստ հեղինակի՝ Հայաստանի ամենակարևոր առավելությունը ոչ թե էժան հողն ու էլեկտրաէներգիան է, այլ ԱՄՆ-ի աջակցությունը։ Մասնավորապես նշվել է, որ Հայաստանի ԱԲ ռազմավարությունն ունի մի բան, որը Թուրքիան չունի. ամերիկյան արհեստական բանականության սարքավորումների էկոհամակարգին արտոնյալ քաղաքական հասանելիություն։ Հայաստանի դեպքում ԱՄՆ-ի արտահանման քաղաքականությունը դարձել է երկրի մրցակցային առավելության մի մասը։
Հեղինակը գործընթացի կարևորությունը կապել է նաև TRIPP-ի (Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) հետ՝ նշելով, որ «Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան միջանցքը տնտեսական առումով չի ավարտվի Նախիջևանում։ Այն կարող է շարունակվել դեպի Թուրքիա և Եվրոպա», քանի որ Անկարան «TRIPP»-ը դիտարկում է Միջին միջանցքի ավելի լայն տրամաբանության շրջանակում, որը Կենտրոնական Ասիան կապում է Եվրոպայի հետ։
Այս իրավիճակում, հեղինակի պնդմամբ, Թուրքիան միաժամանակ երկու դիրքում կհայտնվի՝ մի դիրքում որպես Հայաստանի մրցակից ԱԲ ներդրումների ոլորտում, մյուս դիրքում՝ որպես հայկական արհեստական բանականության տվյալների հոսքը Եվրոպա տեղափոխող տարանցիկ երկիր։
Այնուամենայնիվ, հեղինակը նշել է, որ Թուրքիան ունի կառուցվածքային առավելություններ, որոնք Հայաստանը հեշտությամբ չի կարող կրկնօրինակել. ավելի մեծ ներքին շուկա, ավելի մեծ կորպորատիվ պահանջարկ, բազմաթիվ միջազգային հեռահաղորդակցության օպերատորներ, գործող խոշոր տվյալների կենտրոններ։
Աղբյուր՝ Turk-internet.com





