Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը հայտնել է, որ կառույցի ղեկավարի տեղակալի՝ Ֆերհաթ Փիրինչիի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ադրբեջան։ Վարչության տեղակալը հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։
Հանդիպմանը քննարկվել են հաղորդակցության, մեդիայի և հանրային դիվանագիտության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Ընդգծվել է երկու երկրների միջև ռազմավարական հաղորդակցության ոլորտում զարգացող ինստիտուցիոնալ համագործակցության կարևորությունը։
Քննարկված հարցերի թվում են եղել փոփոխվող համաշխարհային հաղորդակցական միջավայրը, ապատեղեկատվության դեմ պայքարը, հանրային դիվանագիտության գործունեությունը և ընդհանուր հարցերի շուրջ միջազգային հանրության հետ Թուրքիայի և Ադրբեջանի հաղորդակցական կարողությունների ամրապնդումը։
Անդրադարձ է արվել նաև տարածաշրջանային զարգացումներին և Հարավային Կովկասում մնայուն խաղաղության ու կայունության հաստատման գործընթացում ռազմավարական հաղորդակցության կարևորությանը։ Ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի և Ադրբեջանի ամուր համերաշխությունը կարևոր նշանակություն ունի ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև տարածաշրջանային համագործակցության և կայունության տեսանկյունից։
Կողմերն ընդգծել են Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները հաղորդակցության ոլորտում էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու կարևորությունը՝ «Մեկ ազգ, երկու պետություն» հակեցակարգի և Շուշիի հռչակագրով ամրագրված դաշնակցային ոգու շրջանակում։
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Բիրոլ Աքգյունը և քննարկվել է երկու երկրների համապատասխան կառույցների միջև շփումների և համատեղ աշխատանքների շարունակականության ապահովման հարցը։
Աղբյուր՝ Anadolu Ajansı




