Թուրքիայի և Ադրբեջանի միջև «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարով ձևավորված եղբայրական հարաբերությունները վերջին շրջանում հայտնվել են հարվածի տակ։ Նման տեսակետ է հայտնել իսլամիստական, աջակողմյան և իշխանամետ լրատվամիջոց համարվող թուրքական «Yeni Akit» կայքը։ Հրապարակված հոդվածում նշվում է, որ ոմանք փորձում են պառակտել Թուրքիայի ու Ադրբեջանի եղբայրությունը։
Ադրբեջանի պաշտոնական լրատվական գործակալություն APA-ն հոկտեմբերի 6-ին Թուրքիա-Իսրայել նավային երթևեկության թեմայով հետաքննությունը հրապարակվելուց ժամեր անց անհասանելի է դարձել։
«Ադրբեջանական APA գործակալությունը հրապարակել է հետաքննություն, ըստ որի՝ Թուրքիայի նավահանգիստներից դեպի Իսրայել իրականացվել է 456 ուղիղ նավագնացություն։ Այն, որ հրապարակումից մի քանի ժամ անց այդ նյութն այլևս հասանելի չի եղել APA-ի ադրբեջաներեն, անգլերեն և ռուսերեն էջերում, հարց է առաջացնում՝ «արդյո՞ք փորձում են լարվածություն ստեղծել, որն ուղղված է Թուրքիայի և Ադրբեջանի պատմական եղբայրության դեմ», – գրում է թուրքական լրատվամիջոցը։
Ըստ ադրբեջանական հրապարակման՝ Թուրքիայի և Իսրայելի միջև առևտուրը շարունակվում է բոլորովին այլ կերպ, քան ներկայացվում է հանրությանը։ Նավերի հետագծման համակարգերի տվյալների վրա հիմնված հրապարակման մեջ նշվել է, որ Թուրքիայի նավերը մեկնում են Իսրայելի նավահանգիստներ տարբեր երկրների դրոշի տակ։
Մինչև այժմ APA-ն որևէ բացատրություն կամ պարզաբանում չի հրապարակել այն մասին, թե ինչու է այդ հրապարակումը ժամեր անց հեռացվել կայքէջից։
«Հայտնի է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները շատ ավելին են, քան երկու երկրների միջև սովորական դիվանագիտական կապերը, և հանրային դաշտում քննարկվում է, թե ում են ծառայում այն հրապարակումներն ու հայտարարությունները, որոնք կարող են խորացնել փոխադարձ լարվածությունը»,- տարակուսանք է հայտնում թուրքական աղբյուրը։
Այդուհանդերձ վերջին զարգացումները Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների տեսանկյունից ուշագրավ պատկեր են ստեղծել։ Մի կողմից Թուրքիայի հանրային դաշտում քննարկվում է Ադրբեջանում գլխաշորի արգելքի հարցը, մյուս կողմից՝ Թուրքիային թիրախավորող հայտարարություններ են հնչում Բաքվից։
Աղբյուր՝ Yeni Akit





