Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ գերեզմանատան մի շարք գերեզմաններ վնասելու կասկածանքով ձերբակալված անձը կալանավորվել է։ Այս մասին հայտնում է Region Monitor-ը։
Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը։ Սուրբ Կարապետ եկեղեցու թաղային խորհրդի հաղորդմամբ՝ անհայտ անձը մուտք էր գործել գերեզմանատան տարածք և վնասել 6 գերեզման։
Դեպքից հետո թաղային խորհուրդը դիմել է իրավապահ մարմիններին, իսկ Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել։ Ոստիկանության իրականացրած քննության արդյունքում կասկածյալը նույնականացվել էր։ Մ.Ք. սկզբնատառերով անձը հուլիսի 9-ին ձերբակալվել էր։
Վանդալիզմի դեպքին արձագանքել էր նաև Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը՝ դատապարտելով հայկական համայնքի սրբազան արժեքների և հանգուցյալների հավերժական հանգստավայրերի նկատմամբ իրականացված վանդալիզմը։
«Պատրիարքական Աթոռը դատապարտում է մեր համայնքի սրբազան արժեքների և հավերժական հանգստավայրերի դեմ գործված այս անարգ հարձակումը»,- ասվում էր հայտարարությունում։
Աղբյուր՝ Region Monitor




