Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հոկտեմբերի 21-23-ը պաշտոնական այցով կգտնվի Թուրքիայում։ Ըստ Կանադայի վարչապետի գրասենյակի հաղորդագրության՝ Անկարայում Քարնին կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Օրակարգում են էներգետիկայի, հանքարդյունաբերության, կլիմայի պահպանության, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հարցերը։ Այցի շրջանակում Կանադայի վարչապետը Ստամբուլում հանդիպումներ կունենա նաև տեղի գործարար շրջանակների և ներդրողների հետ։
Կանադայի վարչապետի գրասենյակը նաև նշել է, որ վերջին 5 տարում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 50 տոկոսով։
Թուրքիայում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Մարսել Լեբլյոն թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է, որ այցի հիմնական նպատակը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության պաշտոնական մեկնարկն է։ Երկրների ղեկավարների մակարդակով նախատեսվում է ընդունել համատեղ հռչակագիր և գործողությունների ծրագիր, որտեղ առանցքային ուղղություններ են լինելու էներգետիկան և ռազմական արդյունաբերությունը։
Հիշեցնենք, որ Մարկ Քարնին Թուրքիա էր այցելել նաև 2026 թ. հուլիսին՝ Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։ Այդ ժամանակ Էրդողանի հետ հանդիպումից հետո կողմերը հայտարարել էին Կանադա-Թուրքիա ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին։
Աղբյուր՝ Haber7




