Թուրքիայի և Ադրբեջանի միջև վերջին շրջանում նկատվող լարվածությունն ունի խորքային արտաքին քաղաքական պատճառներ և չի սահմանափակվում Ադրբեջանի դպրոցներում գլխաշորի արգելքի շուրջ ծագած վեճով։ BBC-ի թուրքական ծառայությունը, անդրադառնալով «մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգով հայտնի ռազմավարական գործընկերների հարաբերություններին, ներկայացրել է մի շարք այլ տարաձայնություններ։
Առաջինը «մեծ եղբոր» դիրքորոշումն է և 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքների վերագրումը։ Բաքվում դժգոհություն է առաջացնում այն, որ Անկարան հարաբերություններին մոտենում է «մեծ եղբոր» դիրքից։ Այդ զգացողությունը սնում են թուրք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները, թե պատերազմում Ադրբեջանի հաջողությանն էապես նպաստել է թուրքական բանակը։ Բաքուն դա չի ընդունում՝ շեշտելով, որ հաղթանակին հասել է միայնակ։
Երկրորդ տարաձայնությունը Իսրայելի հետ հարաբերություններն են։ Գազայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո Թուրքիան որդեգրել է հակաիսրայելական դիրքորոշում, մինչդեռ Ադրբեջանի համար Իսրայելը շարունակում է մնալ առանցքային գործընկեր անվտանգության, հետախուզության և էներգետիկայի ոլորտներում։
Երրորդ տարաձայնությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն է։ BBC-ի թուրքական ծառայության համաձայն՝ երկու երկրների միջև ամենախոր լարվածությունը եղել է 2009 թվականին, երբ Անկարան ստորագրեց Հայաստանի հետ սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրությունները։ Ադրբեջանի կոշտ արձագանքից հետո այն ժամանակ վարչապետ Էրդողանն այցելեց Բաքու և հավաստիացրեց, որ մինչև Ղարաբաղի հարցի լուծումը Հայաստանի հետ միակողմանի կարգավորման քայլեր չեն արվի։
Աղբյուր՝ BBC Türkçe




