Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի Էգմոնտ պալատում ընթանում է «Թուրքիա-Բելգիա արտաքին գործերի, արդարադատության և ներքին գործերի նախարարների 4-րդ հանդիպումը»։ 10 տարվա դադարից հետո անցկացվող հանդիպման նպատակը երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդելն է:
Այս մասին հաղորդագրությամբ տեղեկացրել է Բելգիայի ԱԳՆ խոսնակ Լորանս Սուենենը՝ նշելով, որ կողմերը կքննարկեն նաև անվտանգության, միգրացիայի և դատական համագործակցության հարցեր։
Թուրքական պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը և ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին։
Բելգիայի ԱԳՆ-ն Թուրքիան անվանել է «Եվրոպայի համար կենսական նշանակություն ունեցող գործընկեր»՝ ընդգծելով նրա առանցքային դերը ՆԱՏՕ-ում, Սև ծովի անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև Կիևի ու Մոսկվայի հետ կապերի պահպանման հարցում։ Գերատեսչությունը նշել է նաև թուրքական դիվանագիտության ակտիվ ներգրավվածությունը Մերձավոր Արևելքում, Սիրիայում և Աֆրիկյան եղջյուրում։
Բելգիայի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոն հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայության պայմաններում Եվրոպայի անվտանգության մասին լուրջ քննարկում հնարավոր չէ։
«Թուրքիան ոչ միայն կարևոր ՆԱՏՕ-ի դաշնակից է, այլև դիվանագիտական դերակատար, որն ունի շփումներ և ազդեցություն մեր անվտանգության համար կենսական տարածաշրջաններում»,- ասել է Պրևոն՝ կոչ անելով արդիականացնել մաքսային միությունը և պահպանել կանոնավոր երկխոսությունը։
Աղբյուր՝ A Haber




