Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև 2026 թ. օգոստոսի 7-ին Մեքքայում ստորագրված պաշտպանական համաձայնագրի նախագիծը վավերացման համար ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։
16 հոդվածից բաղկացած փաստաթուղթը նախատեսում է համատեղ պաշտպանական պարտավորություններ՝ կողմերի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման հիման վրա: Մասնավորապես 2-րդ հոդվածով սահմանվում է, որ մասնակից երկրներից որևէ մեկի դեմ արտաքին զինված հարձակումը կամ ռազմական ագրեսիան կդիտարկվի որպես հարձակում բոլորի դեմ, ինչին կհաջորդի անհապաղ աջակցություն՝ փոխօգնության բոլոր առկա, այդ թվում՝ ռազմական միջոցներով: Օգնության ծավալն ու բնույթը կորոշվեն կարիքների օբյեկտիվ գնահատումից հետո:
Փաստաթղթով նախատեսվում է նաև խորացնել համագործակցությունը ռազմական արդյունաբերության ոլորտում։ Կողմերը պարտավորվում են խթանել համատեղ արտադրությունը, իրականացնել հետազոտական և նորարարական ծրագրեր բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև կազմակերպել մասնագետների փոխադարձ պատրաստում։ Խաղաղ, պատերազմական և արտակարգ իրավիճակներում պետությունները միմյանց կտրամադրեն նաև նյութատեխնիկական աջակցություն՝ սպառազինություն, զինամթերք, վառելիք և պահեստամասեր՝ ըստ հնարավորությունների և տեխնիկական համատեղելիության։
Համաձայնագրի համակարգման նպատակով կստեղծվի Ռազմավարական քաղաքական և պաշտպանական կոմիտե, որի կազմում կընդգրկվեն 3 երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, ինչպես նաև գլխավոր շտաբների պետերը։ Անհրաժեշտության դեպքում տարին մեկ անգամ կարող են անցկացվել նաև պետությունների ղեկավարների հանդիպումներ։ Կոմիտեի ընթացիկ աշխատանքները համակարգելու համար կգործի քարտուղարություն՝ Սաուդյան Արաբիայում տեղակայված կենտրոնով, որը կղեկավարի ռոտացիոն սկզբունքով 3 տարի ժամկետով նշանակվող գլխավոր քարտուղարը, ընդ որում՝ առաջին գլխավոր քարտուղարը կլինի Պակիստանի ներկայացուցիչը: Համաձայնագրին նոր երկրների միանալու ընթացակարգը կսահմանվի միայն կողմերի միաձայն համաձայնությամբ:
Նախատեսվում է նաև հետախուզական տեղեկատվության փոխանակում նախապես համաձայնեցված անվտանգ ուղիներով, գաղտնի տեղեկատվության պաշտպանություն երրորդ կողմերից և համագործակցության ուժեղացում ահաբեկչության դեմ պայքարում: Համաձայնագիրը կվավերացվի յուրաքանչյուր կողմի ներպետական ընթացակարգերին համապատասխան և ուժի մեջ կմտնի վավերացման վերջին փաստաթուղթը Ռազմավարական քաղաքական և պաշտպանական կոմիտեի քարտուղարությանը հանձնելու օրը։
Աղբյուր՝ TRT Haber




