Արևելյան Միջերկրականում լարվածության աճի պայմաններում Թուրքիան մինչև տարեվերջ նախատեսում է խորհրդարան ներկայացնել «Կապույտ հայրենիք» (Mavi Vatan) հայեցակարգի վերաբերյալ օրինագիծը։
Այս մասին գրել է իշխանամետ «Sabah» թերթի սյունագիր Մելիհ Ալթընօքը։ Հայեցակարգն արտացոլում է Թուրքիայի հավակնությունները շրջակա 4 ծովերում՝ Սև, Մարմարա, Էգեյան և Միջերկրական։
Հեղինակի գնահատմամբ՝ թուրք-լիբիական համաձայնագիրը հակակշիռ է Հունաստանի, Իսրայելի և Եվրամիության հավակնություններին տարածաշրջանի էներգետիկ պաշարների նկատմամբ։ Նա նաև ընդգծում է, որ Լիբիայի 2 հակադիր վարչակազմերի աջակցությունը համաձայնագրին կարևոր նշանակություն ունի դրա իրավական հիմքերի տեսանկյունից։
Հոդվածում անդրադարձ կա նաև Եգիպտոսի դիրքորոշմանը։ Կահիրեն 2020 թ. Հունաստանի հետ ստորագրել է ծովային գոտիների սահմանազատման համաձայնագիր, սակայն, ըստ հեղինակի, տարածաշրջանային և միջազգային փոփոխությունները նոր մոտեցումներ են պահանջում։
Ալթընօքը նշում է, որ վերջին տարիներին Թուրքիայի և Եգիպտոսի հարաբերություններում մերձեցում է նկատվում։ Լիբիայի վարչապետ Աբդուլհամիդ Դբեյբեն, որը սերտ երկխոսության մեջ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտարարել է, որ պատրաստ է քննարկել Եգիպտոսի մտահոգությունները։
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը «Star Haber»-ին տված հարցազրույցում ասել է, որ Անկարան պատրաստ է Եգիպտոսի հետ ևս ծովային գոտիների սահմանազատման համաձայնագիր ստորագրել։
«Մեր առաջարկը Եգիպտոսին հստակ է․ եթե Եգիպտոսը Թուրքիայի հետ ստորագրի նմանատիպ համաձայնագիր, ապա Հունաստանի հետ հնարավոր համաձայնագրի համեմատ մոտ 15.000 քառակուսի կիլոմետրով ավելի մեծ ծովային գոտի կունենա»,- ասել է Գյուլերը։
Աղբյուր՝ Sabah




