Թուրքիայում նոյեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի մինչև 15 տարեկան երեխաների՝ սոցիալական ցանցերից օգտվելու սահմանափակումը։ Նոր կարգավորման համաձայն՝ սոցիալական ցանցերում հաշիվ բացող օգտատերերի տարիքը կստուգվի էլեկտրոնային պետծառայությունների՝ e-Devlet համակարգի միջոցով։
Պաշտոնական տեղեկագրում հրապարակված կանոնակարգի համաձայն՝ սոցիալական հարթակները չեն կարողանա ծառայություններ մատուցել 15 տարին չլրացած անչափահասներին։ Տարիքային սահմանափակմանը չհամապատասխանող օգտատերերը չեն կարողանա նոր հաշիվներ բացել։
Նոր կանոններ կգործեն նաև 15-18 տարեկան օգտատերերի համար։ Նրանց հաշիվներում առաջնահերթություն կտրվի գաղտնիության կարգավորումներին, իսկ ուղիղ հեռարձակումների և անհատականացված գովազդի նման որոշ գործառույթներ կսահմանափակվեն։
Արդեն գործող հաշիվների տարիքային ստուգման համար նախատեսվել է անցումային ժամանակահատված՝ մինչև 2027 թ. մարտի 31-ը։ Եթե պարզվի, որ օգտատերը 15 տարեկանից փոքր է, նրա գործող հաշիվը նույնպես կարող է փակվել։
Միաժամանակ օգտատերերին զգուշացրել են հնարավոր խարդախությունների մասին՝ հորդորելով չվստահել հաշվի փակման կամ տարիքը շտապ հաստատելու վերաբերյալ կեղծ հաղորդագրություններին և հղումներին։ Տարիքը հաստատելու համար խորհուրդ է տրվում օգտվել միայն turkiye.gov.tr պաշտոնական կայքից կամ e-Devlet-ի պաշտոնական բջջային հավելվածից՝ չփոխանցելով անձնական տվյալներն ու գաղտնաբառերը երրորդ անձանց։
Աղբյուր՝ Son söz




