Թուրքիան դեկտեմբերի 22-ին մրցույթ կհայտարարի երկրի արևելքում՝ Դիվրիգի-Կարս-Վրաստանի երկաթուղային գծի արդիականացման աշխատանքների համար։ Ծրագիրը նպատակ ունի ամրապնդել արևելք-արևմուտք երկաթուղային կապը և մեծացնել Միջին միջանցքի բեռնափոխադրումների հզորությունը։ Միջին միջանցքը Չինաստանը Եվրոպայի հետ կապող առևտրային երթուղի է, որն անցնում է Կենտրոնական Ասիայով, Կասպից ծովով և Հարավային Կովկասով՝ շրջանցելով Ռուսաստանը։
Ինչպես հաղորդում է թուրքական DHA գործակալությունը, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ նախագիծը ներառում է երկաթուղու ենթակառուցվածքների վերականգնում, էլեկտրաֆիկացում և ազդանշանային համակարգերի արդիականացում։
Աշխատանքները կիրականացվեն չորս հատվածով՝ Դիվրիգի-Էրզինջան, Էրզինջան-Էրզրում, Էրզրում-Կարս և Կարս-Վրաստանի սահման։ Նախատեսվում է շինարարությունն ավարտել չորս տարում։
Նախագիծն իրականացվելու է Համաշխարհային բանկի, Ասիական ենթակառուցվածքային ներդրումային բանկի և Իսլամական զարգացման բանկի ֆինանսավորմամբ։
Աղբյուր՝ DHA




