• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
5 Նոյեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների արդյունքների հնարավոր ազդեցությունը Թուրքիայի վրա

13:21, 05 Նոյեմբեր 2026
- Հոդված, ֆֆհայ
U.S. President Donald Trump welcomes Turkey's President Recep Tayyip Erdogan at the White House in Washington, D.C., U.S., September 25, 2025. REUTERS/Jonathan Ernst

U.S. President Donald Trump welcomes Turkey's President Recep Tayyip Erdogan at the White House in Washington, D.C., U.S., September 25, 2025. REUTERS/Jonathan Ernst

Share on FacebookShare on Twitter

ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների արդյունքները կարող են նոր բարդություններ ստեղծել Վաշինգտոն-Անկարա հարաբերություններում՝ սահմանափակելով նախագահ Դոնալդ Թրամփի հնարավորությունները Թուրքիայի հետ մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերելու գործում։ Թեև Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական հարաբերությունները վերջին շրջանում նպաստել են երկխոսության ակտիվացմանը, ամերիկյան օրենսդիր մարմնում ուժերի հարաբերակցության փոփոխությունը կարող է էական ազդեցություն ունենալ այդ հարաբերությունների գործնական օրակարգի վրա։

Դեմոկրատների կողմից Ներկայացուցիչների պալատի և Սենատի վերահսկողությունը ստանձնելը Թրամփի նախագահության վերջին երկու տարիները կարող է վերածել քաղաքական առումով ավելի բարդ շրջանի։ Այս պայմաններում Թուրքիայի համար առանցքային հարցն այն է, թե որքանով կկարողանա Սպիտակ տունը պահպանել Անկարայի հետ հարաբերությունների նախկին ընթացքը՝ Կոնգրեսի հնարավոր դիմադրության պայմաններում։

Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում Թրամփի գործոնը առանձնահատուկ նշանակություն է ստացել նրա երկրորդ նախագահության ընթացքում։ Ի տարբերություն Ջո Բայդենի վարչակազմի հետ ունեցած լարված հարաբերությունների՝ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն Անկարայում որոշակի լավատեսություն էր առաջացրել։ Երկու նախագահների անձնական կապը հնարավորություն էր տալիս հարցերը քննարկել անմիջական մակարդակում, իսկ Թրամփն իր հերթին բազմիցս դրական ազդակներ էր հղել Թուրքիային։

Հատկապես ուշագրավ էր հուլիսին Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Թրամփի հայտարարությունը, թե ինքը չի ցանկանում պատժամիջոցներ կիրառել դաշնակիցների նկատմամբ, և որ ժամանակն է վերացնել Թուրքիայի դեմ կիրառված CAATSA (Countering America’s Adversaries Through Sanctions Act / «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենք) սահմանափակումները։ F-35 կործանիչների վաճառքի հնարավորության վերաբերյալ էլ նա դրական դիրքորոշում էր արտահայտել՝ նշելով, որ դեռ վերջնական որոշում չի կայացրել։

Սակայն գագաթնաժողովից հետո այդ հայտարարություններին գործնական առաջընթաց չի հաջորդել։ Սա ցույց է տալիս, որ նույնիսկ նախագահի դրական վերաբերմունքը բավարար չէ այն հարցերի լուծման համար, որոնք ամրագրված են օրենսդրական սահմանափակումներով կամ պահանջում են Կոնգրեսի համաձայնությունը։

Անկարայի գլխավոր խնդիրը

Թուրքիայի համար ամենազգայուն հարցերից մեկը շարունակում է մնալ CAATSA պատժամիջոցների վերացումը։ Դրանք կիրառվել են 2019 թվականին՝ Ռուսաստանի S-400 զենիթահրթիռային հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի ձեռքբերումից հետո։ Այդ որոշման հետևանքով Թուրքիան նաև դուրս էր մնացել ամերիկյան արտադրության F-35 կործանիչների ծրագրից։

Թեև Թրամփը պատրաստակամություն է հայտնել վերանայել սահմանափակումները, Կոնգրեսի դիրքորոշումը կարող է լուրջ խոչընդոտ դառնալ։ Խնդիրն այն է, որ Թուրքիայի նկատմամբ քննադատական վերաբերմունք կա ոչ միայն դեմոկրատների, այլև հանրապետականների շրջանում։ Ամերիկացի օրենսդիրների մտահոգությունները վերաբերում են ոչ միայն S-400 համակարգերի առկայությանը, այլև Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների վատթարացմանը, Հունաստանի ու Կիպրոսի հետ տարաձայնություններին, ինչպես նաև Թուրքիայում ժողովրդավարության, մարդու իրավունքների և խոսքի ազատության վիճակին։

CAATSA պատժամիջոցների վերացման գործընթացը ենթադրում է մի շարք բարդ քայլեր։ Նախ՝ Թուրքիան պետք է լուծի իր զինանոցում S-400 համակարգերի առկայության հարցը՝ դրանք այլ երկիր տեղափոխելու միջոցով։ Դրանից հետո անհրաժեշտ կլինի օրենսդրական փոփոխություն, որը թույլ կտա մշտապես վերացնել պատժամիջոցները, իսկ այդ փոփոխությունը պետք է անցնի Կոնգրեսով։

Միաժամանակ օրենսդրությունը նախագահին հնարավորություն է տալիս ժամանակավորապես կասեցնել պատժամիջոցների կիրառումը՝ համապատասխան բացառության մեխանիզմի միջոցով։ Սակայն այդ դեպքում ևս Թրամփը պետք է Կոնգրեսին ներկայացնի համապարփակ զեկույց՝ հիմնավորելով իր որոշումը կոնկրետ տեղեկություններով և զարգացումներով։

Այսպիսով՝ դեմոկրատների վերահսկողության տակ անցած Կոնգրեսը կարող է ոչ միայն դժվարացնել պատժամիջոցների ամբողջական վերացումը, այլև սահմանափակել Թրամփի՝ դրանց ժամանակավոր կասեցման հնարավորությունը։

F-35-ը և պաշտպանական համագործակցության մյուս ուղղությունները

F-35 ծրագրին վերադառնալու հարցը ևս անմիջականորեն կապված է Կոնգրեսի դիրքորոշման հետ։ Թուրքիան ծրագրից հեռացվելուց առաջ վճարել էր վեց կործանիչի համար, որոնք մինչ օրս պահվում են ԱՄՆ-ում։ Սակայն 2020 թվականին ընդունված ամերիկյան պաշտպանական օրենսդրության մեջ ներառվել է դրույթ, որն արգելում է F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային՝ S-400 համակարգերի ձեռքբերման պատճառով։

Հետևաբար, նույնիսկ եթե Սպիտակ տունը քաղաքական կամք դրսևորի Անկարային ծրագրում վերադարձնելու հարցում, անհրաժեշտ կլինի հաղթահարել օրենսդրական խոչընդոտը։ Դեմոկրատների վերահսկողությունը հատկապես կարևոր է դառնում նաև այն պատճառով, որ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների և պաշտպանական հարցերով զբաղվող հանձնաժողովները կարող են ավելի խիստ վերահսկողություն սահմանել զենքի վաճառքի և արտահանման թույլտվությունների նկատմամբ։

Այս հանգամանքը կարող է անդրադառնալ նաև Թուրքիայի սեփական պաշտպանական արդյունաբերության ծրագրերի վրա։ Մասնավորապես, ուշադրության կենտրոնում է թուրքական KAAN կործանիչի համար նախատեսված ամերիկյան F-110 շարժիչների մատակարարման հարցը։

Այդուհանդերձ, Թուրքիայի հետազոտությունների հիմնադրամի (TAV) փորձագետ Բեքիր Իլհանը տարբերակում է CAATSA-ի և F-110 շարժիչների մատակարարման հեռանկարները։ Նրա գնահատմամբ՝ շարժիչների մատակարարման գործընթացում Անկարան լուրջ խնդիրներ չպետք է ունենա, մինչդեռ CAATSA պատժամիջոցների վերացումը շատ ավելի բարդ հարց է։

Իլհանը նաև ուշադրություն է հրավիրել ամերիկյան ներքաղաքական գործոնի վրա՝ նշելով, որ դեմոկրատները կարող են խոչընդոտներ ստեղծել ոչ միայն Թուրքիայի նկատմամբ բացասական վերաբերմունքի պատճառով, այլև պարզապես Թրամփի քաղաքականությանը հակազդելու նպատակով։

«Դեմոկրատները կարող են դժվարություններ ստեղծել նման հարցերում՝ նույնիսկ միայն Թրամփի քաղաքականության ճանապարհը փակելու համար»,-նշել է փորձագետը։

Նրա խոսքով՝ Թրամփի կառավարման ոճը վերջին երկու տարիներին դժգոհություն է առաջացրել ընտրողների շրջանում, և Կոնգրեսում դեմոկրատների դիրքերի ամրապնդումը նախագահի համար ավելի բարդ քաղաքական միջավայր է ձևավորելու։

Իսրայելի և Հունաստանի գործոնը

Անկարայի համար լրացուցիչ խնդիր կարող է դառնալ նաև ամերիկյան Կոնգրեսում Իսրայելի և Հունաստանի շահերի պաշտպանությամբ զբաղվող կառույցների ակտիվությունը։ Այդ շրջանակները նախկինում ևս փորձել են ազդել Թուրքիայի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության վրա՝ մասնավորապես F-16 և F-35 կործանիչների վաճառքի հարցերում։

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների վատթարացումը կարող է այս առումով նոր լարվածություն ստեղծել։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեմ է արտահայտվել Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելու հնարավորությանը՝ պնդելով, որ դա կարող է փոխել ուժերի հարաբերակցությունը հօգուտ Անկարայի՝ Մերձավոր Արևելքում և Արևելյան Միջերկրականում։

Թրամփն այդ դիրքորոշմանը հակադարձել էր՝ հայտարարելով. «Ոչ ոք չի կարող ինձ ասել՝ ում ինչ վաճառել կամ չվաճառել»։ Սակայն նախագահի նման հայտարարությունը դեռևս չի նշանակում, որ նա կարող է անտեսել Կոնգրեսի օրենսդրական լիազորություններն ու քաղաքական ազդեցությունը։

Հենց այստեղ էլ ի հայտ է գալիս Թրամփի և Էրդողանի անձնական հարաբերությունների սահմանափակությունը։ Եթե նախկինում Անկարան կարող էր ակնկալել, որ երկու նախագահների անմիջական երկխոսությունը կօգնի շրջանցել որոշ տարաձայնություններ, ապա այժմ այդ մոտեցումը կարող է բավարար չլինել։ Կոնգրեսի դիրքորոշումը կարող է ավելի մեծ նշանակություն ստանալ ոչ միայն պաշտպանական գործարքների, այլև Թուրքիայի նկատմամբ ամերիկյան ընդհանուր քաղաքականության ձևավորման հարցում։

Անկարան՝ ռազմավարական ինքնուրույնության որոնման ճանապարհին

Վաշինգտոնում քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունը կարող է նաև արագացնել Թուրքիայի՝ արտաքին քաղաքականության մեջ այլընտրանքային գործընկերություններ և համագործակցության ձևաչափեր զարգացնելու ձգտումը։

Վերջին շրջանում Անկարան ավելի մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային համագործակցության մեխանիզմներին՝ փորձելով ընդլայնել իր գործողությունների հնարավորությունները՝ առանց ամբողջությամբ կախված լինելու ԱՄՆ-ի դիրքորոշումից։ Այս համատեքստում կարևոր են Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի մասնակցությամբ ձևավորվող պաշտպանական համագործակցությունը, Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում Անկարայի ակտիվությունը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Արևելյան Միջերկրականում սեփական նախաձեռնությունների առաջմղումը։

Սակայն ռազմավարական ինքնուրույնության ձգտումը չի նշանակում, որ Թուրքիան կարող է հեշտությամբ փոխարինել ԱՄՆ-ի հետ պաշտպանական և քաղաքական համագործակցությունը։ Վաշինգտոնը շարունակում է մնալ Անկարայի կարևոր գործընկերներից մեկը՝ հատկապես ՆԱՏՕ-ի շրջանակում, իսկ ամերիկյան տեխնոլոգիաներից և ռազմական արտադրանքից կախվածությունը սահմանափակում է Թուրքիայի մանևրի հնարավորությունները։

Հետևաբար, Կոնգրեսի դեմոկրատական վերահսկողությունը կարող է Անկարային դրդել միաժամանակ երկու ուղղությամբ գործել՝ պահպանել Թրամփի հետ անմիջական քաղաքական կապը և ընդլայնել արտաքին քաղաքական այլընտրանքները։

Անձնական դիվանագիտությունը բավարար չի լինի

ԱՄՆ-ում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունը դեռ չի նշանակում, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները մտնում են անխուսափելի առճակատման փուլ։ Թրամփն ու Էրդողանը կարող են շարունակել համագործակցել մի շարք տարածաշրջանային հարցերի շուրջ՝ Ուկրաինայի պատերազմի կարգավորումից մինչև Մերձավոր Արևելքի զարգացումներ։ Երկու երկրների համար էլ ՆԱՏՕ-ի շրջանակում համագործակցության պահպանումը շարունակում է ունենալ ռազմավարական նշանակություն։

Սակայն հարաբերությունների հետագա ընթացքը կախված կլինի ոչ միայն երկու նախագահների քաղաքական կամքից, այլև այն հանգամանքից, թե որքանով հնարավոր կլինի հաղթահարել ամերիկյան օրենսդիր մարմնի դիմադրությունը։

Այս առումով կարևոր է տարբերակել քաղաքական հայտարարությունները և դրանց իրականացման իրավական մեխանիզմները։ Թրամփը կարող է դրական վերաբերմունք արտահայտել Թուրքիայի՝ F-35 ծրագրին վերադառնալու կամ CAATSA պատժամիջոցների վերացման վերաբերյալ, սակայն այդ հարցերի լուծումը պահանջում է ավելի լայն ինստիտուցիոնալ համաձայնություն։

Ուստի Անկարայի համար առաջիկա երկու տարիների գլխավոր մարտահրավերը ոչ այնքան Թրամփի հետ երկխոսությունը պահպանելն է, որքան այդ երկխոսությունը կոնկրետ արդյունքների վերածելը։ Եթե Սպիտակ տունը չկարողանա հաղթահարել Կոնգրեսի դիմադրությունը, Էրդողան-Թրամփ անձնական կապը կարող է պահպանել հարաբերությունների քաղաքական մակարդակը, բայց չապահովել Անկարայի համար կարևոր պաշտպանական և ռազմավարական հարցերի լուծումը։

Հեղինակ՝ Էլեն Քոքչյան

Աղբյուր՝ Ermenihaber.am

Tags: ԱՄՆԷրդողանԹուրքիաԹրամփԿոնգրես

Ենթաբաժնի վերջին լուրերը

Գերմանիան հեշտացնում է թուրք գործարարների՝ վիզա ստանալու գործընթացը

05.11.2026

Գերմանիայի արտգործնախարարն անդրարադրձել է Թուրքիա-Գերմանիա վիզային գործընթացին։

Թուրքիայի խորհրդարանը սկսել է վավերացնել Մեքքայի համաձայնագիրը

05.11.2026

Թուրքիայի ընդդիմությունը մտահոգված է համաձայնագրի ռազմական հնարավոր հետևանքներով։

Թուրքիան և Իտալիան խորացնում են անվտանգության համագործակցությունը

05.11.2026

Քննարկվել են ապօրինի միգրացիայի, ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համատեղ քայլերը։

8

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır