Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նոյեմբերի 17-ին Բրյուսելում կմասնակցի Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհրդի շրջանակում անցկացվող տարածաշրջանային անվտանգության և փոխկապակցվածության հարցերով նախարարների հանդիպմանը։
Հանդիպմանը կմասնակցեն ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը, ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Կենտրոնական Ասիայի երկրների ներկայացուցիչները։
Օրակարգում են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները, Սև ծովի անվտանգության հարցերը, ինչպես նաև Սև ծովը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող էներգետիկ ու տրանսպորտային նախագծերը։
Սև ծովին նվիրված քննարկումներում նախատեսվում է անդրադառնալ Ուկրաինայում շարունակվող պատերազմի ազդեցությանը, ծովային անվտանգությանը, հացահատիկի փոխադրումներին և կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությանը։
Ակնկալվում է, որ Ֆիդանը կշեշտի Սև ծովում անվտանգության ապահովման հարցում տարածաշրջանային երկրների դերը և Մոնտրոյի կոնվենցիայի կարևորությունը։ Նա նաև կներկայացնի Թուրքիայի դիրքորոշումը տարածաշրջանային տրանսպորտային ու էներգետիկ նախագծերի վերաբերյալ։
Աղբյուր՝ TRT Haber




