Նոյեմբերի 9-20-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովը (COP31) ավարտվել է առանց վերջնական՝ «Անթալիայի համաձայնագրի» ընդունման։ Երկրները չեն կարողացել համաձայնության գալ հանածո վառելիքից՝ նավթից, գազից և ածխից աստիճանաբար հրաժարվելու շուրջ։
Ավելի քան 2 շաբաթ տևած բանակցությունների ընթացքում ներկայացված վերջնական փաստաթղթի շուրջ տարաձայնություններ են առաջացել։ Եվրամիությունը, Պանաման, Մարշալյան կղզիները, Նորվեգիան և Վանուատուն դեմ են արտահայտվել նախագծին՝ քննադատելով հանածո վառելիքից հրաժարվելու հստակ ճանապարհային քարտեզի բացակայությունը։
ԵՄ-ն փաստաթուղթը համարել է հետընթաց՝ նշելով, որ չի կարող աջակցել համաձայնագրի, որը հստակ չի անդրադառնում կլիմայական ճգնաժամի հիմնական պատճառներից մեկին։ Մինչդեռ Չինաստանը, Աֆրիկյան խմբի երկրները և մի շարք զարգացող պետություններ, չնայած վերապահումներին, աջակցել են նախագծին՝ հույս ունենալով հասնել փոխզիջման։
Տարաձայնություններ են եղել նաև զարգացող երկրներին կլիմայական փոփոխություններին հարմարվելու համար ֆինանսական աջակցություն տրամադրելու շուրջ։
Չնայած հիմնական քաղաքական համաձայնագրի ձախողմանը՝ համաժողովում ընդունվել են որոշումներ կլիմայական ֆինանսավորման, հարմարվողականության և արդար անցման ծրագրերի վերաբերյալ։
Համաժողովի արդյունքները քննադատել են նաև բնապահպանական կազմակերպությունները՝ այն համարելով կլիմայական դիվանագիտության ձախողումներից մեկը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նույնպես հիասթափություն է հայտնել արդյունքներից։
Աղբյուր՝ Ekonomim




