• Մենք
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
23 Նոյեմբեր 2026
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
No Result
View All Result
  • am Հայերեն
  • tr Türkçe
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
Ermeni haber ajansı
Կարճ ու կոնկրետ
am Հայերեն tr Türkçe

Լռեցվող մեդիան Թուրքիայում. Էրդողանը՝ «Ազատ մամուլի թշնամիների» ցանկում

12:19, 23 Նոյեմբեր 2026
- Հոդված, ֆֆհայ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայում մամուլի և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներն օրեցօր աճում են։ Խոսքի ազատության սահմանափակման քաղաքականությունը, որը տարիներ շարունակ ուղղված էր տպագիր մամուլի և հեռուստաընկերությունների դեմ, այժմ ամբողջ թափով տեղափոխվել է առցանց հարթակներ։ Թուրքիայի իշխանությունները՝ ի դեմս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, կայքերի սահմանափակումների ու արգելափակումների, հեռարձակման դադարեցումների, ձերբակալությունների ու տուգանքների միջոցով փորձում են ամբողջությամբ վերահսկել ու մաքրել տեղեկատվական դաշտը քննադատություններից։

Նման մոտեցումը բնորոշ է եղել նաև Օսմանյան կայսրության ժամանակաշրջանին, երբ մամուլը գործում էր կենտրոնական իշխանության հովանու ներքո և բովանդակության նկատմամբ վերահսկողությունը շատ խիստ էր։ Լրատվամիջոցները չեն ձևավորվել հասարակության ստորին շերտի կողմից, այլ ձևավորվել են իշխանության կողմից։ Մասնավորապես իշխանության կողմից հրատարակվել է պաշտոնական թերթ՝ «Takvim-i Vekâyi»-ին (1831 թ.), որը համարվում է Օսմանյան կայսրության առաջին պաշտոնական թերթը և Թուրքիայի մամուլի պատմության կարևորագույն սկզբնակետերից մեկը, որը թարգմանաբար նշանակում է «Իրադարձությունների օրացույց» կամ «Դեպքերի տարեգրություն»։ Այնտեղ հրապարակվում էին պետական որոշումներ, հրամանագրեր և պաշտոնական հայտարարություններ։ Սա ցույց է տալիս, որ մեդիան պետական շահերին ծառայեցնելու ու վերահսկելու քաղաքականությունը նոր երևույթ չէ, այլ արմատավորված է դեռևս կայսրության ժամանակաշրջանից։

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության ամենամյա զեկույցներում Թուրքիան կայուն կերպով զբաղեցնում է վերջին հորիզոնականները՝ հայտնվելով մամուլի ազատության տեսանկյունից ամենախնդրահարույց երկրների շարքում։ Կազմակերպության հրապարակած 2026-ի մամուլի ազատության ինդեքսում 180 երկրի շարքում Թուրքիան զբաղեցրել է 163-րդ տեղը, իսկ Էրդողանը կրկին ընդգրկվել է «Մամուլի ազատության թշնամիների» 2026-ի ցանկում։ Կազմակերպության զեկույցում նշվում է, որ Էրդողանի կառավարման տարիներին Թուրքիայում հարյուրավոր լրագրողներ ենթարկվել են դատական հետապնդումների, իսկ 2023-ին՝ նրա վերընտրվելուց հետո, լրագրողների նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են։ Թուրքիայում «նախագահին վիրավորելու» մեղադրանքով ավելի քան 250 լրագրողի դեմ իրավական գործընթաց է սկսվել։ Միայն 2026-ին Թուրքիայում 8 լրագրող է ձերբակալվել, և նշվում է, որ թուրքական իշխանությունները լրագրողների դեմ հաճախ օգտագործում են նաև «ապատեղեկատվության տարածելու» և «ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու» մեղադրանքները։

Մեդիա գրաքննության ամենաթարմ դեպքը տեղի է ունեցել վերջերս, երբ Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլի գլխավոր դատախազության հետաքննության շրջանակում ներխուժել էր ընդդիմադիր «Sözcü» մեդիա խմբի շենք և իրականացրել խուզարկություն, ինչի արդյունքում բերման էին ենթարկվել մեդիա խմբի աշխատակիցներ ու ղեկավարներ։ Նշվել է, որ «Sözcü» մեդիա խմբի սեփականատեր Բուրաք Աքբայիի նկատմամբ «FETÖ»-ի (Գյուլենական շարժման) գործով քննություն է իրականացվում, և նա մեղադրվում է այդ կազմակերպությանն անդամակցելու ու այդտեղից ֆինանսավորում ստանալու մեջ։ Նշենք, որ այդ կազմակերպությունը Թուրքիայի կողմից  համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ 

Մեկ այլ գրաքննոթյան դեպք, երբ Ստամբուլի գլխավոր դատախազության որոշմամբ Թուրքիայի տարածքում արգելափակվել են անկախ լրատվամիջոցներից «T24»-ի կայքն ու սոցիալական ցանցերի էջերը։ Որպես արգելափակման պատճառ նշվել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում «T24»-ը հրապարակել է 118 նյութ, որոնք որակվել են որպես «ԼԳԲՏԻ-ի քարոզչություն»։

Մեդիա գրաքննությունից ու դատական հետապնդումներից անմասն չեն մնում նաև պատմական ու փոքրամասնություններին առնչվող թեմաները. Օրինակ՝ ընդդիմադիր «Bianet» լրատվականի խմբագիր Թուղչե Յըլմազի նկատմամբ գործ էր հարուցվել «Թուրքիայի հայ երիտասարդները պատմում են․ 109 տարի շարունակվող սուգ» վերնագրով հրապարակման համար, որը կապված է Հայոց ցեղասպանության թեմայի հետ։ Վերջինս մեղադրվում է «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, պետական մարմիններին ու կառույցներին վիրավորելու» մեջ։ Սա ցույց է տալիս, որ Թուրքիան խիստ հետամուտ է ցանկացած հարցի վերաբերյալ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին կարևորագույն թեմաներին առնչվող։ 

Թուրքիայում մեդիա գրաքննությունն իրականացվում է մի քանի առանցքային պետական կառույցների, դատական համակարգի ու տնտեսական լծակների համակարգված աշխատանքի միջոցով։ Դրանցից ամենաազդեցիկ կարգավորող մարմինը «Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդն» է (RTÜK), որը վերահսկում է հեռուստառադիոեթերը և առցանց հեռարձակման հարթակները։ Այն իրավունք ունի նշանակել տուգանքներ, ժամանակավորապես կասեցնել հաղորդումները կամ չեղարկել հեռարձակման լիցենզիաները՝ «ազգային ու բարոյական արժեքներին հակասելու», «ատելության խոսք տարածելու» կամ պետական ինստիտուտներին քննադատելու պատրվակով։

Հաջորդ կարգավորող մարմինը «Տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության վարչությունն» է (BTK), որը թվային տարածքի գլխավոր վերահսկիչն է և լիազորված է առանց դատարանի նախնական որոշման արգելափակել կայքեր, հեռացնել առանձին հրապարակումներ և ճգնաժամային իրավիճակներում (ահաբեկչություններ, բողոքի ցույցեր, աղետներ) դանդաղեցնել սոցիալական ցանցերի թողունակությունը՝ տեղեկության տարածումը կանխելու նպատակով։

Վերահսկող մեկ այլ կարևոր օղակ է Թուրքիայի նախագահականի Հանրային կապերի վարչությունը (İletişim Başkanlığı), որը համակարգում է պետական տեղեկատվական քաղաքականությունը, վերահսկում է մամուլի քարտերի տրամադրումն ու չեղարկումը (առանց որի լրագրողները զրկվում են պետական միջոցառումները լուսաբանելու իրավունքից), ինչպես նաև կառույցում գործում է «Ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը», որը պարբերաբար թիրախավորում է իշխանությանը քննադատող հրապարակումները։

Բացի այդ, արտակարգ իրավիճակների, աղետների, ռազմական գործողությունների կամ կոռուպցիոն սկանդալների ժամանակ դատարանները հաշված ժամերի ընթացքում կիրառում են հեռարձակման ժամանակավոր արգելքներ՝ պահանջելով հղում անել բացառապես պետական պաշտոնական հաղորդագրություններին։ Իրավական դաշտում ևս պարբերաբար կիրառվում են Քրեական օրենսգրքի 299-րդ («Նախագահին վիրավորելը») և 301-րդ («Թուրք ազգին և պետությանը վիրավորելը») հոդվածները՝ հատկապես քրդական հարցի, արտաքին քաղաքականության կամ պետական կառույցների գործունեության լուսաբանման դեպքում։

Վերահսկողության համակարգը ամբողջացնում են տնտեսական պարտադրանքները։ Թուրքիայում գործող խոշոր մեդիա հոլդինգներին են պատկանում թուրքական հիմնական հեռուստաալիքների և թերթերի շուրջ 90 տոկոսը։ Նրանց հիմնական բիզնեսը կապված է պետական տենդերների հետ (շինարարություն, էներգետիկա, հանքարդյունաբերություն), և այդ գործարքները չկորցնելու նպատակով այս կառույցներում գործում է խիստ ներքին գրաքննություն։ Իսկ «X, Meta, YouTube և TikTok» սոցիալական ցանցերի մասին օրենսդրությամբ պարտավորված են ներկայացուցիչներ ունենալ Թուրքիայում և կատարել տեղական դատարանների ու «BTK»-ի՝ բովանդակությունը հեռացնելու պահանջները՝ հակառակ դեպքում բախվելով գովազդային արգելքների և կայքի թողունակության 90 տոկոսանոց կրճատման վտանգին։

Տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության վարչությունը (BTK) շարունակել է «ազգային անվտանգության և հասարակական կարգի պահպանման» պատրվակով արգելափակել մի շարք անկախ, ձախակողմյան և քրդամետ լրատվական հարթակների «Mezopotamya Ajansı, JinNews, Yeni Yaşam, Artı Gerçek և Sendika.org» դոմեյնները՝ ստիպելով խմբագրություններին անընդհատ փոխել իրենց կայքերի հասցեները, հատկապես Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողությունների, քրդական հարցի և ընդդիմադիր քաղաքապետերի պաշտոնանկությունների լուսաբանման շրջանում։ Բացի այդ ընդդիմադիր «Halk TV, Sözcü TV, Tele1 և NOW TV» հեռուստաալիքները պարբերաբար ենթարկվել են տուգանքների և հաղորդումների կասեցման՝ երկրում տիրող տնտեսական դժվարությունների, սոցիալական բողոքների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ դատական գործընթացների քննադատական լուսաբանման համար։

Արգելափակումների նոր ալիք է արձանագրվել նաև սոցիալական ցանցերում։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում արգելափակվել է 521 անձի օգտահաշիվ «X» հարթակում՝ Անթալիայում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովի (COP31) վերաբերյալ գրառումներ անելու պատճառով։ Արգելափակվել են ոչ միայն լրագրողների, այլ նաև կլիմայի ու էներգետիկայի մասնագետների, փաստաբանների և բժիշկների օգտահաշիվներ։ Ընթացիկ տարվա հոկտեմբերի 2-ին «Խոսքի ազատության ասոցիացիան» (İFÖD) հայտարարել է, որ գրաքննության ալիքը վերածվել է ցունամիի՝ նշելով, որ մեկ ամսվա ընթացքում արգելափակվել է առնվազն 1270 «X»-ի օգտահաշիվ, իսկ ասոցիացիայի նոյեմբերի 2-ի հայտարարության համաձայն՝ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին ընդհանուր առմամբ արգելափակվել է 2137 օգտահաշիվ։

Ամփոփելով վերոնշայլ ցուցանիշներ ու օրինակները` կարող ենք ասել, որ  Թուրքիայում խոսքի ազատությունը խիստ սահմանափակ է, իսկ գրաքննության մակարդակն ունի խիստ բարձր շեմ։ Երբ լրատվամիջոցները զրկվում են քննադատելու և հետաքննելու իրավունքից, հանրությունը հայտնվում է տեղեկատվական մեկուսացման մեջ։

Դեռևս օսմանյան շրջանից ժառանգած պետականակենտրոն մամուլի մոդելը ժամանակակից Թուրքիայում ստացել է նոր տեխնոլոգիական գործիքակազմ՝ լռեցնելով այլախոհությունը և վերահսկելի դարձնելով հանրային կարծիքի ձևավորումը։

Հեղինակ՝ Անի Գալստյան

Աղբյուր՝ Ermenihaber

Tags: ԷրդողանԹուրքիախոսքի ազատությունմամուլմեդիա

Ենթաբաժնի վերջին լուրերը

Թուրքիայի ԱԳ նախարարը մեղադրել է հունական և հրեական լոբբիստական ուժերին

23.11.2026

Ըստ Ֆիդանի՝ ԱՄՆ-ում լոբբինգ է արվում, որ Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցների չվերացվեն։

Ստամբուլի փողոցներում առյուծ է նկատվել

23.11.2026

Կենդանու գտնվելու վայրը հայտնաբերվել է ջերմային տեսախցիկների միջոցով:

Ֆիդան. «Թուրքիան լուրջ աշխատանք է տանում Հարավային Կովկասում»

23.11.2026

Ըստ Թուրքիայի ԱԳՆ նախարարի՝ Մերձավոր Արևելքը իրենց համար ռազմավարական տարածաշրջան է, Կովկասը՝ նույնպես։

9

Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2026-ին կայցելի՞ Հայաստան

Կարճ ու կոնկրետ

  • Լրահոս
  • Կարճ ու կոնկրետ
  • Մենք

2010-2025 © ermenihaber.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են

ERMENİ HABER AJANSI

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

No Result
View All Result
  • Ցեղասպանություն
  • Ռազմական
  • Քաղաքական
  • Տնտեսական
  • Ռեգիոն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Հոդված
  • Միջազգային
  • Հանրային
  • Իրավական
  • Կրթական
  • Հարցազրույց
  • Հին կայք
  • Մենք

Copyright EH ermenihaber.am © 2015-2025
Tüm hakları saklıdır