Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նոյեմբերի 4-ից 5-ը Երևանում տեղի էր ունեցել «Օրբելի ֆորում 2025․ Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» համաժողովը, որին մասնակցել էր Բաքվի Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի համահիմնադիր և տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովը։
Նա բացառիկ հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին և կիսվել իր դիտարկումներով։
– Բաքուն դե՞մ է, թե՞ կողմ, որ հայ-թուրքական սահմանը բացվի, պետությունն իր հերթին, իսկ ժողովուրդը՝ իր, ի՞նչ են մտածում։
– Ադրբեջանում թե՛ հասարակությունը, թե՛ քաղաքական վերնախավը շատ ուշադիր հետևում է հայ-թուրքական գործընթացին։ Ադրբեջանում տարածված է «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը, ըստ այդմ, այն ամենը, ինչ տեղի է ունենում Թուրքիայի շուրջ, հատկապես Թուրքիայի արտաքին քաղաքականությունը՝ կապված Հայաստանի հետ, ընկալվում է շատ զգայուն կերպով։ Մենք Ադրբեջանում ներկայացնում ենք փորձագիտական համայնք։ Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ շարքային քաղաքացիները դեմ չեն լինի հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը (չունեմ հարցման արդյունքներ), այսինքն՝ դա իմ սեփական դիտարկումն է։ Այս երկու գործընթացները զուգահեռ են, բայց միևնույն ժամանակ՝ փոխկապակցված։ Սակայն առաջնահերթությունը պետք է տրվի հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, քանի որ դա նաև կօգնի հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Գիտեմ, շատ բարդ է։
– Ինչպե՞ս կգնահատեք համագործակցությունը 3+3 տարածաշրջանային հարթակի շրջանակներում։
– Պանելային քննարկման ժամանակ ես նույնպես փորձեցի անդրադառնալ հենց այդ հարցին։ Ես ասացի, որ հատկապես 2020-ի պատերազմից հետո եղել են մի քանի տարածաշրջանային հարթակների նախաձեռնություններ։ Կան մի քանի այլ նախաձեռնություններ և ես չգիտեմ, թե որքանով դրանք կհաջողեն կամ կձախողեն։ Իմ տեսլականն այն է, որ Հարավային Կովկասի երեք երկրները պետք է համագործակցեն և ստեղծեն իրենց սեփական տարածաշրջանային գործակալությունը։ Որպես տարածաշրջանային միավոր՝ նրանք կամ կդիմեն արտաքին ուժերին, կամ արտաքին ուժերը կմոտենան նրանց։ Սա կարող է լինել «3+1»՝ Հարավային Կովկաս գումարած ԵՄ, «3+1»՝ Հարավային Կովկաս գումարած ԱՄՆ, կամ Հարավային Կովկաս գումարած Կենտրոնական Ասիայի 5 երկիր։ Այսպիսով, կարծում եմ, որ մենք նախ պետք է ստեղծենք հիմնական տարածաշրջանային հարթակ, ապա նոր խաղանք տարբեր տարբերակներով։
– Ի՞նչ տպավորություններով ու խոհերով եք հեռանալու Հայաստանից։
– Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել համաժողովի կազմակերպիչներին հրավերի, հյուրընկալության և, իհարկե, անվտանգության ապահովման համար։ Հուսով եմ, որ մոտ ապագայում անվտանգության որևէ միջոցի կարիք չի լինի, և մեր քաղաքացիները կկարողանան անարգել տեղաշարժվել։ Ցանկանում եմ նաև ասել, որ ով էլ գա Հայաստանից Բաքու, նրանք նույնպես կունենան նման անվտանգություն։ Մենք ապահովում ենք անվտանգության միջոցները, անձնական պաշտպանությունը, և նույնը կկիրառվի նաև Հայաստանի քաղաքացիների նկատմամբ։ Այս պահին անհրաժեշտ է խուսափել ցանկացած ֆորսմաժորային իրավիճակից։ Վերքերն ու տրավմաները դեռ թարմ են։ Երկու երկրներում էլ կան քաղաքացիներ, ովքեր տուժել են պատերազմից, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին։ Հետևաբար, մենք պետք է հասկանանք նրանց, պետք է բավականին զգայուն լինենք որոշակի հարցերի նկատմամբ։ Բայց ես, իսկապես հույս ունեմ, որ առաջիկայում դուք նույնպես կկարողանաք այցելել Ադրբեջան, սկզբում՝ որոշակի անվտանգության միջոցառումներով, իսկ հետո՝ արդեն ազատորեն։
Աղբյուր՝ Ermeni Haber
Հեղինակ՝ Անի Գալստյան









