Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ, այժմ կալանքի տակ գտնվող Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կողմից օգտագործվող հերթական սոցհաշվի մուտքն արգելափակվել է:
Ինչպես նշվում է աղբյուրում՝ մայիսի 8-ին վերջինիս X-ում ունեցած անձնական սոցհաշվի արգելափակումից հետո Իմամօղլուն շարունակում էր գրառումներ կատարել «Cumhurbaşkanlığı Aday Ofisi» (նախագահի թեկնածուի գրասենյակ) անունով օգտահաշվից, որն արդեն ևս արգելափակված է:
Հավելյալ ընդգծվում է, որ օգտահաշվի արգելափակման մասին որոշումը X-ի կողմից անմիջապես չի կատարվել:
Հիշեցնենք, որ Իմամօղլուի նկատմամբ ներկայացվել է 142 գործով մեղադրանք, և նրա համար պահանջվել է 828-ից մինչև 2352 տարվա ազատազրկում։ Նա հանդիսանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր հակառակորդը: Մարտի 19-ին Իմամօղլուի ձերբակալման օրը հայտնի էր դարձել նախագահական հաջորդ ընտրություններում վերջինիս թեկնածության առաջադրման մասին:
Աղբյուր՝ Artı Gerçek









