Հասարակական11:43, 22 Օգոստոս 2012
Չնայած թուրքական ժխտումներին՝ հայկական ջարդերի մասին ֆեթվան գրավում է աշխարհի ուշադրությունը
Հարութ Սասունյանի
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և
խմբագիր
Ադանայում հայերի ջարդերի համար թուրքերին դատապարտող Եգիպտոսի
գլխավոր իսլամական հոգևորականի արձակած 1909 թվականի ֆեթվայի մասին անցյալ շաբաթվա
սյունակը լայն ուշադրության է արժանացել: Հոդվածը տեղադրվել է բազմաթիվ երկրների
կայքերում, այդ թվում՝ Պակիստանի, Հնդկաստանի, Իսրայելի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Լիբանանի,
Հայաստանի և Միացյալ Նահանգների:
Չնայած իմ սյունակները հաճախ են թարգմանվում
և արտատպվում թուրքական լրատվամիջոցներում, սակայն անցյալ շաբաթվա հոդվածը
գերազանցեց բոլոր ռեկորդները: Այն ամփոփ ձևով հայտնվեց տասնյակ թուրքական
թերթերում և կայքերում: Բացի այդ, հայտնի սյունակագիր Թահա Աքյոլը ծավալուն
հերքում հրապարակեց «Հուրիեթ» թերթում, «CNN-Turk» լրատվականում և այլ
հրապարակումներում: Աքյոլը աջակողմյան լրագրող է, որը «Գորշ գայլերի» առաջնորդ,
ծայրահեղ ազգայնական Ալփասլան Թյուրքեշից իր հավատարմությունը թեքել է նախագահ
Աբդուլլահ Գյուլի և նրա ղեկավարած իսլամիստական «Արդարություն և զարգացում» (AKP)
կուսակցության կողմը:
Աքյոլն ինձ նկարագրում է որպես «հայկական
Սփյուռքի կատաղի ղեկավարներից մեկը» և «ռազմատենչ Դաշնակ»: Թուրք ընթերցողներին իմ
«արմատական» հայ լինելն ապացուցելու համար, Աքյոլը մեջբերում է կատարել իմ ավելի
վաղ հրապարակված հոդվածից, որտեղ նշել էի, թե օրերից մի օր հայերը կարող են
վերստանալ Արևմտյան Հայաստանը, երբ չնախատեսված զարգացումներ տեղի ունենան
տարածաշրջանում՝ ստեղծելով իշխանության վակուում: Արևմտյան Հայաստանի վերաբերյալ
իմ հայացքները դատապարտելու գործում Աքյոլին է միացել նաև նախկին թուրք դեսպան
Օմեր Էնգին Լյութեմը: Դեսպան Լյութեմն ինձ անվանելով «ծայրահեղ ազգայնական»,
միաժամանակ ներկայացնում է որպես մի անձնավորություն, որով «շատ հիանում և ում
հոդվածները հաճախ ընթերցում են սփյուռքահայերը: Ի լրումն նրա գրվածքների արժեքավոր
լինելուն, նա այն մարդն է, որին պետք է լրջորեն վերաբերվել՝ հայկական Սփյուռքի վրա
նրա ունեցած ազդեցության պատճառով»:
Աքյոլն իր հոդվածում ստանդարտ ժխտողական
մարտավարություն է կիրառում՝ նվազեցնելով հայ զոհերի թիվը Ադանայում և հայկական
ջարդերը կեղծորեն ներկայացնելով որպես հայերի ու թուրքերի միջև եղած բախում:
Իրականում 30 հազար հայ է կոտորվել Ադանայում թուրք խուժանի կողմից, որին
կատաղության էր հասցրել Իսմայիլ Հաքքըն՝ Ադանայի հարևանությամբ գտնվող Բահչե
գյուղաքաղաքի մուֆթին: Աքյոլի կողմից փաստերի կոպիտ խեղաթյուրումը հակասում է
Օսմանյան կայսրության Նախարարների խորհրդի 1909 թվականի հուլիսի 31-ի որոշմանը,
որը ջարդերի ողջ պատասխանատվությունը դրել է միայն գավառական թուրք պաշտոնյաների
ուսերին:
Ապարդյուն փորձելով իր խեղաթյուրված
հայացքներն ավելի վստահելի դարձնել, Աքյոլը հայտարարում է, թե խորհրդակցել է պրոֆ.
Քեմալ Չիչեքի՝ վարկաբեկված Թուրքական պատմական ընկերության տնօրենի հետ, որը
«անցյալ ամիս գիրք է հրատարակել՝ «Վերադարձ Ադանայի 1909 թվականի դեպքերին»
խորագրով»: Ի դեպ, գիրքը լույս է տեսել մեկ տարի առաջ, և Չիչեքը դրա հեղինակը չէ,
այլ խմբագիրը մի հատորի, որը բաղկացած է 2009 թվականի Անկարայի համաժողովին
ներկայացված բազմաթիվ ուսումնասիրություններից: Ի պատասխան Աքյոլի այն հարցին, թե
արդյո՞ք թուրք մուֆթին ֆեթվա է արձակել, Չիչեքը իբրև թե հայտարարել է. «Ես
ուսումնասիրել եմ Ադանայի դատարանի արձանագրությունները: Հայերն այն ժամանակ ևս
նման պնդումներ են արել, սակայն այդպիսի փաստաթղթեր կամ վկաներ չեն հայտնաբերվել:
Նման ֆեթվա բացարձակապես գոյություն չունի»:
Հակառակ Չիչեքի պնդումների, մի շարք
հիշատակումներ կան, որոնք հաստատում են թուրք մուֆթի Իսմայիլ Հաքքըի կողմից ֆեթվա
արձակելու փաստը` այդ գազանությունները օրինականացնելու նպատակով: Չանաքալի «Մարտի
18-ի համալսարանի» պրոֆեսոր, դոկտ. Ալի Օսման Օզթուրքը 2009 թվականին «Milli
Folklor» ամսագրում գրել է հետևյալը. «Կառավարությունը Բահչեի մուֆթիին կախել է
Դորթյոլում, որովհետև նա ֆեթվա էր արձակել, հայտարարելով, որ «հայերի արյունն ու
ունեցվածքը «հալալ» են [կրոնով արտոնված]»: Ֆրանսահայ պատմաբան Ռեյմոնդ Գևորգյանը
ևս թուրքական ֆեթվայի մասին նշել է իր՝ «Հայոց ցեղասպանությունը. ամբողջական
պատմություն» մեծածավալ գրքում, վկայակոչելով երկու աղբյուրներ. Զ. Դակեթ Ֆերիմանի
«Երիտթուրքերը և ճշմարտությունը Հոլոքոստի մասին Ադանայում, Փոքր Ասիայում, 1909
թվականի ապրիլին», և թուրքական խորհրդարանական հանձնաժողովի դատավորներ Ֆայք Բեյի
և Հարություն Մոսդիչյանի ներկայացրած զեկույցը: Դոկտ. Վահագն Դադրյանը նույնպես
անդրադարձել է թուրքական տարբեր քաղաքներում մուֆթիների կողմից արձակված մի քանի
ֆեթվաների, այդ թվում՝ Բահչեի մուֆթիի, որը «դաժանության ուժով և չափով գերազանցել
է իր մնացած բոլոր գործընկերներին»: Այնուհետև, Դադրյանը մեջբերում է գերմանական
«Berliner Tageblatt» թերթը, որտեղ ներկայացված է գերմանացի ականատես ինժեներների
պատմությունները. «Մուֆթին հրահրում և քարոզում էր Բահչեի և դրա շրջակայքի
մոլեռանդ ու քրեական բաշիբոզուկներին»:
Ի պատիվ իրեն, Աքյոլը չի ժխտում եգիպտական
ալ-Ազհարի վեհանձն Մեծն շեյխ Սալիմ ալ-Բիշրիի արձակած ֆեթվան: Աքյոլը հնարավոր է
համարում, որ արաբ շեյխը նման ֆեթվա է արձակել: Ես կարող եմ նրան հավաստիացնել, որ
այդպիսի ֆեթվա գոյություն ունի, քանի որ իմ ձեռքի տակ է այդ փաստաթղթի ֆոտոպատճենը,
որից թարգմանաբար հատվածներ էին հրապարակվել անցյալ շաբաթվա իմ հոդվածում: Աքյոլը
նաև ընդունում է, որ Բահչեի թուրք մուֆթիին կախել են Ադանայում իր կատարած
ոճրագործությունների համար:
Ավելի քան հարյուր տարի անց, ալ-Ազհարի Մեծն
շեյխի ֆեթվան մնում է որպես առավել արժեքավոր փաստաթուղթ, հատկապես այս փոթորկալից
ժամանակներում: Այս առաքինի ֆեթվայի և Մեքքայի Շարիֆի 1917 թվականին արձակած
կարեկցող հրովարտակի պատճենները պետք է Հայաստանի կառավարությունը, եկեղեցու
առաջնորդները և քաղաքացիական խմբերը տարածեն աշխարհի բոլոր մահմեդական
պետություններում, նրանց դեսպաններին, լրատվամիջոցներին և մզկիթներում, հատկապես
Թուրքիայում, Ադրբեջանում և արաբական աշխարհում:
Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |