Հասարակական08:22, 24 Ապրիլ 2013
Հայ-թուրքական դրամա. ես չեմ ուզում, որ նա ապրի
98 տարի առաջ հայ ժողովրդի արևմտահայ հատվածի մեծ մասը բնաջնջվեց ու հայրենազրկվեց: Օսմանյան կայսրությունում տեղի ունեցավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:
Մի ո՜ղջ ժողուուրդ մեկ-մեկ թրատել,
Մի ամբո՜ղջ անտառ արմատից հատել…
(Անլռելի
զանգակատուն)
Ինչո°ւ:
Պատմագիտական ուսումնասիրությունները տասնամյակների ընթացքում փորձել են գտնել խղճի ու խելքի մեջ տեղավորվող մի պատասխան: Ոմանք հակված եղան կարծելու, որ հայասպան քաղաքականության պատճառը արևմտահայերի ռուսանպաստ պահվածքն էր: Մյուսները զանգվածային կոտորածների հիմնական պատճառը տեսան օսմանահպատակ հայության գերազանցությունը մահմեդականների համեմատ արվեստի, արհեստի, գիտության, կրթության և այլ հարթություններում: Երրորդներն էլ ցեղասպանության հիմնական պատճառը նկատեցին պանթուրանական ծրագրերում: Գրքերում ու գիտական աշխատություններում եղան հայատյացության մեկնաբանությունների ու դիտարկումների տարբերություններ, իսկ ահա իրական կյանքում հայատյացության էությունը էլի մնաց նույնը. Էլի թուրքը հասկացրեց, որ չի ուզում հայի ապրելը: Թուրքական պետությունն առաջվա պես կանաչ լույս է վառում հայի վրա ձեռք բարձրացնողի առաջ, տարբերությունը սոսկ տեխնիկական է: Եթե 98 տարի առաջ այդ ձեռքի մեջ յաթաղան էր, այսօր ատրճանակ է: Կասկածներին հակադրվում են փաստերը, երբ ասվածը դիտարկում ենք ժամանակագրության շղթայի մեջ:
Այսպես ուրեմն`
1. Օսմանյան խորհրդարանի պատգամավորներ Գրիգոր Զոհրապը և Վարդգես Սերինգուլյանը 1915-ի հունիսին Եդեսիայի (Ուրֆա) մերձակայքում խոշտանգվեցին ու սպանվեցին: Նրանց հրեշավոր սպանությունն իր ավազակներով կատարեց Էնվերի ազգական Խալիլ բեյը: Թուրքական կառավարությունը Խալիլին որպես վարձատրություն շնորհեց փաշայի աստիճան, նշանակեց Բաղդադի թուրքական զորքերի հրամանատար, որպեսզի նա ավելի ընդարձակ հնարավորություններ ունենա հայերին ջարդելու: Անպատժելիության հետևանքով էր, որ այդ նույն Խալիլը 1919-ին Շուշվա հայության կոտորածն էր իրականացնում:
2. Զոհրապի ու Վարդգեսի սպանությունից անցել էր 40 տարի, բայց հայատյացության դրսևորումները նախկինում անպատիժ մնալով կրկնվեցին: Ստամբուլում և Իզմիրում 1955թ. սեպտեմբերի 6-7-ին ծրագրված կերպով իրականացվեց հայերի ու հույների սպանդ և թալան: Զոհերի տները, խանութներն ու տաղավարները արդեն հատուկ գույներով նախապես նշագրվել էին, որպեսզի ջարդի օրը հեշտ թիրախավորվեն: Այդ վայրագության համար առիթ ծառայեց Սալոնիկի «Աթաթուրքի տուն-թանգարան»-ի բակում ինչ որ պայթուցիկի տեղադրումը, որն ընդամենը թանգարանի ապակիներն էր կոտրել: 1955-ի սեպտեմբերյան ողբերգությունը հրահրած անձը` Օքթայ Էնգինը, չդատապարտվեց պատժի, այլ կարիերա ստեղծեց: Նրան նախ նշանակեցին գավառապետ, ապա` ոստիկանության գլխավոր վարչության քաղաքական գործերով բաժնի պետ: Իսկ 1991-ին նշանակվում է Նևշեհիրի նահանգապետ:
3. Պոլսահայ ականավոր հասարակական գործիչ Հրանտ Դինքը 2007-ի
հունվարի 19-ին գնդակահարվեց իր հիմնած շաբաթաթերթի խմբագրատան առջև: Մարդասպանը
դատարանում հայտարարեց, որ ինքը դարձել է թուրքական իշխանությունների
հակահայկական քարոզչության զոհը: Տարիներով ձգձգված
դատավարությունն ավարտվեց անարդար դատավճռով: Բանտարկվեցին ծրագրված
հանցագործության «գործիքները» միայն, այլ կերպ ասած`կատարողները, իսկ իրական
մեղավորները, ոչ միայն դուրս մնացին դատավարական գործըթնացից, այլ շարունակեցին
առոք-փառոք վայելել իրենց պաշտոնները: Խոսքը մասնավորապես վերաբերում է Ստամբուլի
ոստիկանապետին ու այլ ի պաշտոնե պատասխանտու անձանց, որոնք Դինքի սպանությունից
առաջ տեղեկացվել էին վերահաս ողբերգության մասին:
4. Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուքի շրջանի ժանդարմերիական զորամասում ժամկետային զինծառայության մեջ գտնվող ազգությամբ հայ Սևակ Շահին Բալըքչըն սպանվեց 2011-ի ապրիլի 24-ին: Նրա վրա հրազենային կրակ էր բացել զինծառայակից Քըվանչ Աղաօղլուն: Պաշտոնական վարկածի համաձայն` Աղաօղլուն իբր թե զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում է մահացու հրազենային վնասվածք հասցրել Սևակին: Այնինչ սպանությանը նախորդող դեպքերի և բուն սպանության հանագամանքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դա միանշնական ռասիստական գնդակ էր. Սևակը սպանվել էր հայ լինելու համար: Իր բանակի զինվորին սպանածին թուրքական «արդարադատություն» կոչվածը ամբողջ դատավարության ընթացքում ազատության մեջ էր թողել: Իսկ դատավճռից հետո պարզ դարձավ, որ մարդասպանը կազատազրկվի ընդամենը 4 տարի ու մի քանի ամիս:
Սա է թուրքական պետության
վերաբերմունքը հայերին սպանողների նկատմամբ: Սա անպատժելիության մթնոլորտի
խրախուսում, եթե զոհը հայ է: Ակնհայտ է, որ հայատյացությունը պետական
քաղաքականության մաս է կազմում Թուրքիայում, մասնավորապես դատաիրավական
համակարգում: Հայատյացությունն արտահայտվում է ոչ միայն հային ֆիզիկապես
ոչնչացնելու ձևով, այլ նաև նրա ստեղծած նյութական կամ հոգևոր մշակույթի արժեքների
հետևողական ոչնչացմամբ: Մինչև 20-րդ դարասկիզբ
Արևմտյան Հայաստանում կար
շուրջ 3.500 հայկական վանք ու եկեղեցի: Ցեղասպանությունից հետո մնաց ընդամենը
100-150, այն էլ` հիմնականում կիսավեր:
Հայ քրիստոնյայի աղոթատունը օսմանցու ու քեմալականի համար դարձավ պահեստ, զորանոց,
անասնագոմ:
Հայատյացության մեկ այլ դրսևորում է Արևմտյան Հայաստանի
հայկական նախկին բնակավայրերի անվանափոխությունը: Գործըթնացը սկսվել է 1914-ի
Էնվեր փաշայի արձակած հրամանից, որով կարգադրվում էր փոխել ոչ թուրքահունչ
տեղանունները: Տասնամյակների ընթացքում մոտավոր հաշվարկերով անվանափոխվել է շուրջ 24.000 հայկական տեղանուն: Ահա թե
ինչու է Այնթափը դարձել Գազիայնթեփ, Մարաշը՝ Քահրամանմարաշ, Ուրֆան՝ Շանլըուրֆա: Ոչ վաղ անցյալում էլ փորձեր եղան անգամ Վանա լճի անունը փոխելու
ուղղությամբ: Բարեբախտաբար, ձախողվեցին: Վանդալիստներն առաջարկում էին լիճը կոչել
Դատվանի ծով:
Այսպիսին է Թուրքիան. կլինի օսմանական, քեմալական, թե էրդողանական, նշանակությունը չունի, փաստերը մատնանշում են, որ հայերի դեմ ընդգծված թշնամական քաղաքականությունը շարունակվում է: Հայատյացությունը չի իջեցվում քաղաքական օրակարգից` անկախ այն բանից, թե որ քաղաքական ուժն է իշխանության ղեկին:
Ինչպես հանցագործ մարդիկ են լինում, այնպես էլ` հանցագործ պետություններ: Երկուսն էլ եթե անպատիժ են մնում, շարունակում են վտանգ ներկայացնել այլոց համար: Ինչպես որ Թուրքիան է անպատժելության մթնլորոտում հայ սպանող հանցագործներ աճեցնում, այդպես էլ պետությունների պարագայում է: Երբ հանցագործ պետության համար անպատժելիության մթնոլորտ է, նա շարունակում է «արյան խրախճանքը»: 1948 թ. դեկտեմբերի 9-ին` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Փարիզում ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխելու և պատժելու վերաբերյալ» կոնվենցիան, որը տալիս է «ցեղասպանության» միջազգային իրավական սահմանումը, որպես մարդկության դեմ գործած ծանրագույն հանցագործություն: Կոնվենցիայում սակայն չամրագրվեց պետություններին պատասխանատվության ենթարկելու կարգն ու ինստիտուտը: Եվ փաստորեն ստացվում է այնպես որ այդ փաստաթուղթը չի կատարել ու կատարում իր կանխարգելիչ գործառույթը: Վկա` Կամբոջայի, Ռուանդայի և Դարֆուրի ցեղասպանությունները:
Մխիթար Նազարյան
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |