Քաղաքական12:43, 06 Սեպտեմբեր 2013
Թուրքիա. 1955թ. սեպտեմբերի 6-7-ի իրադարձությունների կազմակերպումը, մարմինները և ավանդույթը
Այսօր լրանում է Ստամբուլում և Իզմիրում 1955 թ. սեպտեմբերի 6-7-ը հույների, հայերի դեմ սանձազերծված բռնությունների ու կոտորածների 58-ամյա տարելիցը: Մի ողբերգության, որն իր արդարացի հատուցումը չստացավ և դեռ ավելին, այն արմատավորված ավանդույթի վերածվեց հանրապետական Թուրքիայում:
Կիպրոսում լարված իրավիճակի պայմաններում հույների կողմից տեղի թուրքերի դեմ հարձակումների փաստարկումներով ու Սալոնիկում Աթաթյուրքի հայրական տան կազմակերպված պայթեցման մասին լուրերի տարածմամբ, Ստամբուլում և Իզմիրում հակաքրիստոնեական լայն ալիք բարձրացվեց, որը վերաճեց ողբերգության: Իսկ թե ինչպես է կազմակերպված բնույթ ունեցել ու ինչ մարմիններ են ներգրավված եղել այդ իրադարձություններում` փորձենք հակիրճ պարզաբանել:
Դեռևս 1940-ական թթ. վերջերին Թուրքիայից մի խումբ զինվորականներ գործուղվեցին ԱՄՆ՝ հակակոմունիստական պայքարի վերապատրաստման նպատակով, որոնց մասնակցությամբ էլ Թուրքիայում ստեղծվում է «Հատուկ պատերազմի բաժինը» կամ ինչպես ընդունված է եղել անվանել «կոնտրգերիլլա» խմբերը: 1952 թ. ներկայիս Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նախատիպը հանդիսացող «Ազգային պաշտպանության բարձրագույն խորհրդի» որոշմամբ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի կազմում ստեղծվում է «Մոբիլիզացիոն հետազոտության խորհուրդը» (Seferberlik Tetkik Kurulu), որը սկսում է գործել 1954 թ. սկսած: 1967 թ. այդ կառույցը անվանափոխվում է՝ դառնալով «Հատուկ պետարազմի բաժին» (այսուհետ` ՀՊԲ, Özel Harp Dairesi), որը յուրահատուկ գաղտնի «բանակ» էր բանակի ներսում: Դրա հիմնական գործառույթը հակակոմունիստական պայքարի կազմակերպումն ու երկրի ներսում ձախերի դեմ տարվող պայքարն էր, ԽՍՀՄ-ի հնարավոր ազդեցությունը չեզոքացնելը:
Սակայն այդ կառույցի անվանումը կապված է մի շարք աղմակահարույց իրադարձությունների հետ, և նաև երկրի ազգային ու կրոնական փոքրամասնությունների դեմ տարբեր սադրիչ գործողություններով ու նրանց նկատմամբ իրականացվող հետախուզական գործունեությամբ: ՀՊԲ-ի նախկին հրամանատարներից գեներալ Սաբրի Յիրմիբեշօղլուն մի առիթով խոստովանել է, որ 1955 թ. սեպտեմբերի 6-7-ը Ստամբուլում և Իզմիրում տեղի ունեցած անկարգությունների հրահրումն ու քրիստոնյաների դեմ գործողությունները կազմակերպված են եղել ՀՊԲ-ի կողմից` այն որակելով «հոյակապ կազմակերպված գործ»: Կան փաստեր թուրքական և այլ աղբյուրներում, որ այդ գործողությունների կազմակերպման մեջ ներգրավված են եղել թուրքական հատուկ ծառայությունները` «Ազգային անվտանգության ծառայությունը» (Milli Emniyet Hizmeti):
ՀՊԲ-ը գործունեության լայն դաշտ ստացավ հատկապես 1960-ականների վերջրին և 1970-ականներ ընթացքում, երբ Թուրքիայում բավական ակտիվացել էին ձախակողմյան տարբեր շարժումներն ու ծայրահեղական կազմակերպությունները: Երկրում կոմունիստական ու ձախակողմյան շարժումների դեմ պայքարող «կոնտրգերիլլա» հակապարտիզանական ստորաբաժանումների պայքարը համակարգող ՀՊԲ-ն սերտ կապերի մեջ էր ազգայնական ուժերի՝ մասնավորապես «գորշ գայլերի» հետ, ինչը նպաստեց նաև այդ ուժի հզորացմանը: ՀՊԲ-ն «գորշ գայլերին» դիտարկում էր որպես արդյունավետ միջոց ձախակողմյան շարժումների դեմ պայքարելու համար, և սկսեց նրանց օգտագործել: 1960-ական թթ. վերջին ՀՊԲ-ի օժանդակությամբ ստեղծվեցին գորշ գայլերի «կոմանդոս ճամբարները», որոնք կարևոր դեր խաղացին դրանց ահաբեկչական գործունեության համար: ՀՊԲ-ի և «գորշ գայլերի» համագործակցության օրինակներից է 1977 թ. Ստամբուլի Թաքսիմ հրապարակի արյունոտ իրադարձությունները, երբ աշխատավորների մայիսմեկյան զանգավածային ցույցի ժամանակ «գորշ գայլերի» գործողությունների ու սադրանքների պատճառով զոհվեց 3 տասնյակ, վիրավորվեց 100-ից ավել մարդ:
«Էրգենեկոն» խմբավորման բացահայտման ու հետաքննության արդյունքում բացահայտվեցին Թուրքիայում տարբեր տարիներին գործած ընդհատակյա գաղտնի, անօրինական որոշ կառույցներ ու կազմակերպություններ, որոնք ներգրավված են եղել հակաօրինական գործողություններում, այդ թվում` Թուրքիայի ազգային ու կրոնական փոքրամասնությունների դեմ: Հատկապես 1990-ական թթ. նման գաղտնի կազմակերպությունների գործունեության լայն դաշտ էր ստեղծվել: 2012 թ. Մալաթիայի «Զիրվե» հրատարակչության գործով (2007 թ. ապրիլին Մալաթիայում դաժանաբար սպանվում են Զիրվե հրատարակչության երեք քրիստոնյա աշխատակիցներ:) դատաքննության ընթացքում առաջին անգամ նշվեց Թուրքիայի ազգային ռազմավարությունների և գործողությունների վարչություն (Türkiye Ulusal Stratejiler ve Harekat Dairesi, TUSHAD) գաղտնի կառույցի մասին: Թուրքական խորհրդարանին ուղարկված տարբեր իրազեկող նամակներում հաստատվում էր նման կառույցի գոյությունը: Սակայն զինված ուժերի գլխավոր շտաբը պաշտոնապես հերքում էր TUSHAD-ի գոյության փաստը: Ըստ տեղեկությունների ու ձեռք բերված փաստաթղերի` այդ կառույցը ակտիվ գործել է մինչև 2008 թ. և «Էրգենեկոնի» դատավարությամբ ու բացահայտումներով պայմանավորված պայմանավորված ընդհատել իր գործունեությունը: Փաստորեն, TUSHAD-ը և նման այլ կազմակերպություններ, «Էրգենեկոնի» կողմից ստեղծված հատուկ ստորաբաժանումներ էին, որոնք ուղղորդվում ու կառավարվում էին մեկ «կենտրոնից»: Ըստ ի հայտ եկող դատական ցուցմունքներից` TUSHAD-ի հիմնական գործունեության թիրախում են գտնվել Թուրքիայի ազգային փոքրամասնությունները, ոչ մուսուլմաններն ու միսիոներական առաքելությունները: Տրապիզոնում կաթոլիկ հոգևորականի, Մալաթիայի սպանությունների ու Հրանտ Դինքի սպանության պլանավորումն ու իրականացումը եղել է նաև այդ կազմակերպության միջոցով:
Ժամանակները փոխվում են, սակայն բռնությունների ու կոտորածների ավանդույթը Թուրքիայում շարունակում է մնալ կարծրացած:
Հեղինակ` Լևոն Հովսեփյան, պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Դահլիճում մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության մեջ։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |