Հասարակական09:00, 17 Հոկտեմբեր 2013
Թուրքիայի 20 հայկական դպրոցներում սովորում է 3000 աշակերտ. ի°նչ դժվարություններ կան
Ստամբուլի Յեշիլքոյի հայկական դպրոցի տնօրեն Գարո Փայլանը խոսել
է թուրքական կառավարության կողմից ներկայացված «ժողովրդավարացման փաթեթի» բարեփոխումների
մասին, որոնք առնչվում են Թուքիայի ազգային
փոքրամասնություններին:
Փայլանը թուրքական «Ռադիքալ» թերթին տված հարցազրույցում պատմական ակնարկ է կատարել՝
նշելով, որ 90 տարի առաջ փոքրամասնություններին կրթության ոլորտում տրված
իրավունքները ավելի լայն հնարավորություններ էին ընձեռում, քան այժմյան օրենքները
և նախատեսվող բարեփոխումները: Օսմանյան շրջանում հազարավոր դպրոցներ են եղել,
որտեղ ուսումը եղել է առանց սոցիալական խտրականության:
Հանրապետական
շրջանում արդեն հայկական դպրոցները, համապատասխան իրավական կարգավիճակ, նյութական
օգնություն չստանալով, համապատասխան ենթակառուցվածքներ չունենալով հանդերձ, շարունակել են իրենց
գործունեությունը:
Հարցազրույցի ժամանակ հայկական դպրոցի տնօրենը անդրադրձել է
մայրենի լեզվով կրթությանը, ինչպես նաև դրա և մասնավոր դպրոցների տարբերությանը:
Նա մասնավորապես նշել է, որ Թուրքիայում մայրենի լեզվով դպրոցներ
միշտ էլ եղել են, սակայն այժմ այնպես է ներկայացվում, կարծես թե, մայրենի լեզվով կրթությունը
առաջին անգամ է մատուցվելու: Նա, որպես օրինակ հայտնել է, որ Օսմանյան շրջանում ազգային
փոքրամասնություններին պատկանող 6500 դպրոց է եղել, որտեղ կրթությունը
եղել է մայրենի լեզվով: Իսկ այժմ մայրենի լեզվով կրթություն ասելով՝ հիմնականում քրդերենով
կրթությունն են հասկանում:
Ըստ Փայլանի՝ եթե մայրենի լեզվով կրթությունը
փոխարինվի մասնավոր դպրոցներով, ապա հասարակությունը իր վրա ընկած պատասխանատվությունը
հավուր պատշաճի չի կատարի: Քանի որ առանց այդ էլ
քիչ աշակերտներ ունեցող հունական, հայկական համայնքների համար մասնավոր հատվածը
գումարներ չի հատկացնի և դպրոցներ չի բացի: Այդ իսկ պատճառով իրենք տարիներ շարունակ պահանջել են, որ մայրենի լեզվով
դասավանդող դպրոցներին իրավական կարգավիճակ տրվի: «Վախենում են, որ հունական, հայկական,
հրեական դպրոցներին օգնություն ցուցաբերելու դեպքում, մյուս ժողովուրդներն էլ պահանջներ
կներկայացնեն: Մեզ միշտ ասում են. «սպասե՛ք»: Քուրդ ժողովուրդը տասնյակ տարիներ պայքարում է, գուցե մի տասը տարի
էլ կարող է սպասել: Սակայն անբարենպաստ պայմաններում գտնվող համայնքների լեզուները
(հայերեն, հունարեն, ասորերեն) առանց այդ էլ վերանում են: Սրանց համար անհապաղ միջոցառումներ
պետք է ձեռնարկել: Այդ լեզուների կրողներն էլ են քչանում»,- ընդգծել է Փայլանը:
Նա խոսել է նաև հայկական դպրոցի խնդիրների մասին. «Մեր խնդիրներից մեկն էլ դասագրքերի
պակասությունն է: Նորերը չենք կարողանում ստեղծել:
Աշակերտները հայերեն սովորում են 40 տարի առաջ
տպագրված գրքերով, որոնց հնության պատճառով առանց այդ էլ առօրյա կյանքում քիչ օգտագործվող
մայրենի լեզվի ուսուցանումը ընկալվում է ոչ կարևոր, երկրորդական: Այս տեսանկյունից
հասարակական աջակցություն է անհրաժեշտ: Այս լեզուների նկատմամբ երեխաների հետաքրքրությունը
պահպանելու համար լավ մասնագետներ պետք է պատրաստել:
Թվով 20 հայկական դպրոցներում սովորում է 3000 աշակերտ, այնինչ այդ թիվը կարող է լինել
6 հազար:
Աշակերտների քչության պատճառները երկուսն են.
1. Ազգության գաղտնի կոդը:
Այսինքն՝ հայկական դպրոցում սովորելու համար երեխայի ծնողները
պարտադիր հայ պետք է լինեն և պետության գաղտնի գրանցամատյաններում գրանցված լինեն 2-րդ
համարով, որն էլ հայերի ազգության գաղտնի կոդն է:
Փայլանը հայտնել է, որ այդ կոդավորումը վերացնելու նպատակով դատական գործ են
բացել:
2. Թուրքիայի քաղաքացիությունը:
Միայն Թուրքիայի քաղաքացիները կարող են դպրոց ընդունվել: Սակայն Թուրքիայում կան
Հայաստանից և Սիրիայից եկած բազմաթիվ աշակերտներ: Նրանք սովորում են հյուրի
կարգավիճակով և նրանց օրագիր չի տրվում:
Անհրաժեշտ է այս արգելքը նույնպես վերացնել»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրքիայի ու Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու խորացնելու նպատակով հանդիպում է կայացել «SANKON» կենտրոնում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |