Ցեղասպանություն13:17, 30 Հոկտեմբեր 2013
Ցեղասպանությունից հետո Թուրքիան վերադարձրել է որոշ եկեղեցական իրեր. մենք պահանջում ենք մնացածը
«Սա Թուրքիայի կառավարության կողմից 1920-ական թվականներին Պոլսո Հայոց պատրիարքարանին Հայոց ցեղասպանության ժամանակ թալանված եկեղեցական որոշ իրերի հանձնման մասին տարօրինակ պատմությունն է:
Ըստ փաստաբան Լյուդվիգ Կույումջյանի «Հայ համայնքային անցուդարձեր. 1927-1950 թթ.» գրքի, որը հրատարակվել է Ստամբուլում 1950 թվականին` Թուրքիայի կառավարությունը Հայոց պատրիարքարանին էր վերադարձրել եկեղեցական իրերով լի 64 մեծ արկղ: Կույումջյանը եղել է Պատրիարքարանի ֆինանսական հանձնախմբի անդամ:
Վերադարձված առարկաների թվում էին` «սաղավարտներ զարդարված ադամանդյա քարերով և մարգարիտներով, բուրվառներ, քշոցներ, եպիսկոպոսական-քահանայական թանկագին զգեստներ, շապիկներ, բոլորն էլ ոսկեթել հյուսված և զարդարված արծաթյա խաչերով, որոնց մեջ գտնվում էր նաև Աբուշեխ եկեղեցու պատարագի գոտին՝ երկու ոսկյա ձեռքերով ամրացված և վրայի ձեռքը զմրուխտե, հակինթե և ադամանդյա թանկագին քարերով ագուցված», 72 գորգ, որոնք պատկանել են Կեսարիայի Սուրբ Կարապետ վանքին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն և Թալասի ու այլ գավառների եկեղեցիներին, ինչպես նաև մասունքներ ոսկյա տուփերի մեջ` ծածկված թանկարժեք քարերով: Մի արկղում եղել է Կոմիտաս վարդապետի զգեստները, նրա ոսկե ինքնահոս գրիչը և ծիսական արարողությունների դաշնավորված երաժշտական նրա արժեքավոր ձեռագրերը: Գևորգ արքեպիսկոպոս Արսլանյանը առաջին տեղապահության շրջանում ստորագրել է ստացագիր այդ առարկաներն իր կողմից ընդունելու մասին և ավագ քահանա Տրդատ Բոյաջյանին նշանակել է որպես դրանց հսկիչ:
Վերադարձված իրերի ցուցակը, որ նախապատրաստվել էր Պատրիարքարանի կողմից, ներառում էր «մագաղաթյա ձեռագրեր և հին գրքեր: Համաձայն հնությունների մասին օրենքի՝ գրքերը հանձնվել էին Ստամբուլի թանգարանին»:
Այս բացահայտումներն առաջացնում են մի շարք կարևոր հարցեր: Ի՞նչ եղան եկեղեցուն վերադարձված իրերը: Մեր հետաքննությունը ցույց է տալիս, որ այդ առարկաներից ոչ մեկն էլ այժմ չի գտնվում Հայոց պատրիարքարանի պահպանության ներքո: Դրանցից մի քանիսը հանձնվել էին հայ հոգևորականներին, մի մասն էլ ուղարկվել էր Էջմիածին: Ճնշող մեծամասնությունը, սակայն, պարզապես անհետացել է մի քանի տասնամյակ առաջ, հավանաբար գողացվել և վաճառվել է:
Իր գրքում պարոն Կույումջյանը պատմում է, որ 1920-ականների վերջին, Պատրիարքարանի վարչության ատենապետը` դատավոր Հարություն Մոսդիչյանը, հայտնել է ֆինանսական հանձնախմբին, որ նա լուրջ ապացույցներ ունի, որ վերադարձված արծաթե կտորներից մի քանիսը վաճառվել են Ստամբուլի ոսկերչական շուկայում: Մոսդիչյանը մեծապատիվ անձնավորություն էր, որը կարևոր պաշտոններ էր զբաղեցրել Թուրքիայի կառավարությունում: Ֆինանսական հանձնախումբն անմիջապես կնքել է այն սենյակը, որտեղ պահվում էին վերադարձված առարկաները: Հաջորդ օրը, արք. Արսլանյանը կոտրել է կնիքը և բաց թողել պահեստավորման սենյակի դուռը: Այնուհետև արքեպիսկոպոսը հեռացրել է հանձնախմբի անդամներին:
Հատուկ հետաքննչական հանձնախումբը, այդ թվում՝ պարոն Կույումջյանը, անցկացրել է մարակրկիտ որոնում և իր արդյունքները փոխանցել Ընդհանուր ժողովին: Վերջինս մեղադրել է ոչ միայն Մոսդիչյանին, այլ նաև արք. Արսլանյանին՝ վերադարձված եկեղեցական իրերի առնչությամբ իրավախախտումներ կատարելու համար: Արք. Արսլանյանն իր հերթին մեղադրել է պատրիարք Մեսրոպ Նարոյանին` որպես պատասխանատու կորած իրերի համար: Հետո, երբ պատրիարք Նարոյանը հանձնախումբ է ստեղծել մնացած եկեղեցական իրերի ցուցակը թարմացնելու համար, պարզել է, որ գրեթե ոչինչ չի մնացել 64 արկղերի պարունակությունից, որոնք Պատրիարքարանն ստացել էր ավելի վաղ:
Իր գրքում Կույումջյանը մեկ այլ տարօրինակ պատմություն է պատմում Թուրքիայի կառավարության կողմից Պատրիարքարանին հանձնված գորգերի մասին: 1924 թվականի մարտի 8-ին, երկու թուրք՝ Կեսարիայի մոլա Խալիլի որդի Հաջի Իսմայիլը և Մեհմեդը Թալասից, գրավոր պահանջագիր են ներկայացրել արք. Արսլանյանին, պնդելով, որ գորգերից ինը հատը կապ չունեն Հայոց եկեղեցու հետ և պետք է վերադարձվեն իրենց: Երբ Պատրիարքարանը մերժել է նրանց պահանջը, թուրքերը դատական հայց են ներկայացրել արք. Արսլանյանի դեմ՝ պնդելով, որ ինը գորգերի արժեքը կազմում է օսմանյան 1975 կտոր ոսկի:
1924 թվականի հունիսի 26-ին, փաստաբան Կույումջյանը պաշտպանել է Պատրիարքարանի շահերը դատարանում: Զարմանալիորեն Պատրիարքարանը համաձայնել է բավարարել հայցը` երկու թուրքերին վճարելով 500 կտոր ոսկի: Մի քանի տարի անց, երբ պարոն Կույումջյանը հետաքրքրվել է այդ գորգերի տնօրինման մասին, նրան ասել են, որ Պատրիարքարանում նման գորգեր չկան:
Թուրքիայի կառավարության կողմից եկեղեցական իրերի վերադարձի մասին այս նոր ձեռքբերված տեղեկության լույսի ներքո, Հայոց պատրիարքարանը պետք է այժմ մանրակրկիտ հետաքննություն անցկացնի իր արխիվներում՝ կորած առարկաների մասին իր գրառումները վերանայելու համար:
Առավել կարևոր է, որ Թուրքիայի կառավարությունը 64 արկղ վերադարձնելով, փաստացի ընդունել էր, որ Ցեղասպանության ժամանակ գողացել է Հայոց եկեղեցու ունեցվածքը: Դատական հայց պետք է ներկայացվի ոչ միայն Ստամբուլի թանգարանի դեմ՝ 1920-ական թվականներին հին գրքերը ապօրինի ձևով ստանալու համար, այլև ողջ Թուրքիայի թանգարանների և գրադարանների դեմ, որպեսզի Հայոց պատրիարքարանին վերադարձվեն հազարավոր հայկական եկեղեցիներից թալանված մեծաքանակ կրոնական իրերը»:
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Հարութ Սասունյան
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |