Հոդված09:33, 12 Փետրվար 2014
Էրդողանի անձնական մղումները Թուրքիան տանում են դեպի ավտորիտարիզմ
Ազգությամբ հայ գրող, լրագրող, լեզվաբան, հրապարակախոս, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում հաջողակ ձեռներեց Սևան Նիշանյանը ս/թ հունվարի 2-ին համալրեց Թուրքիայում իրենց քաղաքական հայացքների համար դատապարտված մտավորականների շարքը: Թուրքիայում բավական մեծ ճանաչում ունեցող, հակաիշխանական համարձակ ու սկանդալային
հայտարարություններով հայտնի Նիշանյանն առաջին անգամ չէ, որ խնդիրներ է ունենում թուրքական իշխանությունների` մասնավորապես արդարադատության հետ: Նախկինում ևս նրա դեմ գործադրվել են դատական տարբեր վարույթներ, որոնց մի մասն էլ դեռ ընթացքի մեջ է: Թուրքական առաջադեմ հասարակությունը, մասնավորապես՝ մտավորականության այլախոհ հատվածը, զանազան եղանակներով
իր անհամաձայնությունն է հայտնել Նիշանյանի բանտարկման կապակցությամբ` անընդունելի համարելով 42քմ մակերեսով ապօրինի շինության համար նրան 2.5 տարվա ազատազրկման դատապարտելու փաստը:
Եթե Սևան Նիշանյանի նկատմամբ իրականացվող դատական հետապնդումները պայմանավորված են նրանով, որ վերջինս համարձակորեն քննադատական հայտարարություններ է հնչեցնում կառավարության հասցեին, քննադատում է Աթաթուրքին, խոսում է Հայոց ցեղասպանության մասին ու այդքանով հանդերձ շարունակում է բնակվել Թուրքիայում, ապա օրերս Ադրբեջանցի բլոգեր, «Todays Zaman» թերթի թղթակից Մահիր Զեյնալովին երկրից արտաքսելու վերաբերյալ կայացված որոշումն արդեն խոսում է Թուրքիայում խոսքի ազատության առավել մեծ քայլերով հետընթացի մասին: Ադրբեջանցի լրագրողը, ով բնակվում էր Թուրքիայում, նման վերաբերմունքի է արժանացել «թվիթերյան» մի գրառման համար, որտեղ վարչապետ Էրդողանին մեղադրել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ:
Թուրքիայում խոսքի ազատության հետընթացի մասին վկայում են նաև այնպիսի կազմակերպությունների զեկույցները, ինչպիսիք են «Freedom house», «Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները: Ի դեպ, հենց «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ի զեկույցից պարզ է դառնում, որ Թուրքիան ազատազրկված լրագրողների թվով (40) 2013 թվականին միակ առաջատար երկիրն է աշխարհում: Այդ տխրահռչակ ցուցանիշով Թուրքիան առաջատար է եղել նաև 2012-ին:
Հարց է առաջանում, թե ինչու է դեպի եվրահամայնք ձգտող Թուրքիան քայլ առ քայլ նահանջ արձանագրում խոսքի ազատության, հետևաբար նաև մարդու իրավունքների ոլորտում: Արդարության համար պետք է ասել, որ 2002-ից սկսած, երբ իշխանության եկավ ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանի գլխավորած իսլամիստական «Արդարություն և զարգացում կուսակցությունը», այնուամենայնիվ որոշակի առաջընթաց գրանցվեց նշյալ ոլորտում: Սակայն 2013-ի ամռանը Թուրքիան ցնցած հակակառավարական բողոքի ալիքը, որը Ստամբուլի Գեզի զբոսայգուց ու Թաքսիմ հրապարակից տարածվել էր ողջ երկրով մեկ, ցույց տվեց «սառցաբեկորի» չերևացող մասը: Սկզբում կարծես թե իշխանությունը կարողանում էր վերահսկել զանգվածային լրատվամիջոցներին, սակայն շուտով պարզվեց, որ մամուլն ու հատկապես էլեկտրոնային լրատվամիջոցներ և սոցմեդիան ամբողջապես վերահսկելի չեն ԱԶԿ-ական իշխանությունների կողմից: Իսկ իշխանություններին մեղմ ասած այնքան էլ ձեռնտու չէր «Գեզիի» ամբողջական ու մանրակրկիտ լուսաբանումը: Թերևս Գեզիի դեպքերից հետո իշխանությունների մոտ սկսվեց «իր չափն անցած» լրատվական դաշտը հսկողության տակ առնելու «միջոցառումները»: Իսկ տարեվերջին Թուրքիան ևս մեկ անգամ ցնցած «Մեծ կաշառք» անվանումը ստացած կոռուպցիոն սկանդալը, եկավ հաստատելու իշխանության կողմից ողջ լրատվադաշտը վերահսկողության տակ առնելու մարմաջը: Կոռուպցիոն սկանդալը, որի շրջանակում ձերբակալվեցին մի շարք թուրք նախարարների որդիներ ու այլ պաշտոնատար անձիք, հանգեցրեց կառավարության գրեթե ողջ կազմի փոփոխությանը: Իսկ մամուլի աչքից չվրիպեց այն հանգանաքը, որ այս ձերբակալությունները հետևանք էին Էրդողան-Գյուլեն հակասությունների, ինչը սկսվել էր դեռ ամռանը, երբ Էրդողանի գլխավորած կառավարությունը որոշում կայացրեց փակել Թուրքիայում գյուլենական համայնքին պատկանող դպրոցները:
Գյուլենական շարժմումը կամ համայնքը, որը Թուրքիայում և ամբողջ աշխարհում մեծաթիվ հետևորդներ ունի, բազմաթիվ դպրոցներ, համալսարաններ, բանկեր ու առևտրի օբյեկտներ ունեցող, հզոր իսլամական շարժում է: Այն բավական պատկառելի ներկայություն ունի Թուրքիայի իշխանական տարբեր շերտերում, հատկապես դատաիրավական համակարգում և ուժային այլ կառույցներում: Եվ ահա Էրդողանը որոշում է, երկրի կառավարումն իրականացնել միանձնյա ու ազատվել իշխանության գալու հարցում իրեն զգալիորեն օգնած համայնքի ազդեցությունից: Այս ոչ սահուն ընթացող գործընթացում լրատվամիջոցների դերն մեծ նշանակություն է ստանում: Կրկին գլուխ են բարձրացնում այն լրատվամիջոցներն ու լրագրողները, որոնց գործունեությունը ներդաշնակորեն չի տեղավորվում Էրդողանի կառավարության հաշվարկների մեջ: Ու վերջինիս մնում է միայն տարբեր պատրվակներով դատական գործեր հարուցել ու «օրենքի սահմաններում» պատժել ըմբոստներին՝ գրողի ծոցն ուղարկելով Եվրոպական իրավունքներն ու ազատությունները: Ամենայն հավանականությամբ վերը նկարագրած պատկերը Թուրքիայում դեռ կշարունակվի վատթարանալ, քանզի Էրդողանի անձնական մղումները Թուրքիան տանում են ավտորիտար պետության ճանապարհով, որտեղ խոսքի ազատությանն ամենևին էլ առաջնահերթություն չէ:
Ռաֆայել Սահակյան
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |