Հոդված14:46, 24 Փետրվար 2014
Էրդողանը զտում է իշխող կուսակցության շարքերը
Դեկտեմբերի 17-ին Թուրքիայում իրականացված հակակոռուպցիոն լայնամասշտաբ օպերացիայից հետո կառավարության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) շարքերից զանգվածաբար հեռանում են բազմաթիվ անդամներ: Նրանց թվում կան մեծ թվով պատգամավորներ, քաղաքապետեր ու համայնքապետեր, քաղաքապետերի ու համայնքապետերի թեկնածուներ, ինչպես նաև ԱԶԿ-ի տեղական կառույցների ղեկավարներ: Հատկապես վերջիններիս հրաժարականների հետ միասին կուսակցությունը լքում են բազմաթիվ շարքային կուսակիցներ: Մարտի 30-ին Թուրքիայում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին ընդառաջ նշյալ հրաժարականները պետք է, որ Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի համար մտահոգիչ լինեն, քանի որ Թուրքիայում ՏԻՄ ընտրություններին մեծ կարևորություն է տրվում: Բանն այն է, որ ՏԻՄ ընտրություններն ինչ-որ չափով կանխորոշում են հետագա ընտրությունները. առաջիկայում (2014 ամառ) Թուրքիայում անցկացվելու են նաև նախագահական ընտրություններ: Առաջին անգամ ժողովուրդն ուղիղ քվեարկութամբ ընտրելու է Հանրապետության նախագահ (մինչև հիմա նախագահն ընտրվում էր խորհրդարանի կողմից): Նման պայմաններում, իհարկե, պետք է առավել կարևորվի կուսակցությանը ցնցումներից հնարավորինս հեռու պահելու հանգամանքը: Իսկ կոռուպցիոն սկանդալով սկսված և առ այսօր շարունակվող մեծ ու փոքր խմբերով հրաժարականները կարող են կուսակցության դիրքերը սասանել:
Որոշ ԱԶԿ-ականներ իրենց հրաժարականները պատճառաբանում են հիասթափությամբ: Այսպես` Ստամբուլի Ավջըլար շրջանի թաղապետի թեկնածու Մալի Մուշավիր Մուհամեդ Քարաբաղը, ում հրաժարականի հետ ԱԶԿ-ից հրաժարվել են ևս հինգ հարյուր անդամներ, իր հրաժարականը բացատրել է կուսակցության նկատմամբ իր հավատը կորցնելու փաստով: Ըստ Քարաբաղի` իրեն մասնակից են դարձրել մի մրցակցության, որի ելքը կանխորոշված է: Նա նշել է, որ իր կուսակցության կողմից ստեղծված պայմանների արդյունքում այլևս հնարավոր չէ շարունակել պայքարն այդ կուսակցության շարքերում:
ԱԶԿ-ին իր հրաժարականը ներկայացրած Իզմիրից ընտրված պատգամավոր Իլհան Իշբիլենը, ով հայտնի է Գյուլենի համայնքի հետ իր սերտ կապերով, հրաժարականը ներկայացնելիս ասել է, որ այդ քայլին գնում է` ելնելով ստեղծված պայմաններից: Ըստ Իշբիլենի` կոռուպցիոն սկանդալից հետո իրեն գաղտնի հսկողության տակ են առել իրեն, գաղտնալսել են նրա ու հարազատների հեռախոսազրույցները, տան մոտ տեղադրած տեսախցիկով հետևել ելումուտին:
Հաթայում, Ռիզեում, Անթալիայում, Օրդուում և այլ վայրերում հրաժարական են տվել կուսակցության մեջ պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձիք՝ իրենց հետևից տանելով բազմաթիվ շարքային ԱԶԿ-ականների: Դեկտեմբերի 17-ի կոռուպցիոն սկանդալից հետո ընդհանուր առմամբ ավելի քան 1000 մարդ է լքել ԱԶԿ-ի շարքերը: Նրանց մեջ կան բազմաթիվ անձիք, որոնք նախօրոք պայմանավորվածության համաձայն կուսակցության կողմից պետք է առաջադրվեին ՏԻՄ ընտրություններին, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն առաջադրվել: Նրանցից ոմանք հայտարարել են «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) շարքերը համալրելու և այդ կուսակցության կողմից առաջադրվելու, ոմանք՝ «Բարօրություն կուսակցության», ոմանք՝ «Մեծ միասնություն կուսակցության», ոմանք էլ` քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության» շարքերն ընդգրկվելու մասին: Մի մասն էլ որոշել է առաջադրվել որպես անկախ թեկնածու: Փաստորեն ԱԶԿ-ից արտահոսքը հիմնականում ուղղվում է առավելապես ազգայնական կողմնորոշում ունեցող ԱՇԿ, ՄՄԿ, իսկ Վանից էլ մոտ 150 հոգանոց մի խումբ միացել է քրդական ԽԺԿ-ին:
Հրաժարական տված ԱԶԿ-ականների շարքում կան այնպիսի անուններ, ինչպիսիք են Ստամբուլի պատգամավոր Մուհամմեդ Չեթինը, բնապահպանության նախկին նախարար Էրդողան Բայրաքթարը, մշակույթի և զբոսաշրջության նախկին նախարար Էրթուղրուլ Գյունայը, Անկարայի պատգամավոր Հալուք Օզդալգան, Իզմիրից պատգամավոր Էրդալ Քալքանը, ներքին գործերի նախկին նախարար և Օրդուից ընտրված պատգամավոր Իդրիս Նաիմ Շահինը, նախկին ֆուտբոլիստ Ստամբուլից որպես անկախ պատգամավոր ընտրված Հաքան Շուքյուրը, Բուրդուրից ընտրված պատգամավոր Հասան Համի Յըլդըրըմը և այլք:
Այն հանգամանքը, որ հրաժարական տված ԱԶԿ-ականների զգալի մասն այս կամ այն կերպ կապված է ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենի կողմից ղեկավարվող հզոր իսլամական շարժում հանդիսացող Գյուլենական շարժման հետ, ակնհայտ է: Ստացվում է, որ հրաժարականների այս շարքն Էրդողան-Գյուլեն հակասությունների շղթայի մի մասն է կամ գոնե անմիջական կապ ունի: Փաստորեն Թուրքիայի վարչապետի կողմից ղեկավարվող կուսակցության ներսում մի շարք գործիչների համար հրաժարական ներկայացնելու պայմաններ են ստեղծվում ու այդ գործիչների զգալի մասը կապ ունի Գյուլենական շարժման հետ, անգամ դրա հետևորդն է հանդիսանում: Կարելի է եզրակացնել, որ Թուրքիայի վարչապետի իրական նպատակը կուսակցությունը գյուլենական տարրից ամբողջությամբ մաքրելն է: Կաշառակերության դեմ պայքարի օպերացիան, որի կազմակերպումը վերագրվում է Ֆեթոլլահ Գյուլենին, հանգեցրեց բազմաթիվ պաշտոնյաների, այդ թվում մի քանի նախարարների որդիների ձերբակալությանը: Ձերբակալությունների օղակը մոտեցավ ընդհուպ մինչև Էրդողանի որդուն, որին սակայն հաջողվեց խուսափել ձերբակալությունից:
Կոնկրետ մարդկանց
համար հրաժարականի պայմաններ ստեղծելը թեևս պետք է դիտարկել Էրդողանի՝ ապագայում
կոռուպցիոն նմանօրինակ սկանդալներից ապահովագրվելու միտման համատեքստում: Հաշվի
առնելով ԱԶԿ-ից հրաժրական տված թեկնածուների հոսքը դեպի այլ կուսակցություններ` պետք
է ասել, որ դրանք ինչ-որ չափով կազդեն ՏԻՄ ընտրությունների պատկերի վրա: Սակայն այս
դեպքում Թուրքիայի վարչապետը կարծես ընտրում է իր համար չարյաց փոքրագույնը՝
ընտրություններում կորցնելով մեկ-երկու տոկոս քվե, փոխարենը ևս մեկ քայլ առաջ գնալ
ապագայում Գյուլենի հնարավոր ազդեցությունները չեզոքացնելու հարցում:
Սակայն
պետք է նշել, որ այս հրաժարականների հետ կապված Գյուլենն էլ իր պլաններ ունի, այն
է՝ հնարավորինս շատ բարձրաստիճան ԱԶԿ-ականների ընդգրկելով հրաժարական տվողների
շարքերում՝ ճգաժամ ստեղծել ԱԶԿ-ական իշխանություների համար:
Ռաֆայել Սահակյան
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |