Հոդված12:34, 11 Մարտ 2014
Ղրիմի նկատմամբ Թուրքիայի ունեցած նոստալգիկ նկրտումները
Այս օրերին, երբ Ուկրաինայում շարունակվող լարվածության էպիկենտրոնը գտնվում է Ղրիմում, առավել շատանում են թերակղզու ճակատագրով մտահոգ պետությունները: Թուրքիային,
որը Ղրիմի վերաբերյալ իր նպատակներն ունի, անշուշտ պետք է դասել վերը նշված պետությունների շարքում:
Թուրքական մամուլում Ղրիմում ծավալվող
իրադարձությունների վերաբերյալ հրապարակվող բազմաթիվ հրապարակումները միտված են
այս հարցում Թուրքիայի ակտվ դերակատարության համար հող նախապատրաստելուն:
Օրերս էլ թուրքական առաջատար թերթերից մեկը ՝ «Հյուրիյեթը», անդրադարձ կատարեց Ղրիմի՝
Օսմանյան կայսրությունից Ռուսաստանին անցնելու մասին պայմանագրին` նշելով, որ եթե
Ղրիմի ինքնավար հանրապետությունը հայտարարի իր անկախության մասին, ապա կհայտնվի
Թուրքիայի ենթակայության ներքո: Իշխանամետ կեցվածքով հայտնի թերթը հիշեցնում էր,
որ պայմանագրում նշված է հատուկ կետ, որով չի նախատեսվում Ռուսական կայսրության կողմից Ղրիմը երրորդ
պետության հանձնելը կամ անկախության թույլտվություն տալը: Հակառակ պարագայում
թերակղզին պետք է կրկին վերադարձվի Օսմանյան կայսրությանը: Ըստ հոդվածագրի Թուրքիան կարող էր պահանջել
Ղրիմն, այն ժամանկ, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո այն հաձնվեց Ուկրաինային:
Եթե նույնիսկ խնդրին մոտենալու լինենք հոդվածագրի
տեսանկյունից, ապա կարող ենք ասել, որ 1991-ին Թուրքիան արդեն բաց է թողել իր
շանսը, որի իրատեսական լինելը խիստ կասկածելի էր:
Իսկ եթե հայացք գցենք ավելի վաղ անցյալ, ապա
կտեսնենք, որ այդ պայմանագիրը չեղյալ է համարվել հենց Օսմանյան Մահմուդ 2-րդ կայսրի կողմից, երբ վերջինս 1828-1829 թթ. Ռուս-թուրքական պատերազմից ամսներ
առաջ՝1827-ի հոկտեմբերի
8-ին, չեղյալ հայտարարեց մինչ այդ Ռուսական կայսրության հետ կնքած բոլոր
պայմանագրերն ու Ռուսաստանի դեմ «սրբազան պատերազմի» կոչ արեց:
Հիշենք, որ Ղրիմը Ռուսաստանին է անցել 1783 թ.-ին կնքված համաձայնագրի արդյունքում:
Ղրիմի նկատմամբ հավակնությունները ակնհայտորեն
կարելի է նեոօսմանիզմի դրսևորում համարել: Դրանք ինչ-որ առումով կարելի է
պայմանավորել նաև այն հանգամանքով, որ Ղրիմի խանությունը մի քանի հարյուրամյակ (1441-1783թթ) գտնվել է Օսմանյան կայսրության ենթակայության տակ: Ու հիմա, երբ Ղրիմի շուրջ խառը իրավիճակ
է ստեղծվել թուրքերն ուզում են «պղտոր
ջրում ձուկ որսալ»:
Սակայն ինչքանո՞վ են ռեալ Թուրքիայի հնարավորությունները 12% թաթարական փոքրամասնություն ունեցող Ղրիմի հետագա ճակատագրի որոշման հարցում: Ստեղծված իրավիճակում կարելի է ասել, որ դրանք այնքան էլ հեռու չեն զրոյից: Այդ մասին են վկայում պաշտոնական Անկարայի ավելի մեղմ արձագանքները: Իհարկե նեոօսմանիզմի ջատագով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն շտապեց հանդիպել Ղրիմի թաթարների ներկայացուցիչների հետ ու հայտարարել, որ Թուրքիան իրադարձություններից դուրս չի մնալու, և իրենք առաջինն են շտապելու նեղության մեջ հայտնված իրենց եղբայրներին (թաթարներին) օգնության: Իհարկե Թուրքիան որոշակի ազդեցություն ունի Ղրիմում`ի դեմս թաթարական փոքրամասնության, որոնք համարվում են թուրքերի էթնիկ ազգականներ և մշակութային ու կրոնական ընդհանրություններ ունեն վերջիններիս հետ: Սակայն եթե նայենք այս պահին Ղրիմում տիրող իրական իրավիճակին, ապա Դավութօղլուի հայտարարության կողքին կտեսնենք Ղրիմի ինքնավար հանրապետություն, որը պատրաստվում է մարտի 16-ին անցկացնել անկախության հանրաքվե ու որի բոլոր կարևոր ռազմական օբյեկտնեն արդեն զբաղեցրել են ռուսական ուժերը բնակչության զգալի հատվածը կազմող էթնիկ ռուսներին «պաշտպանելու նպատակով»: Այս պարագայում Թուրքիայի գործողություններն ավելի շուտ պետք է տեղավորել պրոֆեսոր Դավութօղլուի կողմից հռչակած նախաձեռնողական ու ռիթմիկ քաղաքականության շրջանակներում: Վերջին տարիներին Թուրքիայի արտաքին քաղաքականության հետագծում լուրջ հաջողություններ չեն նշմարվում: Դավութօղլուի գլխավորած գերատեսչության գրեթե բոլոր նախաձեռնությունները շոշափելի արդյունքներ չեն արձանագրում:
Նեոօսմանիզմի մեջ ամփոփված Օսմանյան կայսրության վերհուշը, Թուրքիային ուղղորդում է տարածաշրջանային զարգացումներում պրոակտիվություն ցուցաբերել: Թուրքիան առավել զգայուն է նախկին Օսմանյան կայսրության մաս կազմած երկրներում տեղի ունեցող զարգացումների հանդեպ, սակայն այդ երկրի այժմյան հնարավորությունները թույլ չեն տալիս վերջինիս կառավարել տարածաշրջանը՝ չնայած բազմաթիվ նախաձեռնություններին: Սա կարծես թե Թուրքիայում էլ են լավ հասկանում՝ հատկապես Սիրիային նկատմամբ վարած քաղաքականության անպտղությունից հետո: Սակայն դա չի նշանակում, որ Թուրքիան այսուհետև պետք է մի կողմ քաշվի ու տարածաշրջանային զարգացումներին դիտորդի դիրքերից հետևի: Թուրքական արտաքին գերատեսչությունը փորձելու է գոնե նախաձեռնությունների մակարդակով ամեն կերպ տարածաշրջանային առաջատար խաղացողի դիրքեր ապահովել: Ղրիմի հարցում էլ վերջինս նախաձեռնություններով, կոչերով, երբեմն նաև փոքր տրամաչափի քաղաքական գործիչների բերանից սպառնալիքներով հանդես կգա:
Պետք է նշել, որ արդեն մեծ ակտիվություն կա թուրքական մեդիա դաշտում: Բազմաթիվ հասարական գործիչներ ու հոդվածագրեր Ղրիմի թաթար եղբայրներին իրական օգնություն ցուցաբերելու, փողոցներ դուրս գալու, միտինգներով ու ցույցերով Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու կոչեր են անում:
Սակայն թուրքական «վերևներում» լավ են հասկանում
Ղրիմում ռուսական գործոնի անհամեմատ ավելի ուժել լինելը: Լավ են հասկանում նաև, որ
իրենք ավելի շուտ գուցե տեղավորվեն Ղրիմում Արևմուտք-Ռուսաստան շահերի բախման արդյունքում
Արևմուտքի առաջ քաշած նախագծերից մեկում, քան ունենան սեփականը:
Ռաֆայել Սահակյան
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |