Ցեղասպանություն07:36, 12 Հունիս 2014
Թուրքիան և ԱՄՆ–ը գաղտնի համաձայնել են Ապրիլի 24-ի առթիվ ուղերձներ հղելիս
Թեև զարմանալի չէ, երբ հայտնի է դառնում, որ Թուրքիան և Միացյալ Նահանգները համաձայնեցրել են իրենց պաշտոնական հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ, սակայն վերջին բացահայտումները հաստատել են նրանց ամոթալի գաղտնի ծրագրերը:
Անցյալ տարի Ավստրալիայում ունեցած իր ելույթում Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն առաջին անգամ բացահայտել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պարբերաբար խորհրդակցել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան հետ՝ Հայոց ցեղասպանության ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձի բովանդակության վերաբերյալ:
Սա հստակորեն արտացոլում է Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության աստիճանը ցեղասպանության հարցում, և նույնիսկ ավելի սոսկալին` ամերիկյան իշխանությունների լռեցնելու քաղաքականությունը պարտադրված է Թուրքիայի ժխտողական վարչակարգի կողմից ...
Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամերիկա-թուրքական գաղտնի համաձայնությունը վերջերս հաստատել է Դենիզ Քահրամանը «Այդինլիք» թուրքական թերթում` բացահայտելով, որ երկու կառավարությունները համատեղ մշակել են այն հայտարարությունը, որով 2014 թվականի ապրիլի 23-ին հանդես էր եկել Թուրքիայի վարչապետ Էրդողանը: Նա ցավակցել էր հայերին, թուրքերին և այլոց, որոնք տարբեր պատճառներով մահացել էին Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, այսպիսով, զոհված թուրք զինվորներին հավասարեցնելով Հայոց ցեղասպանության զոհերի հետ:
Հիմք ընդունելով անանուն դիվանագիտական աղբյուրները, Քահրամանն իր տեղեկության մեջ գրում է, որ Սպիտակ տունը նախօրոք լիովին տեղյակ է եղել Էրդողանի հայտարարության բովանդակությանը մինչև դրա հրապարակումը: Փաստորեն, Թուրքիայի վարչապետի տեքստը պատրաստվել է Միացյալ Նահանգների հետ միասին և վերջնական տեսք ստացել երկու երկրների պաշտոնյաների կողմից: Պարզվում է, որ նախնական տեքստը նախապատրաստվել է Թուրքիայի արտգործնախարարության կողմից, որից հետո Սպիտակ տունը որոշ փոփոխություններ է արել` այս հարցի վերաբերյալ «ամերիկյան նրբազգացության հիման վրա»: Ապրիլի 21-ին Թուրքիայի արտգործնախարարությունը վերջնական տեքստը փոխանցել է վարչապետ Էրդողանի գրասենյակ, որն էլ այն հրապարակել է ապրիլի 23-ին:
Քահրամանը նաև բացահայտել է, որ Էրդողանի հայտարարության մեջ Միացյալ Նահանգների կատարած փոփոխություններն ընդունելու դիմաց, Վաշինգտոնն առաջարկել է խափանել Հայոց ցեղասպանության ընթացիկ բանաձևը Սենատում` Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ապրիլի սկզբին դրա ընդունումից հետո:
«Այդինլիքը» հաղորդում է, որ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անցյալ տարվանից սկսած անձամբ է հետևում Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ հայկական սփյուռքի նախապատրաստական աշխատանքներին: Թուրքիան, ըստ հաղորդագրության, որոշում է իր հակաքայլերը, այդ թվում` մահաքնի մեջ գտնվող հայ-թուրքական արձանագրությունները վերակենդանացնելու համար Հայաստանի կառավարությանը համոզելու գործը, միաժամանակ ակտիվացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը ղարաբաղյան հակամարտությունը հանրային դիվանագիտության միջոցով լուծելու համար:
Ըստ «Այդինլիքի»` Անկարան ծրագրավորում է, թե ինչպես լավագույնս պայքարել հայերի դեմ, որոնք հետապնդում են իրենց պահանջները Թուրքիայից երեք առանձին ուղղություններով` «իրավական, քաղաքական և հասարակական կարծիք»: Քահրամանը հայտնում է, որ անցյալ տարվա հունիսին լուրջ քաղաքական խզում է առաջացել Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև, որից հետո Վաշինգտոնը սկսել է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս ավելի վճռական քայլեր ձեռնարկի Հայոց ցեղասպանության հարցի ուղղությամբ և կարգավորի հարաբերությունները Իսրայելի հետ: Միացյալ Նահանգներին հանգստացնելու համար Թուրքիայի վարչապետը հանդես է եկել ապրիլի 23-ի հայտարարությամբ` Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին:
«Այդինլիքը» նաև հաղորդում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը հօգուտ թուրք ժխտողական Դողու Փերինչեքի ամրապնդել է Անկարայի ազդեցությունը միջազգային շրջանակներում: Սակայն Վաշինգտոնը ցանկանում է, որ Թուրքիան ավելի զիջողական լինի Հայոց ցեղասպանության հարցում: Ահա թե ինչու Թուրքիայի և Միացյալ Նահանգների իշխանավորները կազմակերպեցին ապրիլի 23-ի Էրդողանի հայտարարությունը` նախագահ Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձից անմիջապես առաջ:
Ուստի զարմանալի չէ, որ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակին բարձր գնահատեց Էրդողանի ապրիլի 23-ի հայտարարությունը, այն ներկայացնելով որպես Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման համար ճանապարհ հարթելու դրական քայլ: Ըստ էության, պետքարտուղարությունը, անտեղյակ հանրության առաջ, գովաբանում էր իր իսկ մշակած հայտարարությունը:
Մինչ Թուրքիան և Միացյալ Նահանգները անազնիվ խաղ են խաղում` հրապարակայնորեն աջակցելով միմյանց Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութված հայտարարություններով, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն խորհրդարանում բացահայտում է գաղտնիքը` հայտարարելով, որ Էրդողանի ապրիլի 23-ի ցավակցական ուղերձը մաս էր կազմում թուրքական քարոզարշավի` խոչընդոտելու Ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչմանն ուղղված հայկական ջանքերը:
Վերջապես, բոլոր նրանց, որոնք սխալմամբ պնդում էին, թե Էրդողանի ապրիլի 23-ի ուղերձը թուրք առաջնորդի կողմից արված աննախադեպ հայտարարություն էր, ցանկանում եմ հիշեցնել, որ գրեթե 90 տարի առաջ` 1926 թվականի հունիսի 22-ին, նախագահ Քեմալ Աթաթուրքը «Լոս Անջելես էգզամիներ» թերթին տված հարցազրույցում իսկապես համարձակ հայտարարություն էր արել. «Երիտթուրքերի կուսակցության այս մնացորդները պետք է պատասխան տան մեր հպատակ մի քանի միլիոն քրիստոնյաների համար, որոնք դաժանորեն արտաքսվեցին իրենց հայրենի օջախներից և ոչնչացվեցին....»:
Հարութ Սասունյան
The California Courier պարբերականի հրատարակիչ
Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |