Հոդված12:34, 28 Հոկտեմբեր 2014
«Ավելի վատ ծագումով» գլխավոր խորհրդականը
Շահան Գանտահարյան
«Ազդակ » թերթի գլխավոր խմբագիր
Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի նշանակման լուրը բնականաբար պիտի գրավեր բազմակողմանի ուշադրություն: Առաջին հայացքից թվում է, որ «Ակոսի» նախկին խմբագրի նշանակումը կապված է հայկական կողմին ուղղված ծրագրերի հետ. ավելի մասնակի` Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ առնչված Անկարայի որդեգրած գործողությունների շարքի կարեւոր օղակի հանգամանք ունի այս քայլը: Այս տեսակետը քաղաքական տրամաբանություն է ներփակում, որի համոզման է ծառայում հենց Մահչուփյանի պնդումը, թե իր նշանակումը կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների ուղղվածության հետ եւ տեղավորվում է համընդհանուր գործունեության մեջ: Մահչուփյանի հրապարակագրաքաղաքական անցյալին անդրադառնալը իհարկե օգտակար է ձեռնարկված քայլի նկատմամբ մեկնաբանություններ կատարելու համար: Բայց նախքան այդ, պետք է փորձել ընկալել Դավութողլուի հրամցրած այս մարտավարության շարժառիթային հանգամանքները:
Նման բարձրաստիճան պաշտոնի ազգությամբ հայ հրավիրելը կարելի է ասել, որ քաղաքական որոշ համարձակություն է ենթադրում: Այս նշանակման դիմաց անպայման ակնկալելի է ներքին դժգոհության ալիքի բարձրացում: Դժգհության ալիքի մակընթացությունը կգա ոչ միայն հակաիշխանական շրջանակներից, այլ հենց իշխանության գլխի անմիջական շրջապատից: Էրդողանը գուցե բացատրություն տալու անհրաժեշտության առջեւ է իր վարչապետի կողմից կատարված այս որոշման դիմաց:
Ազգային խտրականության առումով մեծ խախտման փաստ տված Թուրքիայի այսօրվա նախագահը իր նախընտրական արշավին ծառայեցրել էր «ավելի վատը՝ նույնիսկ հայկական ծագում» իրեն վերագրելու ամբաստանությունները շահարկելով: Հիմա էթնիկական վատ պատկանելիություն ունեցողը հրավիրվում է իր նշանակած վարչապետին հիմնական խորհուրդներ տալու բարձր պաշտոնին: էրդողանի դեմ այս առիթով ծավալած փոթորիկում թեեւ Մահչուփյանը փորձել էր արդարացումներ գտնել նախագահական այդ օրերի թեկնածուի կողմից կատարված հայտարարությանը, սակայն խնդիրն այդ չէ այստեղ, որ իբրեւ ներքաղաքական հակասություն է ընդգծվում: Ավելի ճիշտ, ոչ թե հակասություն, այլ մարտավարական ընդհանուր հայեցակարգի մեջ տեղավորվող ներդաշնակման գործընթացներ:
Իշխանական կուսակցության խոսափողը նկատվող «Սաբահը» այս մասին մտածելու առիթ է տալիս, երբ Մահչուփյանի նշանակումը բացատրում է էրդողանի «ցավակացագրին» հետեւող բնական հանգրվան: Մահչուփյանի նշանակման ընթացքին ամենայն հավանականությամբ ընգրկվել են նաեւ այլ հանգամանքներ: Մահչուփյանը ընդգրկվել էր կառավարության կողմից քրդական հարցին լուծում տալու նպատակով ստեղծված «իմաստունների խորհրդի» կազմում: Որոշ շրջան թուրքական մամուլում հանդես գալով ի պաշտպանություն գյուլենական իսլամական շարժման գաղափարախոսության, Մահչուփյանը հետագայում` Էրդողան-Գյուլեն պայքարում ուղղակի զորակցեց առաջինին: Վերջին շրջանում իր անունը երեւաց Էրդողան-հակաէրդողան ներհայկական բանավեճերի ընթացքում դարձյալ ի պաշտպանություն գործող նախագահի: Այս հանգամանքները կարող են լրացուցիչ դեր կատարած լինել Դավութողլուի իրականացրած քայլի հիմնական շարժառիթին, որ հաչս միջազգային ընտանիքի փորձում է ցույց տալ հայկական կողմին ձեռք երկարելու գործողությունների շաղկապված շղթան:
Էթյեն Մահչուփյանը նկատվում էր Դինքի դավանած գաղափարախոսության անմիջական հետեւորդը: Դինքի սպանությունից հետո «Ակոսի» խմբագրի պաշտոնին իր ստանձնումը կարճ ժամանակ խոսել տվեց Հրանդ Դինքի գաղափարների շարունակականության երաշխավորի մասին: «Ակոսի» խմբագրապետությունից հրաժարումը, եթե որոշ շրջանակի համար մեկնաբանվեց «Ակոսի» կողմից նկատված շեղումների անհանդուրժողություն, այլոց կողմից նաեւ անհատապես իր՝ Մահչուփյանի ակոսական գծից դուրս գալու փաստ:Պարզ եւ միանշանակ չէ այս երկվությունից մեկին համոզվելու ընտրանքը: Մանավանդ, որ Մահչուփյանը շատ բարդ հրապարակագիր էր, որի հոդվածների բովանդակային առանցքը կառուցվել էր քաղաքագիտական փիլիսոփայության եւ այլաբանական մտածողության վրա:
Գործող իշխանությունների եւ ընդհանրապես Թուրքիայի Հանրապետության օրոք առաջին անգամն է, որ ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացին նշանակվում է նման բարձր պաշտոնի: Այն իրավականորեն այլեւս տարբեր առիթների կարող է ներկայացնել գործող իշխանություններին: Նաեւ 100-ամյակի հետ կապված տարբեր արարողություններին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Թուրքիայի նախագահը միջադեպի կապակցությամբ X հարթակում գրառում է հրապարակել՝ առանց Նասրալլահի անունը հիշատակելու։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |