Հասարակական13:24, 01 Ապրիլ 2015
Էլիֆ Աքգյուլ «Մի քայլ այս կողմում Հայաստանն է, մյուսում` Թուրքիան, ու այդ քայլն անելն արգելված է»
«Google –ում Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի թեմայով որոնում կատարելիս առատորեն գտնում ենք զինվորների, քաղաքական գործիչների, տանկերի լուսանկարներ: Այս լուսանկարները նման չեն Google-ի առաջարկածներին»,-գրում է թուրքական «bianet.org» լրատվակայքի ստամբուլյան թղթակից Էլիֆ Աքգյուլը: Նա ներկայացնում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տեսարժան վայրերի մի ուշագրավ ֆոտոշարք, որտեղ տեղ են գտել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (Խոր Վիրապ) եկեղեցու, նրան հարակից հայ-թուրքական սահմանի, Տաթևի վանական համալիրի, «Տաթևի թևեր» ճոպանուղու, Գանձասարի վանական համալիրի, «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի լուսանկարները՝ բավական մանրամասն մեկնաբանություններով:
Էլիֆ Աքգյուլը ոգևորությամբ պատմում է իրուղևորության մասին՝ ի ցույց դնելով Հայկական մշակութային արժեքների նկատմամբ իր հետաքրքրությունն ու Հայաստանում ձեռք բերած գիտելիքները: Խոր Վիրապ եկեղեցու, Գրիգոր Լուսավորչի և Հայաստանում քրիստոնության՝ որպես պետական կրոն ընդունվելու մասին համառոտ տեղեկություն տալով՝ հեղինակը գրում է. «Դեռ այսօր էլ ուխտագնացներն իջնում են Սուրբ Գրիգորի նեղ զնդանը՝ իրագործելով իրենց ուխտը: Զնդանի մուտքը շատ նեղ մի խոռոչ է՝ ցած իջնող աստիճաններով: Ես չկարողացա սեփական աչքերով տեսնել այն, քանի որ միայն խոռոչից գլուխս ներս մտցնելը բավական էր, որպեսզի արթնանար կլաուստրոֆոբիաս: Սակայն մյուսները, ինչպես երևում է, իմ չափ կարևորություն չեն տալիս տարածքի փոքրությանը»:
Աքգյուլը հիացմունքով պատմում է դեպի Արցախ ուղևորության, այդ ճանապարհին առաջինը հանդիպող Տաթև վանական համալիրի և «Տաթևի թևերի»՝ աշխարհի ամենաերկար ճոպանուղու մասին:
«Երբ հասանք ճոպանուղուն, արևն արդեն մայր էր մտնում: Ամեն ինչ մշուշի և ձյան մեջ էր: Հիասքանչ տեսարան. մեր ոտքերի տակ հոսում են ծառերն ու ժայռերը»:
Հիշեցնելով, որ Տաթևի վանական համալիրում 14-15-րդ դարերում գործել է նաև Տաթևի համալսարանը, հեղինակը հավելում է. «Ձյուների մեջ կորած՝ այն միանգամայն դյութիչ տեսք ունի»:
Դեպի Արցախ ճանապարհը թուրք լրագրողի համար լի է եղել բացահայտումներով.
«Ղարաբաղի «լեռնային» լինելը որոշակի իմաստ ունի: Անցնելով հիասքանչ տեսարաններով՝ հասնում ենք Գանձասարի վանական համալիր, որի պատմությունը սկսվում է 13-րդ դարից»,- պատմում է Աքգյուլը:
Ուղևորության վերջնակետը «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողն է:
«Ավանդական հայկական տարազով տատին ու պապին ներկայացնող կոթողը խորհրդանշում է ղարաբաղցիների կապվածությունն իրենց հողին ու մշակույթին: Միևնույն ժամանակ այն Ղարաբաղի պաշտոնական սիմվոլներից մեկն է և կառուցված է Հայաստանի նարնջագույն հրաբխային ժայռերից»:
Հեղինակը, մի կողմից հիանալով հայկական լեռնաշխարհի ձեռակերտ ու անձեռակերտ գեղեցկություններով, մյուս կողմից չի կարողանում թաքցնել իր զարմանքն ու շփոփությունը հայ-թուրքական սահմանի հայկական կողմում հայտնվելու և «ընդամենը մինչև գոտկատեղ հասնող փշոտ մետաղալարերի» պատճառով առաջ գնալ չկարողանալու կապակցությամբ:
«Դա այնքան անհեթեթ է: Մեզ բաժանողը «բնական» սահմանը չէ: Ոչ անանցանելի ջրային հոսանքներ կան մեր միջև, ոչ էլ հսկայական ժայռեր: Մի քայլ այս կողմում Հայաստանն է, մի քայլ այն կողմում՝ Թուրքիան: Եվ այդ քայլը կատարելն արգելված է»:
Հնարավորինս շրջանցելով քաղաքականն ու քաղաքականությունը՝ լրագրողը այնուամենայնիվ փոքր անդրադարձ է կատարում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի և այլ բարձրաստիճան անձանց հետ պաշտոնական հանդիպմանը:
Ընդգծելով, որ Հայաստանում և Արցախում իրենց գտնվելու նախօրյակին հայ-ադրբեջանական սահմանին նորից բախումներ ու զոհեր էին գրանցվել՝ Աքգյուլը գրում է. «Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հետ հանդիպմանը լրագրողներին ամենից շատ հետաքրքրող հարցերը հենց այդ մասին էին: Իսկ ինձ այլ բան էր հետաքրքրում: Հատկապես Թուրքիայից եկած լինելուս պատճառով լավ գիտեի, որ ղարաբաղյան պատերազմը դեռ չսպիացած վերք է թողել և հայերի, և ադրբեջանցիների, և թուրքերի սրտում: Ինձ հետաքրքիր էր, թե այդ պատերազմը ինչ գին է ունեցել Ղարաբաղի ժողովրդի համար»:
Սակայն լրագրողը չի հասցրել իր հարցը տալ, երբ հնչել էին նախարար Հակոբյանը հետևյալ խոսքերը. «Ծննդատանը նոր լույս աշխարհ եկած մանուկն անգամ Ղարաբաղի զինվոր է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Դիարբեքիր նահանգի մի շարք հասցեներում խուզարկություններ է իրականացվել: Ձերբակալվածներին տեղափոխել են ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունք:
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |