Ցեղասպանություն09:11, 11 Ապրիլ 2015
ԵԽ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը իրարանցում է առաջացրել Թուրքիայում

Ապրիլի 15-ին Եվրախորհրդարանում (ԵԽ) քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև: Ըստ թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի կայքի՝ ԵԽ-ի բոլոր քաղաքական խմբակցությունների կողմից համատեղ ներկայացված բանաձևում լինելու են դրույթներ, որոնք կարող են անհանգստացնել Թուրքիային: Աղբյուրի համաձայն՝ մինչև օրս Անկարան բանաձևի ընդունումը կանխելու ուղղությամբ դիվանագիտական քայլեր է կատարել, սակայն դրանք որևէ արդյունք չեն տվել:
«Հյուրիյեթը» գրում է, որ Հայոց ցեղասպանության թեման երկար ժամանակ ԵԽ-ում իրավական հիմքերի վրա չէր դրվում, սակայն այժմ՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ թեման արդեն այլ ձևաչափի մեջ է դիտարկվում, և շնորհիվ հայկական սփյուռքի տևական ու հետևողական ջանքերի՝ նոր բանաձևում հայկական կողմին բավարարող դրույթներ են ներառվելու:
Նոր բանաձևը լինելու է առավելապես «քաղաքական ձևաչափի» մեջ: Այն աջակցելու է Հայաստանին և կոչ է անելու Թուրքիային առերեսվել անցյալի հետ ու ճանաչել ցեղասպանությունը՝ կատարվածի պատասխանատվությունը գցելով Թուրքիայի վրա:
«Իսկ հատկապես Ցեղասպանության ճանաչման խնդիրը Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու գործընթացի հետ կապելը կազդի նաև Բրյուսել –Անկարա փոխհարաբերությունների վրա», - գրում է «Հյուրիյեթը»:
Նշվում է նաև, որ Թուրքիայի ջանքերի շնորհիվ որոշման նախնական տարբերակներում կարող են շեշտվել «դեպքերի՝ Օսմանյան կայսրությունում տեղի ունենալու» հանգամանքը և «խնդիրը պատմաբաններին թողնելու» առաջարկը, սակայն փոքր է հավանականությունը, որ այդ արտահայտությունները կպահպանվեն վերջնական տեքստում:
Անցյալ շաբաթ թուրքական մի պատվիրակություն, որի կազմում ընդգրկված էին թուրքական իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ- AKP) պատգամավորներ Աֆիֆ Դեմիրքըրանը, Սեյիթ Սերթչելիքը , ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ - CHP) պատգամավոր Ֆարուք Լողօղլուն և ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ –MHP) պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն, Բրյուսելում որոշակի պաշտոնական հանդիպումներ է ունեցել Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ: Պատվիրակության անդամները հատկապես ընդգծել են Թուրքիայի պաշտոնական մոտեցումը, այն է՝ «խորհրդարանների ընդունած որոշումները չեն կարող դատարանների որոշումներին համարժեք ուժ ունենալ»: Նմանատիպ մի պատվիրակություն էլ նույն նպատակով Թուրքիայից Բրյուսել կմեկնի առաջիկա օրերին: Սակայն, ինչպես հենց «Հյուրիյեթն» է վկայում, ԵԽ-ում տիրում է այն մոտեցումը, որ «վերջին պահին ձեռնարկված քայլերը որևէ փոփոխություն չեն կարող առաջացնել»:
Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը քվեարկության կդրվի ապրիլի 15-ին:
Հիշեցնենք, որ Եվրախորհուրդը Հայոց ցեղասպանությունը ճանաչող մի որոշում ընդունել է դեռևս 1987 թ: Իսկ մի քանի շաբաթ առաջ հրապարակված հայտարարությամբ ԵԽ-ն ԵՄ անդամ երկրներին կոչ արեց «ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ջանքեր գործադրել՝ ցեղասպանության ճանաչման ուղղությամբ»: ԵՄ անդամ 28 երկրներից 11-ն արդեն պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |