Հարցազրույց13:20, 14 Ապրիլ 2015
«Հայոց ցեղասպանություն. կոտրելով լռությունը». Գերմանիայում աննախադեպ պատարագ է սպասվում
Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Aysor.am-ը ներկայացնում է հատուկ նախագիծ, որի շրջանակներում անդրադարձ է կատարվելու այս օրերին իրականացվող մշակութային, գիտական, հասարակական նախագծերին:
Այսօր զրուցակիցը թուրքագետ, լրագրող, գերմանական «Tageszeitung» օրաթերթի թղթակից Տիգրան Պետրոսյանն է:
- Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիայի քաղաքական դաշտում ի՞նչ փոփոխություններ կարելի է սպասել 100-ամյակին ընդառաջ:
- Ապրիլի 24-ին Գերմանիայի խորհրդարանում` Բունդեսթագում, նախատեսվում է շուրջ 65 րոպե տևողությամբ քննարկում՝ Ցեղասպանության վերաբերյալ նոր նախագծի շուրջ: Ձախերի խոհրդարանական խմբակցությունն առաջարկում է նոր բանաձև ընդունել` օգտագործելով Ցեղասպանություն բառը: Կանաչները ևս կողմ են այս նախաձեռնությանը: Իշխող կոալիցիայի (ՔԴՄ/ՔՍՄ և Սոցիալ Դեմոկրատներ) մեջ կան մի շարք պատգամավորներ, ովքեր ևս կառավարությունից պահանջում են հստակ դիրքորոշում` 1915 թ.-ի կոտորածները Ցեղասպանություն որակելով: Այս հարցում, կարծես թե, գերմանական մամուլը շտապել է կրքերը հանգստացնել: Մասնավորապես Tagesspiegel օրաթերթը գրել է, որ խորհրդարանական կոալիցիայի և ԱԳՆ-ի ճնշմամբ Ցեղասպանություն բառը նախագծից պետք է որ դուրս մնա:
Մյուս կողմից, կարծես թե, կա Գերմանիայի նախագահի կամքը` իրերն անվանել իրենց անուններով: Ապրիլի 23-ին Բեռլինի տաճարում Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին: Սա աննախադեպ է Գերմանիայի պատմության մեջ, երբ երկրի նախագահը առհասարակ մասնակցելու է նման արարողակարգի:
- Այս օրերին Բեռլինում են հայ և թուրք լրագրողները: Հանդիպումներն ընթանում են Ձեր թերթի խմբագրության հարկի տակ: Ինչ՞ կոնկրետ արդյունքներ եք ակնկալում:
- 15 լրագրողներ՝ Թուրքիայից և Հայաստանից, այդ թվում Aysor.am-ի լրագրողը, Բեռլինում ծանոթանում են Գերմանիայի անցյալին ու ներկային, Հոլոքոստի պատմությանը, հանդիպումներ ունենում Բունդեսթագում և ԱԳՆ-ում: Լրագրողները ծրագրի վերջում գերմանական օրաթերթում հրատարակելու են իրենց հոդվածները՝ Հայոց ցեղասպանության թեմայով: Ուշագրավ է, որ մենք լրագրողներ ենք ընդգրեկել նաև Լեռնային Ղարաբաղից: Շնորհիվ Tageszeitung-ի արտաքին քաղաքականության հարցերով խմբագիր Բարբարա Օերթելի՝ մենք ունենք այսօր նման ծրագիր:
- Ինչպե՞ս եք գնահատում հայկական համայնքների դերը Ցեղասպանության ճանաչման գործում:
- Գերմանիայի գրեթե բոլոր քաղաքներում, որտեղ հայեր են ապրում, կազմակերպվում են Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված տարաբնույթ միջոցառումներ: Ինչ խոսք, ճանաչման գործընթացին նպաստող ցանկացած ներդրում պետք է գնահատել: Սակայն արդյունքն առավել տեսանելի կլինի, եթե տարվող աշխատանքները կենտրոնացվեն: Ցավոք, հայկական համայնքերը միասնական չեն: Եվ սա բացառություն չէ Գերմանիայի դեպքում: Իհարկե, ողջունելի է, երբ հայկական կազմակերպություններն ավելանում են, բայց մյուս կողմից պառակտումն առավել ակնառու է դառնում: Միայն Բեռլինում գրեթե ամեն օր Ցեղասպանության թեմայով միջոցառումներ են կազմակերպվում, սակայն համախմբած ցույցի դուրս գալն, օրինակ, շատերն իրենց հարիր չեն համարում: «Ես իմ Կոմիտասը կլսեմ իմ համայնքում» կարգախոսը ցավոք հաճախ կարելի է լսել: Հայերը, կարծես, ավելի շատ սիրում են մոմավառության գնալ, քան փողոցում ցույցի:
Վերջին ամիսներին ակտիվ աշխատանքներ է տանում ՀՀ դեսպանությունը Գերմանիայում` փորձելով համագործակցության եզրեր ստեղծել կառույցների միջև: Փետրվարին մեծ արձագանք գտավ Բեռլինի խորհրդարանի շենքում տեղի ունեցած միջոցառումը, որը կազմակերպել էր դեսպանությունը Բեռլինի հայ համայնքի հետ համատեղ: Սա, կարծես թե, նոր միտում է դառնում, երբ դեսպանությունը որպես հրավիրող կողմ է հանդես գալիս:
- Արդյոք Ցեղասպանության թեման դո՞ւրս է եկել հայկական շրջանակներից, և ինչպիսի՞ն է գերմանացիների ներգրավածությունը ճանաչման գործում:
- Անշուշտ, միայն հայկական գործոնով չէ, որ պետք է պայմանավորել հաջողության գրավականը: Ցեղասպանության ճանաչման և առհասարակ թեմայի ճանաչողության հարցում բավականին մեծ աշախատանքներ են տարվում: Մաքսիմ Գորկու թատրոնը Բեռլինում իր` հայկական թեմատիկայի խաղացանկով լեցուն է պահում դահլիճները: Գերմանիայի պատմության թանգարանը, Պոտսդամում Լեպսիուսի տունը և մի շարք այլ հաստատություններ Ցեղասպանության թեմայով կազմակերպում են միջազգային գիատաժողովներ:
Մեծ ջանքեր է գործադրում Ցեղասպանության ճանաչման հանձնախումբը, հանձինս դրա ղեկավար Թեսսա Հոֆմաննի, ով կարողանում է միավորել հայերին, թուրքերին, քրդերին, հույներին ու ասորիներին` հանուն մեկ նպատակի` ընդդեմ ցեղասպանության: Այս կառույցի միջոցառումները, թերևս, ավելի համարձակ կարելի է գնահատել: Օրինակ, ուշագրավ է արդեն ավանդույթ դարձած ցույցը Բեռլինի ամենամեծ` Շեհիթլիք մզկիթի առաջ: Տեղը պատահական չէ ընտրված. թուրքական այս մզկիթի բակի գերազամանատանն են թաղված Ցեղասպանության կազմակերպիչներից Բեահեդդին Շաքիրն ու Ջեմալ Ազմին:
- Գերմանիայում առավել խոսվում է Հայոց ցեղասպանության հարցում գերմանական պատասխանատվության մասին: Արդյոք սա նո՞ր բանավեճի սկիզբ կարելի է համարել:
- Ես կասեի` ճանաչողության նոր սկիզբ: Դեռևս 2005-ին Բունդեսթագի բանաձևի մեջ նշվում է Գերմանիայի պատասխանատվության մասին: Սա նորություն չէ, ուղղակի սրա մասին առավել շատ է խոսվում այսօր: Այս թեմայով լուսաբանումները հաճախակի են դարձել գերմանական լրատվամիջոցներում: Վերջերս լույս է տեսել գերմանացի լրագրող, հեղինակ Յուրգեն Գոթշլիխի գիրքը «Աջակցություն Ցեղասպանությանը. Գերմանիայի դերը հայերի ոչնչացման գործում»: Այս փաստը ևս մեկ կարևոր առանձնահատկություն է Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացում:
Նախագիծը պատրաստվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի աջակցությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |