Հարցազրույց10:55, 10 Հունիս 2015
Գարո Փայլան. «Պայքարելու եմ ժխտողական քաղաքականության դեմ ու հայերի խնդիրների լուծման համար (հարցազրույց)
Հունիսի 7-ին Թուրքիայում անցկացվեցին 25-րդ գումարման խորհրդարանի ընտրությունները: Տարբեր կուսակցությունների կողմից առաջադրված ազգությամբ հայ 5 թեկնածուներից 3-ը հաղթահարեցին անցողիկ շեմը: Նրանցից մեկը և թերևս հայկական համայնքի կողմից ամենասիրված թեկնածուն ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) քրդամետ կուսակցության կողմից առաջադրված Գարո Փայլանն է:
Փայլանին անձնապես ծանոթ և նրա գործունեությանը քաջատեղյակ Ermenihaber.am-ի թղթակից Աստղիկ Իգիթյանը նրա հետ զրույցում փորձել է պարզել հետընտրական իրավիճակը: Պատգամավոր ընտրվելուց հետո առաջին անգամ հայաստանյան լսարանի համար իրադրությունը մեկնաբանող Փայլանը պատմում է իր նախկին գործունեության, ապագա ծրագրերի մասին ու ներկայացնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման իր բանաձևը:
Հարցազրույցը ներկայացված է ստորև.
- Նախկինում ավելի շատ կրթական հարցերով էիր զբաղվում, քաղաքականությամբ հետաքրքրված չէիր , ինչպե՞ս եղավ թեկնածության առաջակը :
-Իրականում Թուրքիայում «հայ եմ» ասելն արդեն իսկ քաղաքական մի բան է: Եթե հայերով հետաքրքրված ես, սեփական ինքնությամբ հետաքրքրված ես, նշանակում է քաղաքականությամբ էլ ես հետաքրքրված: Երիտասարդ տարիներից սկսած հայկական կազմակերպություններում եմ աշխատել, այնուհետև հայկական դպրոցի տնօրեն եմ եղել: Եվ բոլոր աշխատանքներս հայկական համայնքի խնդիրներով են եղել: Բացի այդ Հրանտ Դինքի սպանությունը մեզ շատ քաղաքականացրեց: Մինչև այդ ողբերգական իրադարձությունը ես դպրոցի տնօրեն էի, և միաժամանակ՝ գործարար: Սակայն Դինքի սպանության օրն ինձ համար դարձավ բեկումնային օր, երբ հասկացա, որ այս երկրում փող վաստակելս չէ, որ կարևոր է: Հասկացա, որ ինչ-որ բան պետք է փոխել և կյանքս նվիրեցի Հրանտ Դինքի սպանության մեղավորներին գտնելու պայքարին ու միևնույն ժամանակ հայ աշակերտների խնդիրների բարձրացմանը: Այնուհետև 2011 թվականին սոցակտիվիստական խմբերի հետ հիմնեցինք Ժողովուրդների դեմոկրատական Կոնգրեսը: Իսկ 2013-ին մեր կուսակցությունը հիմնեցինք:
- Եթե այլ կուսակցությունից ստանայիր առաջադրվելու առաջարկ, կընդունեի՞ր:
-Ոչ , չէի ընդունի: Ինձ համար կարևոր է կյանքի բոլոր բնագավառներում հավասարությունը: Իսկ մյուս կուսակցությունները ժողովրդավարությանը վերաբերող հարցերում «բայց»-եր ունեն: Նրանք չեն հավատում հավասարոթյանը և իրենց կուսակցություններում գերիշխողը մեկ ինքնություն է: Իսկ մեր կուսակցությունում հավասարություն կա ՝ առանց «բայցեր»-ի: Իմ կուսակցության մեջ ինձ որպես հայ օտարացված չեմ զգում:
- Ինչպես գիտես, ԱԶԿ-ում և ԺՀԿ-ում էլ հայ պատգամավորներ կան: Պատգամավորական գործունեությանդ մեջ պատրա՞ստ ես նրանց հետ համագործակցել, թեկուզ հայերին վերաբերող հարցերում:
- Սելինան շատ մոտ ընկերս է: (Սելինա Օզուզուն Դողանը «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» ընտրված հայ պատգամավոր է - Ա. Ի.) Կարծում եմ, որ նրա հետ անցնելիք ճանապարհ ունենք: Իսկ Մարգարի (Մարգար Եսայանը իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցութունից» ընտրված հայ պատգամավոր է - Ա.Ի.) հետ ժամանակին գաղափարակիցներ ենք եղել, նույնիսկ Էրդողանի դեմ համատեղ հռչակագրեր ենք հեղինակել: Սակայն Մարգարի վերջին 3 տարվա գործունեությանը եթե նայենք, իշխանություններին գովաբանող լեզվով է խոսում: Իսկ դրան ես երբեք չեմ կարող մասնակցել: Եթե նա կարողանա ձերբազատվել այդ գործունեությունից, կհամագործակցենք, իսկ եթե չէ, Մարգարի հայ լինելը ոչ մի նշանակություն չունի: Ինձ համար ազգությամբ ոչ հայ ուրիշ մարդիկ Մարգարից շատ ավելի կարևոր կարող են լինեն: Օրինակ՝ ունեմ մեծ թվով կուսակցիներ, որոնք հայեր չեն, բայց հայերին վերաբերող հարցերում Մարգարից 1000 անգամ ավելի սրտացավ են:
- Ի՞նչ է նշանակում քեզ համար լինել հայ պատգամավոր Թուրքիայի խորհրդարանում: Հայկական խնդիրներով զբաղվելու պատասխանատվություն զգու՞մ ես:
- Անկասկած զգում եմ: Մի շարք խնդիրներ ունենք: Անցյալի հետ առերեսվելու, Հրանտի, Սևակի, ցեղասպանության խնդիրներ ունենք: Մշակութային մեծ կորուստ ունենք, որն առ այսօր փոխհատուցված չէ: Սակայն ես այսպես եմ մտածում. եթե այս բոլոր խնդիրների լուծման համար մենք հայերս միայնակ պայքարենք, հաջողության չենք հասնի: Մեր կուսակցության սկզբունքներից է, որ այս խնդիրների համար պայքարենք այլ ազգերի հետ միասնաբար: Բայց, բնականաբար, ես անձնապես իմ պայքարը կտանեմ: Ժխտողական քաղաքականության դեմ պայքարողներից մեկը կլինեմ, մեր համայնքին վերաբերող խնդիրների լուծման համար կպայքարեմ, անկախ այն բանից դրանք կլինեն պարտիարքարանի, դպրոցների թե հիմնադրամների խնդիրները:
- Թվարկածդ խնդիրները վերաբերում են հայ համայնքին, իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում պատրաստվու՞մ ես ինչ-որ քայլեր անել:
-Իհարկե: Բայց այս հարցում ինձ համար կարևոր մի բան կա: Հայոց ցեղասպանությունը այստեղ է եղել, բայց հաճախ դիտվում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում: Ցեղասպանությունը այստեղ է տեղի ունեցել ու առերեսումն էլ այստեղ պետք է լինի: Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կազմում են այս հարցի ընդամենը մի մաս, բայց ոչ՝ հիմքը: Ես կարծում եմ, որ քանի դեռ հանրության մեջ առերեսումը չի հասունացել, արձանագրություններն իմաստ ունենալ չեն կարող:
- Այսինքն հարաբերությունների կարգավորումը կապում ես ցեղասպանության ճանաչման հե՞տ: Ինչպես գիտես, ՀՀ նախագահն առաջարկել էր առանց նախապայմանների բացել սահմանները:
-Այո, գիտեմ ու այդ տեսակետը չեմ ընդունում: Նախևառաջ պետք է Թուրքիայում ցեղասպանության հանցանքը գիտակցվի, հայկական ինքնությունը կարգավորվի և Հայաստանի նկատմամբ թշնամանքը վերանա: Անշուշտ, ես հարգում եմ Հայաստանի և սփյուռքի մղած պայքարը: Բայց կոչ եմ հղում բոլորին, բոլոր հայկական կուսակցություններին, այդ թվում ՝ դաշնակցականներին, եկեք այդ պայքարը այստեղ մղենք: Թուրքիա եկած ամեն մի հայ ունենում է իր ներգործությունը:
- ԺԴԿ-ի հաղթանակը սպասելի° էր քեզ համար:
Սպասելի էր: Թուրք հասարակությունը փոխվելու գործընթացում է: Մի խոսք կա՝ գիշերվա ամենամութ կետը, դա առավոտվա ու արևին ամենամոտ պահն է: Իսկապես գիշերվա ամենամութ կետում էինք և լուսավոր առավոտ մտանք:
Հ.Գ. Սոցհարցումների համաձայն` ԺԴԿ-ն ստացել է հայ համայնքի ձայների 80 տոկոսը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ի՞նչ է հայտնի հարձակման վերաբերյալ, ինչու՞ հիմա և ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը։ Ermenihaber.am-ը զրուցել է թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |