Քաղաքական13:46, 28 Օգոստոս 2015
Թուրքագետ. Քրդամետ կուսակցությունը արտահերթ ընտրություններում նույնպես կհաղթահարի անցողիկ շեմը

Թուրքիայում հանրապետության պատմության մեջ առաջին անգամ մեկ տարվա մեջ 2-րդ խորհրդարանական ընտրությունը կանցկացվի: 2015 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած առաջին ընտրությունների արդյունքում ընտրական շեմը հաղթահարեց 4 կուսակցություն՝ իշխող «Արդարություն և զարգացում» ( ԱԶԿ՝ 40.8 տոկոս-258 տեղ), գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանարապետական» (ԺՀԿ՝ 24.9տոկոս-132 տեղ), «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» (ԱՇԿ՝ 16.2տոկոս-80 տեղ) և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ՝ 13.1 տոկոս-80 տեղ) կուսակցությունները: Նրանցից ոչ մեկը մեջլիսում մեծամասնություն չկազմեց, որը թույլ կտար միանձնյա կառավարություն կազմել: Խորհրդարանում բացարձակ մեծամասնություն լինելու համար անհրաժեշտ է 550 պատգամավորից բաղկացած մեջլիսում ներկայացված լինել 276 պատգամավորով (50 տոկոս+1):
12 տարվա մեջ առաջին անգամ Թուրքիայում պետք է ձևավորվեր կոալիցիոն կառավարություն: Սակայն վարչապետ և իշխող կուսկացության նախագահ Ահմեթ Դավութօղլուն նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանից կառավարություն կազմելու պարտականությունը ստանձնելուց հետո, սահմանադրությամբ հաստատված 45-օրյա ժամկետում չկարողացավ հաջողության հասնել: Քրդամետ ԺԴԿ-ն ընտրությունների հաջորդ օրն իսկ հայտարարեց, որ չի պատրաստվում ԱԶԿ-ի հետ մի կառավարության մեջ լինել, կամ որևէ այլ կերպ աջակցել: ԺՀԿ-ն և ԱՇԿ-ն ԱԶԿ-ի հետ կոալիցիա կազմելու առաջ քաշեցին մի շարք պայմաններ, որոնցից մեկն էլ վերաբերում էր սահմանադրությանը:
Թուրքիայում տիրող ներքաղաքական ներկայիս վիճակի և արտահերթ ընտրությունների մասին Panorama.am-ը զրուցեց թուրքագետ Անահիտ Վեզիրյանի հետ:
Ըստ թուրքագետի` Թուրքիայի ներկայիս իշխող կուսակցությունը մի քանի տարի է ինչ պատրաստվում է սահմանադրության փոփոխության, որի առանցքային կետերից մեկն էլ վերաբերում է կառավարման համակարգի փոփոխմանը՝ խորհդարանականից անցում նախագահական կառավարման համակարգին: Այս կոնտեքստում ուշագրավ է ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ԺՀԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարությունը, թե ԱԶԿ-ի ձախողումը ժողովրդի պատասխանն է սահմանադրական բարեփոխումներին՝ ակնարկելով, որ այսպիսի պայմաններում, երբ ԱԶԿ-ն կորցրել է իր ընտրազանգվածի մի մասին, Էրդողանն այլևս չի կարող իր համար ցանկալի բարեփոխումներն անցկացնել:
«Թուրքիայում նոր խորհրդարան կընտրեն նոյեմբերի 1-ին: Հետևաբար, ԱԶԿ-ն ունի մեկ ամսից մի քիչ ավելի ժամանակ «ազատվելու» քրդամետ կուսակցությունից, որն էլ հենց Էրդողանի ծրագրերի ձախողման հիմնական «մեղավորն է» (Այս ընտրություններում քրդական կուսակցությունն արդյունքն ավելացրել է այնքան, որքան նախորդի համեմատ կորցրել է ԱԶԿ-ն): Իշխող կուսակցությունը ԺԴԿ-ին և նրա առաջնորդներին սկսել էր վարկաբեկել դեռևս կոալիցիոն կառավարության ձևավորման բանակցային փուլում, որը «համընկավ» «Քուրդիստանի բանվորական» կուսակցության զինյալների հետ բախումներին: Քրդերի ակտիվացումը իշխող կուսակցության և իշխանական լրատվական դաշտի կողմից սկսվեց կիրառվել քրդամետ կուսակցությանը սևացնելու համար, անգամ երբեմն ԺԴԿ-ին նույնականացում էին ՔԲԿ-ի հետ»,-նշեց Անահիտ Վեզիրյանը:
Թուրքագետի կանխատեսմամբ` քրդական կուսակցությունն առաջիկա ընտրություններում կհաղթահարի ընտրական 10 տոկոսի շեմը:
«Նախևառաջ ԺԴԿ-ն այլընտրանք է մյուս երեք կուսակցություններին, որոնք բոլորն էլ այս կամ այն չափով ազգայնական են: Ի հակադրության նրանց ԺԴԿ-ն ներկայացվում է որպես հակաազգայնական կուսակցություն: Այն իրեն հռչակել է Թուրքիայում ապրող բոլոր ժողովուրդների և կրոնների ներկայացուցիչների հատկապես բոլոր ճնշվածների (ազգային, կրոնական փոքրամասնություններ, ԼԳԲՏ համայնք) կուսակցություն: Այս կուսակցության աննախադեպ հաջողությունը պայմանվորված է հենց այս հանգամանքով: Այն կարողացավ իր կողմը գրավել ոչ միայն քրդերին, այլև Թուրքիայի հասարակության տարբերի շերտերին: Այս պահի դրությամբ Թուրքիայում չկա մեկ այլ կայացած կուսակցություն, որ կարող է հավակնել ԺԴԿ-ի ընտրազանգվածին:
Իսկ իշխանությունների կողմից ԺԴԿ-ին վարկաբեկելու, նրա դեմ ուղղված քայլերը (ըստ ընդդիմադիր, մասնավորապես գյուլեննակաների մամուլի՝ իշխանությունները հնարավոր է ԺԴԿ համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին արգելեն քաղաքականությամբ զբաղվել) կարող է հակադարձ էֆեկտը ունենալ:
Քրդամետ կուսակցության դեմ իշխանությունների այս մարտավարությունը ոչ այդքան կարող է անդրադառնալ ԺԴԿ-ի, որքան ԺՀԿ-ի և հատկապես ԱՇԿ-ի վրա: Բանն այն է, որ իշխանական ԱԶԿ-ն քրդերի դեմ սկսած այս բախումներն օգտագործելով փորձում է իր կողմը գրավել ոչ միայն քրդամետ ԺԴԿ-ի ընտրողներին՝ նրանց մոտ հիասթափության առաջացնելով, այլև ազգայնական տարրերին»-ասաց նա:
Վերջում թուրքագետը հավելեց, այն, որ ԺԴԿ-ն կհաղթահարի ընտրական շեմը, վկայում են նոր ընտրությունների հավանական արդյունքների վերաբերյալ արված սոցհարցումները: Վիճակագրական 3 տարբեր ընկերությունների կողմից կազմակերպված սոցհարցումների արդյունքները բավականին մոտ են միմյանց և մի փոքր տարբերությամբ համընկնում են վերջին ընտրության ընդհանուր պատկերին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպման օրակարգում են լինելու տարածաշրջանային և միջազգային զարգացուները, ինչպես նաև Թուրքիա-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունները:

Հանդիպումը տեղի է ունեցել Ռամադանի տոնի առթիվ:

Արմին Լաշետը նշել է, որ արտաքին քաղաքականությունը պետք է ուշադիր գնահատվի, քանի որ մի շարք հարցերում կա Թուրքիայի կարիքը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |